Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ձևի ծագման մասին դժվար է կարծիք հայտնել, գուցե շատ հին ժամանակներ և հասած է մինչև 13-14-րդ դարերը. այնուամենայնիվ ինծի դեռ չէ պատահած այս ձևով մի եկեղեցի, որուն շինության թվականը առառավելն 9-րդ դարեն անդին անցնի։

Պատմագրական տեղեկություններ շատ կան հայոց քրիստոնեության սկիզբեն մինչև վերջը վանքերու, վկայարաններու և մատուռներու գոյության մասին, սակայն հին դարերու մեջ անոնց ձևի վրա ոչ մի նկարագրություն չունինք. բոլորակ էին անոնք, բազմանկյո՞ւն, թե՞ քառակուսի։ Այս մասին իմ կարծիքս այն է, որ թերևս բոլորակ կամ բազմանկյուն ձևով գոյություն ունեին միայն մկրտարաններ, արևմտյան քրիստոնեից սովորության համաձայն, իսկ մատուռներ և վկայարաններ եղած են երկար քառակուսի արևելքեն արևմուտք ձգված, վրան մի կամարով ծածկված ամբողջ երկայնության վրա, առանց գմբեթի, ինչպես Անիի միջնաբերդի պալատական եկեղեցին, Հոռոմոսի ս. Հովհաննես տաճարին հարավային կողմի փոքր մատուռը. այս ձևի փոքր եկեղեցիները գմբեթավորելու սովորությունը հայոց մեջ 10-րդ դարեն սկսած կերևի։ Ալիշան յուր «Այրարատ»-ի մեջ (երես 273, նկ. 182) կներկայացնե որպես հնագույն շինություն, մի փոքր վանքի կամ եկեղեցիի հատակագիծ՝ մոտավոր նմանությամբ սովորական փոքր եկեղեցիներու, սակայն այդ հատակագծի ստացած այժմյան ձևը չեմ կարծեր, որ 9-րդ դարեն անդին անցնի:[1]:

Տեկորի տաճարին հատակագիծը համեմատելով 7-րդ դարեն սկսյտլ կանգնված բոլոր եկեղեցիներու հատակագծերու հետ, կտեսնենք, որ նա մի զգալի բացառություն կներկայացնե։ Հիրավի, ներքին գմբեթակիր մույթերու դասավորությամբ և թևերու (nef) ու խորանի համեմատությամբ որոշ նմանություններ կգտնենք 7-րդ դարու եկեղեցիներու հատակագծային համաչափությանց հետ, սակայն խորանի երկու կողմի նեղ ու երկայն և հյուսիսեն հարավ երկնցած սենյակներով խորանին՝ արևելյան պատեն մասնավոր կերպով դուրս ցցվածքով, արևելյան կողմեն դեպի հյուսիս և հարավ դուրս ցցված թևերով շենքը շրջապատող plate-forme 7-րդ դարեն սկսած մինչև 14-րդ դար շինված եկեղեցիներեն բոլորովին կտարբերի։

Հետագա դարերու համար անսովոր այս մասերն են, որ լուրջ քննության կկարոտին, և ասոնց ուսումնասիրությանբը եթե Տեկորի տաճարին կառուցման ճիշտ թվականն ալ չգտնվի, հուսալի է, որ գոնե կպարզվի անոր և նմաններուն շինության ամենահավանական դարը։

Որովհետև խորանի երկու կողմի սենյակներու նեղ ու երկայն և հյուսիսեն հարավ ուղղվելու ձևը նաև արտաքին ճակատեն դուրս շեշտվելու սովորությունը 7-րդ դարեն սկսած միանգամայն վերջ գտած է, կպարտավորինք այդ ձևի գործածությունը 7-րդ դարեն առաջ կանգնված տաճարներու մեջ փնտռելու և կտեսնենք, որ այդ ձևը պահած է Էջմիածնի կաթուղիկեն և Երերույքի կիսավեր տաճարը։

Էջմիածնի կաթուղիկեին մեջ նույն սենյակներու շինությունը թերևս վերջին օրինակն է հայոց եկեղեցիներու մեջ, եթե Կոմիտաս կաթողիկոսի նորոգության ժամանակ ավելցավ հնագույն շինության վրա, բայց ինծի հավանական կերևնա, որ նախքան Կոմիտաս կաթողիկոսի նորոգությունը, արդեն սենյակները ավելցած էին սեղանին երկու կողմը։ Իսկ Երերույքի տաճարը, ոչ մի կասկած չի կարող լինել, որ նախքան 7-րդ դարը կանգուն էր և ուներ նույն սենյակներ արևելյան կողմեն խորանին աջ ու ձախ կողմերուն վրա։ Այստեղ հաճախ առիթ պիտի ունենամ Երերույքի մասին խոսելու և ապա ցուցանելու անոր վաղ քան 7-րդ դարը շինված լինելը:

Տեկորի տաճարին այսօրվան ձևը, առանց կարևոր փոփոխությանց, եթե իր զուտ նախնական ձևը լիներ, իհարկե, ավելի քիչ նյութ պիտի տար իր վրա խոսելու, սակայն ակներև փաստեր ցույց կուտան, որ դարե ի դար շատ տեսակ փոփոխություններու ենթարկվեր է, որոնց հետազոտությունը վերին աստիճանի հետաքրքրական է թե պատմության և թե արվեստի տեսակետով։

Մանրամասն չափագրելով և հետազոտելով այն եզրակացության հասած եմ, որ Սահակ Կամսարական մը ոչ թե ի հիմանց նոր շիներ է այդ եկեղեցին, այլ կանխավ գոյություն ունեցող շինության մը վրա կատարեր է շատ կարևոր փոփոխություններ։

Մի ուրիշ հատակագծի վրա , որուն մեջ սև գույնով ներկվածը ցույց կուտա եկեղեցիի հնագույն ձևը, իսկ թուխ գույնով ներկվածները հետզհետե հավելված մասերն են, որոնցմով ստացած է այսօրվան ձևը։

Թվեմ այժմ ամեն ապացույցները, որոնց հիման վրա կազմեր եմ հատակագիծը և շենքի պատկերները (élévation) նախկին ձևի մասին։

  1. Այս մասին բացատրություն պիտի տեսնվի աշխատությանս ընթացքին մեջ: