և շինության ականատես Սեբեոսի տեղեկությունը, ուստի նախապես քննենք անոր տեղեկատու հատվածը։
«Յայնմ ժամանակի արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն որ ի Վաղարշապատ քաղաքին... Շինեաց եւ եկեղեցի մի յանուն երկնաւոր Զուարթնոցն» (Սեբ., գլ. ԼԳ., էջ 192)։ Սեբեոսի Պատմության ԼԳ գլխուն այս հատվածին մեջ «Յայնմ ժամանակիս խոսքը կվերաբերի Թեոդորոս Ռշտունիի Արծափի բերդին վրա տարած հաղթությունեն մինչև հույներու Պռոկոպ զորավարի միջոցավ արարաց հետ հաշտություն կապելու ժամանակին։ Այս դեպքերը տեղի են ունեցեր, ըստ Սեբեոսի՝ «Յամին երկրորդի Կոստանդնի», որ է՝ 642 թվականը (Կոստանդ գահակալեց 641 թվին), ուրեմն այս 642-ե հետո 643-ի և 644-ի մեջտեղը պետք է որ հիմնարկված լինի Զվարթնոցը, ըստ Սեբեոսի։ Բայց առաջ եկեղեցի՞ն հիմնարկեց, թե՞ «իւր բնակութիւն» - այդ հարցը քննության կարոտ է։
Սեբեոսի վերոգրյալ «արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն» հատվածին վրա հենվելով, Զվարթնոցը ուսումնասիրողներեն ոմանք կհետևցնեն, թե Ներսես եկեղեցիեն առաջ շինեց շրջակա շինությունները և հուսկ հետո ձեռնարկեց եկեղեցվո հիմնարկության։ Սակայն, իմ կարծիքով, այս հատվածին իմաստը սխալ է ըմբռնված. «արկ ի միտս իւր» խոսքի պարզ իմաստն է, թե՝ Ներսես որոշեց կամ միտքը դրավ յուր բնակությունը կամ կաթողիկոսարանը Դվինեն փոխադրելով, Վաղարշապատի եկեղեցիներու մոտը հաստատել։ Թե հետագա մատենագրական ավելի մանրամասն հիշատակություններե և [թե] ճարտարապետական ու շինարարական օրենքներու քննությամբ պիտի տեսնենք, որ նախքան եկեղեցվո հիմնարկությունը թեև կային այնտեղ վաղեմի շինություններ, սակայն մեր այսօրվան ավերակներուն մեջ տեսած շինությունները, բացառությամբ, հիմնարկված են եկեղեցվո շինությունեն հետո, կամ առառավելն եկեղեցվո շինության վերջանալուն մոտիկ։ Սեբեոսի տեղեկությունեն ավելի որոշ, թերևս մեզ անհայտ մի ուրիշ աղբյուրե քաղելով, Հովհաննես կաթողիկոս բնակարաններու շինությունը Ներսեսի վերադարձեն հետո կդնե, և հատվածը այնքան պարզ է այդ շինվածամասերու համար, որ բնավ կասկած չի կարող լինել ուրիշ շենքերու մասին. «Յօրինեալ ի նմա յարկս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբք» խոսքը միմիայն կաթողիկոսարանի շինության համար կարող է լինել։ Առանց Սեբեոսի գրելուն, Հովհաննես կաթողիկոս չէր կարող իրմե մոտավորապես երեք հարյուր տարի առաջ շինված շենքի մը համար ժամանակագրական այդքան մանրամասնություն տալ, առանց իր աչքին աոջև շինության ժամանակակից ուրիշ գրական աղբյուր մը ունենալու, և ի՞նչ օգուտ կունենար Հովհաննես կաթողիկոս մտացածին հավելումներ անելու, քանի որ խնդիրը ոչ մի կրոնական, քաղաքական կամ անձնական նկատումներու հետ կապ չունեցող պարզ շինության մը վերաբերյալ ժամանակագրական տեղեկություն է։ Բայց առայժմ թողունք այս հարցը, քիչ հետո կրկին ձեռք առնելու պայմանով, որովհետև, բացի այս պարագան՝ Հովհաննես կաթողիկոսի տված ամփոփ տեղեկությունները իրենց խիստ շահեկան և հետաքրքրական կողմերը ունին, որոնց վրա մի քիչ ծանրանալ անհրաժեշտ է։
Թեև ես առաջիկային առիթ շատ պիտի ունենամ զուտ ճարտարապետական և շինարարական տվյալներով ապացուցանելու, որ եկեղեցին շատ ավելի կանուխ շինված է, քան մոտակա շինությունները, բայց և այնպես այստեղ միայն կմատնանշեմ մի երևույթ, որ միանգամայն անվիճելի կդարձնե կաթողիկոսարանի շինության ավելի ուշ լինելը։ Զվարթնոցը տեսնող և քննողներեն շատերուն հայտնի է, որ եկեղեցվո արտաքին բոլորակ պատը զարդարված էր որմնահեց աղեղնակապ զույգ սյուներով։ Հատկապես այդ արտաքին պատի համար տաշված միացյալ սյուներեն մի բեկոր կտեսնվի հարավային կողմի շինությանց միջին շենքի, արևելակողմյան սենյակներեն մեկուն հիմին մեջ հյուսված իբրև հիմնաքար։ Չափով, ձևով և նույնիսկ քարի տեսակով եկեղեցվո իբրև որմնասյուն տաշված լինելուն ոչ մի կասկած չկա, սակայն ինչ պատճառով հյուսվեր է մոտակա շինության հիմին մեջ, այդ ալ շատ պարզ կլինի մասնավորապես մասնագետներու կամ շինարարությամբ զբաղվող մարդկանց համար։
Ա. Որոշված քանակութենեն ավելի տաշված կլինի.
Բ. Տաշվածքին մեջ սխալմունք կլինի. այս երկու պարագայի մեջ ալ գրեթե նույն քարը այլևս ուրիշ բանի չի ծառայեր, բացի հիմնաքար կամ որմնաքար լինելե։ Զվարթնոցի մեջ այս Բ. պարագան է, որ ամենայն հավանականությամբ նույն անպետքանալով, այն ժամանակ իբրև հիմնաքար ծառայեր է, իսկ բարեդեպ դիպվածով մ'ալ այսօր մեզ կծառայե իբրև ժամանակագրական ապացույց։