Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա
ՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐԸ[1]

Առանց խոսքս մասնավորելու հայոց ճարտարապետության վրա, պիտի համարձակիմ ըսելու, որ ընդհանուր ճարտարապետության և գեղարվեստի պատմությունը անողոք կերպով դատապարտված է վերջնականապես կորսնցնելու հազար վեց հարյուր տարվան պատկառելի ներկայացուցիչներեն մին՝ առանց զայն հարցաքննելու, քանի դեռ լիովին կազմալուծված չէ և կարող է ընդարձակ չափով լուսաբանություններ ընծայել յուր ժամանակակից պատմության, արվեստներու, գեղարվեստական ոճերու և անոնց փոխանցման վրա:

Այս անփոխարինելի կորուստը հնագույն ճարտարապետության պատմության համար ծանրակշիռ համարելով, իբրև կոչ հրապարակի վրա պիտի դնեմ քանի մը տողերս, հուսալով, որ մոխրակույտի մը փոխվելեն առաջ, գիտնական մասնագետներ կշտապեն այս մեծ հիշատակարանին շուրջը հավաքվիլ և լուրջ ու մանրազնին ուսումնասիրությամբ կքաղեն անկե գեղարվեստի պատմության համար ամենակարևոր տեղեկություններ, որով միանգամայն կազատեն ապագա գիտնականն ու բանասերը անհիմն կարծիքներու, թյուր ենթադրությունններու և ըստ հաճույս արձակված վճիռներու պատճառելիք մոլորություններեն:

Ով որ քննական աչքով դիտած է երբեմնի հոյակապ, իսկ այժմ տարաբախտաբար ողբալի վիճակի մատնված Տեկորի տաճարը, համոզված եմ, որ անկեղծ ցավակցությամբ ձայն պիտի բարձրացնե ինծի հետ գեղարվեստի պատմության մեջ անոր արժանավայել տեղը տալու և հիշատակը հավերժացնելու համար:

Արվեստագետներու այցելութենեն բոլորովին զուրկ չէ մնացած Տեկորի տաճարը, սակայն կարող եմ ըսել, որ մանրախույզ հետազոտության փորձ ալ ամենևին չէ եղած: Անցյալ դարու սկզբին ֆրանսացի ճարտարապետ Texier յուր ի Հայս կատարած ուղևորության հիշատակարանին մեջ անոր պայտաձև (fer á cheval) աղեղներու և կամարներու ոճը անարդար կերպով արաբական ոճին վերագրվելուն դեմ բողոքելեն հետո, այլևս անոր մասին ոչ իրեն և ոչ ալ ուրիշներու կողմանե եղած ուսումնասիրություններ չկան. կամ եթե կան ալ, դժբախտաբար ինծի հայտնի չեն:

Արևմտյան դռան վրա դրված արձանագրութենե մը կերևա, որ այս տաճարը կանգնած է Սահակ Կամսարական անունով մեկը, Հովհաննես կաթողիկոսի մը և Հովհաննես Արշարունյաց եպիսկոպոսի մը կենդանությանց ժամանակ[2]: Հայր Ալիշան այս անունները կհասցնե մինչև 5-րդ դար: Ասով մասամբ կհայտնվի, թե Տեկորի տաճարը հայոց 5-րդ դարու ճարտարապետութենեն մեզ հասած մի նմուշ է:

Բայց որովհետև արվեստի լեզուն հաճախ ավելի ճշմարտախոս և մանրապատում եղած է, քան պատմագրողն ու արձանագրողը, ուստի, իմ կարծիքով, առանց լիովին արձանագրության վրա հիմնվելու, պետք է արվեստագիտական ուղղությամբ քննել և վճռել անոր շինության ժամանակը, կրած փոփոխությունները, ինքնուրույն և փոխանցյալ ոճերը, և, վերջապես, այն բոլոր մասերը, որոնք անհրաժեշտ են ժամանակակից գիտության համար:

Գուցե հանդգնություն համարվի իմ կողմանե, եթե ըսեմ, որ մանրախույզ հետազոտության փորձը առաջին անգամ ես կատարեցի 1909 թ. ամբողջ մայիս ամսվան մեջ: Սակայն նախապես պետք է խոստովանիմ,

  1. Արտատպվում է 1911 թվին լույս տեսած «Տեկորի տաճարը» առանձին գրքույկից: ԿԱԶՄՈՂ
  2. Հ. Ղ. վ. Ալիշան. «Շիրակ», Վենետիկ, 1881, երես 132: «Ուրանայ և Հոռո.. (ե)պիսկոպոսի և Տ...յրոնի, Տեկորի վանաց երիցու և Մանանայ հազարապետի հիմնարկեցաւ տեղիս ի ձեռն Յոհանու հայոց կաթողիկոսի և Յոհաննու Արշարունեաց յիւր բարեխաւսութիւն և բոլոր ազգիս և ամուսնի և որդեկաց և սիրելեաց և սրբոյ Սարգսի, Սահակ Կամսարական շինեաց զայս վկայարան»:
    Ալիշանի տեղեկատուն սխալ է կարդացեր այս արձանագրությունը: Սրբոյն Սարգսի բառերը ամենեն վերջին բառերն են, որովհետև վերջին տողին համար չէ բավականացեր բարավորին երկայնությունը, այդ պատճառով քանդակագործը երկու տողին մեջտեղ է փորագրեր «սրբոյ Սարգսի» բառերը. ընթերցողը կարծեր է, թե վերջընթեր տողի շարունակությունն են «սրբոյ Սարգսի» բառերը: