Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ գիծն է Վոլգան, որուն մթերանոցն է Նուվգորոդը, Դնեստրը կհաղորդակցի Վիսթյուլի հետ և կառաջնորդե Սկանդինավիայի սահմաններուն: Եվ հրավի, Նորվեգիայի, նույնպես Շվեդիայի մեջ ասիական արվեստներու ներկայությունը ավելի զգալի է, քան Ռուսիայի»:

«Ազդեցությունը կանգ չէ առաջ Սկանդինավիայի մեջ. այս գեղաքանդակներու ոճը Նորթհմանի լաստերու միջոցավ վերստին իջեր է ամբողջ օվկիանոսի երկարությամբ վերածնություն տալու համար Անգլիայի, Իռլանդայի և Նորմանդիայի ռոմանական զարդաքանդակներուն»:

«Վերջապես Իռլանդայի մեջ գործածական զարդաքանդակներ նմանություններ են հայկականի, որոնք թեև վաղուց նկատված էին, սակայն հեռավոր Ասիայի ներգործությանն էին վերագրված»[1]:

Երկու դար հազիվ կյանք ունեցեր է հայ ճարտարապետության այս փայլուն շրջանը: Ալփասլանի արշավանքը (1064) ամեն բան հիմնահատակ կործաներ է բովանդակ Հայաստանի մեջ. մոտավորապես 120 տարի հայերը չեն կարողացեր գեղարվեստի կամ ճարտարապետության վրա մտածել. մարդ իզուր կփնտռե այս 120 տարվան մեջ նոր շինություն մը կամ արձանագրություն մը: Անիի կաթուղիկեն այս ժամանակ 60 տարի իբրև մզկիթ ծառայեցնելեն զատ, քանի մը արձանագրութեններե ալ կիմանանք, որ շատ մը եկեղեցիներ բոլորովին քանդեր են։

Բռնակալության ուժը 12-րդ դարու կեսեն հետո, սկսեր է կամաց կամաց թուլանալ, որով ժողովուրդի սրտին մեջ սկսեր է տակավ զարթնել գեղարվեստի սերը. 1198 թվականին երբ երկրի վարչությունը Վրաստանի հովանավորության տակ Զաքարե սպասալարի ձեռքն էր անցեր, անմիջապես անհավատալի արագությամբ ամբողջ երկիրը ծածկվեր է նոր ոճի մոր գեղեցկություններով զարդարված անթիվ հիշատակարաններով: Այս շրջանին մեջ ոչ միայն շինվեր են տաճարներ, այլև բերդեր, կամուրջներ, ձեռագործ ճանապարհներ և այլ բազմաթիվ հասարակական շինություններ։ Անիի պարիսպներու այսօրվան կանգուն բարձրաբերձ աշտարակներեն շատերը 13-րդ դարու կեսեն առաջ շինված են:

Զաքարեի գահակալության հետ միաժամանակ հանկարծական փայլով երևան եկող այս նոր արվեստն է հայ ճարտարապետության չորրորդ վերածնությունը, որուն մեջ դարձյալ կտեսնենք, որ ավանդական հին ոճը իր պատվավոր տեղը ունի, բայց այլևս ծանրաբեռնված է արտաքո կարգի նորաստեղծ քանդակագործություններով։ Այս շրջանին կպատկանին գույնզգույն մանր ու խոշոր քարերով նախշուն առաստաղները։ Երկրաչափական գծերով զարդաքանդակներու մեջ խառնած են ձեռքի ճարտարությամբ գծված տերևներ, ծաղիկներ, ցողուններ, հյուսված զանազան վայրի և ընտանի անասուններու ու բազմատեսակ թռչուններու շուրջը: Փոխվեր են մեծ մասամբ խոշոր սյուներու ձևերը և անոնց քանդակագործությանց ոճերը. մեծապես զարգացեր են քանդակազարդ մոզայիկներ (գույնզգույն հրաբխային քարերով շինված), ստալակտիտներ, կամարներու կամ աղեղներու բազմատեսակ խաչաձևումներ։ Ահա այս ոճերն են, որ ոմանք արաբական կամ սելջուկյան կհամարին, առանց համոզիչ փաստերու վրա հիմնելու իրենց ենթադրությունները: Բայց որովհետև այդ կարծիքի մեծ մասամբ հերքումը ուսումնասիրության ընդարձակ նյութ է և առանձին հոդվածներ են հարկավոր այդ մասին իմ առանձին տեսությունս պարզելու համար, հետևաբար, ուրիշ հարմար առիթի թողելով՝ այստեղ պիտի բավականանամ քանի մը կարևոր բացատրություններով:

Անուրանալի է, որ հայ ճարտարապետության այս վերջին վերածնությունը զուտ արևելյան է, անոր մեջ ոչ հունական կա, ոչ հռոմեական. միևնույն ատեն ունի իր մեջ բավական խառնուրդ, բայց այդ խառնուրդը ոչ արաբական է և ոչ սելջուկյան, այլ պարսկականի այն ճյուղը, որ ծաղկեցավ արաբական տիրապետության ժամանակ, որուն զարգացման ուսումնասիրության եթե մտնենք, պիտի տեսնենք, որ այդ շրջանի պարսկական արվեստն ալ նախընթաց դարերու Հայաստանի ճարտարապետության զգալի չափով հետադարձ ազդեցության տակ զարգացած է, բայց այս մասին ուրիշ անգամ։

Այս շրջանի հայ ճարտարապետության մեջ է, որ A. Choisy-ի կարծիքը կարդարանա արմատը Բաղդադի մեջ տեսնելու մասին, եթե ոչ 9-են մինչև 12-րդ դարու հայ ճարտարապետության մեջ քաղդեականի, ասորականի և հին սասանականի հեռավոր ազդեցություններ կան թեև, սակայն անոնք ալ արդեն վաղուց օտարացած և անզգալի դարձած են 4-րդ դարեն սկսած անընդհատ մշակվելով։

Միջին դարերու մեջ ծաղկող ասիական արվեստները իրենց բազմակողմանի զագացման պատճառավ գիտական ուսումնասիրությանց մեջ հաճախ շփոթված են ոճերու հատկության տեսակետով. ասոր ալ պատճառը, ես կկարծեմ, որ համեմատաբար շատ քիչ քննված ըլլալն է: Եվ որովհետև ընդհանրապես արաբական տիրապետության սահմաններուն տակ կգտնվեին հաճախ այդ արվեստներու օջախները, կարճ խոսքով՝ արաբներու նվիրեր են այդ ամեն զարգացման ուժն ու տաղանդը, որոնք բոլորովին զուրկ էին այդ առավելութենեն։ Այսպես էր նաև ժամանակ մը բյուզանդյան ոճը, քիչ էր մնացեր,որ ինքնուրույն համաշխարհային արվեստի հռչակ ստանար, եթե վերջին տարիներու գիտական լուրջ քննությունները անոր թևարկություններուն սահման չդնեին և բաղադրության տարերքը չզտեին։

Այս հոդվածիս ընթացքին մեջ մասնավոր կերպով տեսնվեցավ, թե ինչպես հայ ճարտարապետությունը ընկած է ճիշտ այն թվականներուն, երբ արաբը, սելջուկը կամ թաթարը ողողելով երկիրը, քանդեր ու ավերեր են։

Այս թվականներուն շատ զարմանալի երևույթի մը կհանդիպինք Հայաստանեն դուրս, մահմեդական երկիրներու արվեստները ուսումնասիրելով։ Պարզապես հայ ճարտարապետությունը Հայաստանեն դուրս սկսած է ծաղկիլ, խառնվելով նույն տեղերու արվեստներու

  1. A. Choisy, Hist. de l'Ardi., i. II, p. 84-86: