Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախկին պալատների տեղերում, նրանց փլատակների վրա, հետագայում կառուցվել են մանր, ողորմելի շենքեր։ Իսկ պալատների փլատակները գտնվում են միանգամայն գետնի տակ (Արուճ, Զվարթնոց, Ավան, Դվին, Անի և այլն) և միայն մեծածախս պեղումների շնորհիվ կարելի է լույս աշխարհ հանել։ Այդ իսկ պատճառով ճարտարապետության զարգացման ընթացքը հնարավոր է ցույց տալ կրոնական շենքերի հիման վրա։

Անիական տարիներին (1904-1912) է պատկանում Թորամանյանի նախառևոլուցիոն ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մեծագույն մասը։

ա) 1905 թվականին «Մուրճ» ամսագրում Թորամանյանը տպագրեց մի փոքրիկ հոդված, որտեղ նա ապացուցեց Զվարթնոցը վերակազմելու իր տեսակետի ճշտությունը։ Այդ հոդվածն այժմ տպագրում ենք այս ժողովածուի մեջ, նկատի առնելով, որ հետագայում այլևս նա այդ վերակազմության ճշտությունն ավելի մանրամասն չկարողացավ ուսումնասիրել։

Զարմանալին այն է, որ Անիում 1905-1906 թվականներին բացված Գագկաշեն տաճարի վերակազմության մասին ևս Թորամանյանը չունի հիմնավոր ուսումնասիրություն։

բ) 1907 թվականին Թորամանյանը մշակեց հայկական ճարտարապետության զարգացման իր հիմնական դրույթները, որոնք հիմնավորված կերպով հրապարակ հանեց հետագա տարիներին։

գ) 1909 թվականին հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակեց Էջմիածնի տաճարի հնագույն ձևերի և հետագայում կրած փոփոխությունների մասին իր տեսությունը «Էջմիածնի տաճարը» խորագրով։ Ռուսերենը լույս տեսավ „Записки восточного отделения Императорского Русского Археологического общества“ հանդիսի XIX պրակում՝ „О древнейших формах Эчмиадзинского храма (Архитектурно-археологический этюд)“ խորագրով։

դ) 1911 թվականին հրատարակեց իր կապիտալ մոնոգրաֆիկ ուսումնասիրությունը՝ «Տեկորի տաճարը»։ Նույն թվականին տպագրեց նաև հայկական ճարտարապետության զարգացման իր տեսությունը հիմնավորող մի քանի աշխատություններ և մի շարք այլ արժեքավոր հոդվածներ («Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիներու մեջ» և այլն)։

ե) 1912 թվականին հրատարակեց «Անի քաղա՞ք, թե՞ ամրոց» ուսումնասիրությունը, որով հերքեց այն ենթադրությունը, թե Անին սահմանափակված է եղել պարիսպների ներսում, և անհերքելի փաստերով ապացուցեց, որ հասարակ ժողովուրդը մեծ մասամբ ապրել է պարիսպներից դուրս։ Անիում եղած տարիներին նա ուսումնասիրեց և չափագրեց բազմաթիվ ճարտարապետական մնացորդներ ոչ միայն Անիում, այլև Արթիկի, Դուզքանդի, Թալինի, Աղինի շրջաններում և այլ տեղերում, գլխավորապես այն ամենը, ինչը նա հետագայում ուսումնասիրությունների նյութ դարձրեց, բայց ցավոք սրտի պետք է նշել, որ այդ չափագրությունների մեծագույն մասն անտիպ մնալով, 1919 թվականին անհետ կորավ։

Նախասովետական շրջանում մասնավոր հրատարակությամբ լույս տեսնող հայերեն պարբերականներն ի վիճակի չէին նեղ մասնագիտական հոդվածներ տպագրելու, մանավանդ ճարտարապետական բազմաթիվ գծագրերսվ ու լուսանկարներով ուսումնասիրություններ։ Այդ դրությունն իր կնիքն է դրել Թորամանյանի աշխատությունների վրա, որոնք, բացառություններով, շատ քիչ գծագրեր ու նկարներ են պարունակում և շատ բանով տարբերվում են Академия Архитектуры-ի այժմյան հրատարակություններից։ Այնուամենայնիվ, հայ իրականության մեջ չափազանց մխիթարական երևույթներ էին Գ. Լևոնյանի հրատարակած «Գեղարվեստ» և Ե. Լալայանի՝