հարթեր են ցած կողմին վրա որձաքարե հաստատուն պատեր շինելով, իսկ հանդիպած ապառաժները մինչև չորս մետր լայնությամբ ճեղքեր անցեր են։
Բերդեն իջնող այu ճանապարհը լեռան հյուսիսային լանջին վրա մինչև ութը մետր կլայննա և կհասնի ուղիղ Կամսարականի եկեղեցիին արևմտյան դռան առջև, ուր կճյուղավորվի զանազան ուղղությամբ: Եկեղեցիին հարավային կողմը գտնված հին գերեզմանատան մեջ տապանաքարերու վրա եղած արձանագրություններե կտեսնվի, որ 10-րդ դարուն թե բերդը և թե ճանապարհը անգործածելի եղած են, որովհետև գերեզմանատունը շինված է ճանապարհին վրա։
Վերին աստիճան ուշագրավ են որձաքարի մեջ փորված հին քարայրներ։ Առանց սոսկումի մարդ չէ կարող նայել Բագարանի մեջ գտնվող քարայրի վրա։ Վերեն վար ուղղահայաց կերպով կտրված բարձր լեռան մը կուրծքին, առնվազն 80 մետր բարձրությամբ քարայրեն վեր ալ կա նաև մոտ 50 մետր բարձրություն։ Ամեն կողմե անմատչելի է այս քարայրը, բացի միակ ձեռագործ նեղ ճանապարհե մը, որն որ հատկապես փորված է լեռան կուրծքին։ Քիչ մարդու գործ է առանց գլխի պտույտի անցնիլ այդ սոսկատեսիլ անդունդի վրայեն, որուն ահավորությունը կբազմապատկվի Ախուրյանի ֆշֆշոցներու արձագանքներովը։
Այս տեսակ անմատչելի քարայրներու շինությունը սովորական կերևի Հայաստանի մեջ, թերևս իբրև ապաստարան քաղաքական փոթորիկներու ժամանակ։ Խորենացին կնկարագրե Մանանաղի գավառին մեջ ուրիշ քարայր մը, որուն մեջ ապաստաներ էին Արշակի գանձերը փախցնողներ[1]: Հետապնդողներն ստիպվեր են երկաթե կապերով շինված ամուր սնտուկներու մեջ մարդիկ նստեցնել և չվանով վերեն վար կախել, բայց կրկին չեն հաջողեր քարայրին մոտենալ։
Իր բոլոր կատարելություններով հայ գեղարվեստի թագուհին է Գառնիի մեջ Տրդատա թախտ ըսված շենքը։
Ինչ որ ըլլա այս շենքը, թախտ, հովանոց կամ մեհյան, լիովին կարդարացնե անոր Տրդատի վերագրվելու ժողովրդային ավանդությունը։ Հռոմի մեջ դաստիարակություն ստացող Տրդատը միայն կարող էր այս ճաշակը ունենալ և անոր ոճը ընդհանրացնելու ձգտիլ Հայաստանի մեջ։
Հռոմեական արվեստի զորեղ ներգործության տակ կազմված է իր ընդհանուր գծերուն մեջ, սակայն երբ մանրամասնությանց կմտնենք, կտեսնենք, որ տեղական ճաշակն ալ ոչ նվազ դեր կատարեր է։
Շատ պարզ է, որ հռոմայեցի ճարտարապետ չկար անոր վրա հսկող, եթե ոչ չէին պատահեր այնպիսի սխալներ, որոնք հռոմեական արվեստին մեջ հաստատուն ընդհանուր օրենքի տակ դրված էին, այդ կանոններու մանրամասնությանց անծանոթ հայ ճարտարապետը միայն կարող էր moulure-ներու դասավորությանց մեջ շեղվիլ ընդհանուր օրենքեն։ Ես կկարծեմ, որ Տրդատի հիշողություններն են, որ ղեկավարեր են շենքին ընդհանուր ճարտարապետությունը, ան ներշնչեր է հայ ճարտարապետին այնքան բան, որչափ որ իբրև ոչ մասնագետ միտքը պահած էր Հռոմի մեջ. մնացածը թողեր է տեղական ճարտարապետի ճաշակին։
Երբ քանդակներու մասերը առանձին քննենք, մեծ մասամբ հռոմեական արվեստին օտար կգտնենք, և ինչ մասեր որ Հռոմի արվեստին կպատկանին, անոնք ալ թե համաչափություններով և թե քանդակագործական ոճով դարձյալ տեղական ոճին ենթարկված բռնի նմանություններ են։
Ընդհանուր առմամբ պետք է ըսենք, որ Տրդատա թախտը իր հռոմեական ճարտարապետության մեծ խառնուրդով բացառություն է հայկական ոճի դարավոր ուղղություններու մեջ։ Որչափ որ Տրդատ ցանկացեր է հայ ճարտարապետության մեջ հեղաշրջում մը հառաջ բերել, սակայն բոլորովին չէ հաջողեր։ Հայեր չեն համակրեր բոլորովին այդ ոճին, գտեր և ընդուներ են այն մասերը, որոնք իրենց հաճելի երևցեր են. 5-րդ և 6-րդ դարերու հիշատակարաններու վրա Տրդատա թախտը հիշեցնող հազիվ քանի մը ձևեր կտեսնենք։
Իմ կատարած հետազոտություններես եզրակացուցեր եմ, որ հայոց քրիստոնեական ճարտարապետությունը, սկսած 4-րդ և 5-րդ դարերեն մինչև վերջին անկումը 15-րդ դար, չորս տեսակ վերածնություններե անցեր է, որոնց առաջինին կպատկանին Էջմիածնի կաթուղիկեն և Տեկորի եկեղեցին նախքան Սահակ Կամսարականի վերանորոգություն կատարելը։
Վերածնության առաջին շրջանը, որ տևած է 4-րդ դարեն մինչև 7-րդ դար, հայտնի նշաններ ցույց կուտա, որ ենթարկված է հռոմեական ճարտարապետության զարդաքանդակներու և moulure-ներու քանի մը ձևերու մեջ:
Էջմիածնի կաթուղիկեն տակավին պահած է modilon-ներով զարդարված corniche մը, բայց մյուս մասերուն մեջ, անընդհատ նորոգություններու պատճառավ հինեն գրեթե բան չէ մնացեր, որպեսզի կարելի ըլլար ճշտիվ հասկնալ, թե ի՞նչ չափով և ի՞նչ ներդաշնակությամբ պատվաստված էր հռոմեականը հայ ոճին հետ։
Տեկորի եկեղեցին ալ թեև հաճախ ենթարկվեր է փոփոխություններու, բայց շատ բնորոշ կերպով պահած է հայ և հռոմեական ճարտարապետության ներդաշնակ խառնուրդը։
Հռոմեական արվեստի ներգործությունը մատնանշող գլխավոր մասերը Տեկորի եկեղեցիին վրա՝ արևելյան և արևմտյան մեծ fronton-ներն ու շենքը շրջապատող որմնասյուներու լայնությանը և բարձրությանը համաչափություններն են։ Որմնասյուները օտար համաչափությունը պահելով հանդերձ, խոյակներ և խարիսխներ բոլորովին տարբեր կերպարանք ստացած են իրենց անօրինակ քանդակներով։ Քանի մը խոյակներ կան թեև հունականի հետևողության ջանքեր ցույց տվող, բայց մնացյալ մեծ մասը ոչ մեկ կերպով չեն կապվիր շրջակա ազգերու ոճերուն հետ։ Ասոնց մեջ քանդակամասեր կան, որոնք նորածիլ բողբոջներ են 9-րդ և 10-րդ դարերու մեջ ծաղկող և հետո ալ գոթական
- ↑ Մով. Խորենացի, Տփխիս, 1881, երես 352: