Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահավասիկ մի պարզ վիճակագրություն բուռ մը ժողովուրդի, որ 300 տարվան մեջ գրեթե 150 տարին անդադար մորթվեր, թալանվեր և հարյուր հազարներով գերի տարվեր է: Չափազանցություն չի լինիր, եթե ըսեմ, որ իր թվական քանակեն պակսեր է ավելի քան մեկ երրորդը:

Բայց միշտ փրկության հույսով կառչած էր հայրենի երկրին, ամեն մեկ առիթե օգտվելով, մոռացության տված բոլոր ցավերը, աշխատել է միշտ վերականգնել, իբրև մարդ, իբրև քաղաքակիրթ ժողովուրդ ապրելու ուղղության մեջ հառաջ գնալու ճգնել: Եթե լրջորեն քննենք, պետք է հրաշքներու կարգը դասենք այս ժողովրդի դյուցազնական տոկունությունը, որ քանիցս գերեզման դրվելե հետո վերակենդանացեր և արհամարհելով ամեն տեսակ չարիք ու տառապանք, սառն արյամբ անդադար մեկզմեկու ետևե արտադրեր է գեղարվեստական անթիվ կոթողներ, որոնք տասն և հինգ դարերե ավելի բնության ամեն մեկ արհավիրքներուն կուրծք տալով՝ մեծ մասամբ հասեր են մինչև մեր օրերը, զարմանք և պատկառանք ազդելու համար թե իրենց ճարտարապետական բոլոր նրբություններու և կատարելություններու, և թե անոնց ստեղծագործող և խրախուսող մեծ հանճարներու հանդեպ:

Թեև առիթ կունենամ ներկա աշխատությանս մեջ ևրոպական մեծ գիտանական արվեստագետներու ներբողականներն արձանագրելու հայ ճարտարապետության և գեղարվեստի շուրջը, այնուամենայնիվ իմ կողմանե ալ լոկ գովեստներ չհամարվելու համար պիտի թվեմ այն բոլոր գեղակերտ և պատկառելի հուշարձանները, որոնք իմ ճանապարհորդություններու ժամանակ առիթ եմ ունեցեր չափագրելու, լուսանկարելու և մանրամասն հետազոտելու։

Այն հիշատակարանները, որոնց ցանկը պիտի դնեմ այստեղ, ոչ միայն կանգնված են փաստացի կերպով 5-րդ, 6-րդ և 7-րդ դարերուն մեջ միայն, կամ, ավելի ճիշտը, թերևս այդ երեք դարերուն խաղաղ շրջանին 150 տարվան մեջ, այլև Արարատյան նահանգի մի նեղ շրջանին մեջ միայն ամփոփված են:

Որովհետև ես առիթ չեմ ունեցեր իմ աշխատությանս սահմանը ընդարձակելու և թափառեր եմ միայն Շիրակի և Այրարատի միայն մեկ մասին մեջ և անոնց մի քանի հարակից եզերքներուն վրա միայն: Քանի մը հիշատակարաններ կան, որոնք անվրեպ հեթանոսական ծագում ունին և կամ առառավելն նախքան 5-րդ դար կանգնված են, սակայն հետագային քրիստոնեական նախնական դարերուն եկեղեցիներու փոխարկված են, ուստի հարկ կսեպեմ առանձնապես որոծել այդ արտասովոր ձևով շենքերը:


Ա
[5-րդ դարեն առաջ շինված շենքեր]

1. Արագած լեռան արևմտյան լանջին վրա, հայաբնակ Շիրվանջուղ գյուղի եկեղեցին, որն ամենայն հավանականությամբ փոխարկված է 5-րդ դարուն [հատակագիծը տես նկ. 57]:

2. Դիրաքլար գյուղի եկեղեցին մինչև այսօր պահած է հեթանոսական cella-ի տիպը. ոչ պատուհան ունեցեր է և ոչ ալ կիսաբոլորակ խորան արևելյան կողմը. այժմյան գյուղացիք, որ Պասկևիչի ժամանակի գաղթականներ են, իրենք շիներ են abside-ը և բացեր են մեկ երկու անճաշակ ծակեր, որպես պատուհան: Վերջին նորոգության ոճը 10-11-րդ դարերու արվեստի նմանություն կբերե [հատակագիծը տես նկ. 58]:

3. Երերույքի եկեղեցին, որ կգտնվի Ալեքսանդրոպոլ-Երևան երկաթուղագծի վրա, Անի կայարանեն մեկ և կես վերստ դեպի հարավ-արևմուտք, Ղըզլ-Ղուլա քրդաբնակ գյուղին կից: Այս եկեղեցվո հեթանոսական ծագման մասին տեսությունս կարդալ իմ «Տեկորի տաճարը» աշխատության մեջ [տե՛ս նկ. նկ. 61, 189-191]:

4. Բաշ-Ապարան գյուղեն դեպի հյուսիս-արևելք, Կարանլուխ հայաբնակ գյուղի մոտ կա մի մեծ ավերակ, անշաղախ որձաքարերով շինված, նման ուրարտական շրջանի կիկլոպյան շենքերու. այս շենքի արևելյան ծայրին, թերևս 5-րդ դարուն, շիներ են գաճ ու կիրի