Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե Զվարթնոցի բոլոր զարդարանքները ձուլածո ոսկիով ու արծաթով շինվեին, այնքան սքանչացում չպիտի պատճառեին, որչափ որ կպատճառեն ներքուստ ութը սյուներու վրա կախված կրկնակ հսկա գմբեթները և գմբեթներու խարիսխը կազմող ութ աղեղները, որոնք արտաքին պատին զուգահեռական կորությամբ ձգված են մեկ սյունեն դեպի մյուսը։

Զվարթնոցի ավերակները պարզապես կծաղրեն մեր այսօրվան գիտական օրենքներու վրա հիմնված տարողությանց նրբին հաշիվները. եթե նախքան Զվարթնոցի գտնվիլը, նույն ծրագիրը հրապարակի վրա դրվեր, ներկա արվեստագետներ, սոսկումով լեցված, խելագար պիտի համարեին ներկայացնողը, բայց իրականությունը լռեցուցած է ամեն հավակնոտ բերաններ։

Այս անօրինակ հանդգնությամբ կանգնված շենքը երեք հարյուր տարի շարունակ կանգնած մնացած էր. սա արդեն ապացույց է կանգնող ճարտարապետին լիակատար գիտակցության և մասնագիտական գերագույն աստիճանի հմտության։

Գագիկ Ա 10-րդ դարու վերջը (1000 թվին) կանգներ է Անիի ս. Գրիգոր եկեղեցին Զվարթնոցի պատճենով, բայց ի՜նչ անհամեմատ տարբերություն կա այս երկու միանման շենքերու ճարտարապետներուն հեռատեսությանը մեջ. Զվարթնոցի ճարտարապետը ճնշում սպառնացող մասերուն վրա թեթև ավազաքար կամ չեչաքար գործածեր է, մինչդեռ Անիի մեջ հրաբխային սովորական քարով են ծանրաբեռնված նույն մասերը. և ահա այդ անհեռատեսությունը շուտով ունեցեր է իր աղետալի հետևանքը, հազիվ 10-12 տարի անցած արդեն շենքը ամեն կողմե սկսեր է ճեղքվիլ ու գրեթե անգործածելի եղած է։

Ինչպես Գառնիի Տրդատա թախտը, այնպես ալ Զվարթնոց եկեղեցին հունա-հռոմեական արվեստի մեծ խառնուրդ ունի, սակայն տյդ խառնուրդներեն գլխավոր մասը կկազմեն արտաքին բոլորակը և զարդաքանդակներու մասեր. մնացյալ մասերուն մեջ գերակշիռ դիրք ունին տեղական ոճերը, մանավանդ անոր արտասովոր կազմությունը, այսինքն խաչաձևը ձուլված բոլորակին մեջ. իզուր է փնտռել ուրիշ երկիրներու մեջ այդ ոճը. ստույգ կերպով հայկական սեփականություն է։

Արտաքուստ, բոլորակ պատուհաններու ամեն տեսակ քանդակազարդ շրջանակներ կապ չունին արտաքին արվեստներու հետ, շատ աննշան բացառությամբ. նույնպես ներքին աղեղներու շրթանց վրա քանդակվածները. այս վերջիններս Տեկորի եկեղեցիի դռանց վրա գտնվածներուն մեկ ուրիշ այլաբանությունն են։

Արծիվներ քանդակված չորս մեծ խոյակները, որոնց վրա հանգչած էին ներքին ութը մեծ պատասխանատու աղեղներու ծայրերը, հատկապես Զվարթնոցի համար ծրագրված են իրենց պաշտոնին համապատասխան ձևով, անոնց վրա քանդակված արծիվներն ալ շատ կարելի է հայկական ավանդության մը հետ կապված են։ Մյուս փոքր խոյակները, որոնց գնդաձև կողովները մանվածո քանդակներ ունին և վերևեն spirale-ներ, իրենց մանրամասնություններուն մեջ առանձին առանձին երկիրներու մեջ զարգացող արվեստներու փոխառություն են, իսկ այդ առանձին տարերքներով ամբողջական խոյակի մը ներդաշնակ կազմությունը պետք է տեղական ճաշակի վերագրել։ Հավանաբար խոյակներու այդ ձևը 6-րդ դարուն մեջ սկսած է գործածվիլ հայոց մեջ, որուն մեկ օրինակը կա Երերույքի տաճարին մեջ։ Ծագումով ասորա-քաղդեական են թե գունդերը և թե spirale-ները, բայց առանձին գործածված իրենց նախնի բնագավառին մեջ. իմ կարծիքով, այդ ոճը երեք ճանապարհով մեկներ է զանազան կողմեր։ Մեկ գծով անցեր է Հնդկաստան, մեկ գծով ալ դեպի սիրիական եզերքներ, իսկ ուրիշ գծով ալ Հայաստան, այս երեք երկիրներու մեջ ալ տարբեր երևույթ ստացեր են գնդաձև խոյակներու համաչափությունները։ Միայն Սիրիայի և Հայաստանի մեջ միօրինակություն կներկայացնեն կողովի հյուսված քանդակագործությունով, որ թերևս կապ ունի սրբագործված ավանդության մը հետ, և այդ ավանդությունն ալ Սողոմոնի տաճարին դռան երկու քովի սյուներու խոյակներն ըլլալ կկարծեմ, որոնց գունդերը ցանցակերպ հյուսվածքով ծածկեր է Սողոմոնի տաճարին ճարտարապետ Փյունիկեցի Քիրամը[1]։

Ով գիտե ի՞նչ աղետալի հանգամանքներու պատճառավ 7-րդ դարեն հետո հայ ճարտարապետությունը գրեթե բոլորովին ընկած է։ 8-րդ դարեն մինչև 9-րդ դարու կեսը կարևոր շինություններու ոչ պատմական հիշատակություն կգտնենք և ոչ ալ մնացորդներ։

Այս ողբալի անկումին պատճառը անշուշտ արաբներու Հայաստան արշավելն էր։ Այս շրջանին պատմությունը սրտաճմլիկ ողբերգություն մըն է։

Արծրունի և Բագրատունի թագավորություններու վերականգնումով սահմանափակվեր են ծայրահեղ խժդժությունները և քաղաքական կյանքի վերականգնումով հառաջ եկեր է հայ ճարտարապետության երրորդ վերածնությունը։

Ոչ միայն գեղարվեստասեր, այլև ավանդապահ հայ ժողովուրդը այս նոր վերածնության մեջ շատ քիչ բան մերժեր է հին արվեստեն, գրեթե նախկինին վրա ավելացուցեր է հետզհետե փոխառություններ և նոր ստեղծագործություններ։

Այս շրջանին մեջ վերստին երևցեր են պահ մը հունական դետալներ, որոնք ներդաշնակորեն խառնված են ավանդական հայկական զարդաքանդակներուն մեջ։ Հոռոմոսի վանքի գավթին առաստաղը, որ աղեղներու խաչաձևումներով ինը զանազան մասերու բաժնված է, յուրաքանչյուր բաժանում առանձին տեսակ քանդակագործությունով զարդարված է, որոնցմե մեկն է այստեղ ցույց տրված պատկերը։ Չորս հատ միակտուր քարերով ծածկված է յուրաքանչյուր առաստաղ, և չորս քարի մեջտեղեն սև քարի լայն շերտով մը խաչաձևված է հատկապես զարդարուն խաչ մը քանդակվելու համար, չորս քարերու վրայի քանդակներն ալ միանման չեն, այսպես կպահանջեր հայ արվեստագետին ճաշակը [նկ. 105]:

Գավթի կեդրոնական մասը, որ փոխանակ առաստաղի՝ գմբեթի վերածված է, դեպի ներս հակված ութը խոշոր քարերով միայն կազմված է ամբողջը, և ամեն

  1. Հին կտակարան, Գ. Թագ., գլ. Ե, հմր. 41-42: