նոր ձևին և ավելի վայելչացնելով, կանգնել է Հռիփսիմեն, իսկ Եզր, ավելի հավատարիմ հին բազիլիկ ձևին, նույն ճաշակով կանգնել է յուր շինած եկեղեցին։ Սակայն մի նկատելի պարագա եթե կա, այն է, որ այս շենքի վրա ամեն կողմից մնացել են 7-րդ դարու շարված քարերը և քարերի վրա քարտաշ վարպետների դրած նշանները (նկ. 71, 203 և 204)։
Ինչպես կերևի, երկար դարեր անտերության մատնվելուց հետո՝ 1652 թվականին Փիլիպպոս կաթողիկոս վերանորոգեց այս շենքը, իսկ 1688 թվականին արևմտյան ճակատին կից Եղիազար կաթողիկոս շինեց երկար նախագավիթը, ուր այժմ շարքով գերեզմաններ կան։ Այս եկեղեցվո վերջին նորոգությունը, ըստ ոմանց, պատկանում է Խրիմյան Մկրտիչ կաթողիկոսին:
Անիից դեպի Տեկոր, մոտավորապես ճանապարհի կեսին կգտնվի քրդական Ալամ գյուղը։ Գյուղի մեջ կա 7-րդ դարու մի խաթարված եկեղեցու շենք, որուն վրայի շինության և այլ արձանագրություններից երևում է, որ տեղի հին անունը Ալաման էր, նաև մի կարևոր բնակավայր, ուր կգտնվեին իշխանական տոհմեր, ինչպես այս եկեղեցին շինողը:
Եկեղեցիի շենքը չափավոր մեծություն ունի և 7-րդ դարու եկեղեցական ոճի համաձայն, արտաքուստ շեշտված խաչաձև է, ավելի նախնական ձևով, այսինքն՝ փոխանակ անկյունավորի, ուղղակի քառակուսի դուրս շեշտված աբսիդներ (նկ. 205)։
Վրայի արձանագրությունից երևում է, որ շենքը շինել են Գրիգոր Էդյուստր և կինը՝ Մարիամ, 636-37 թվականին, Հերակլ կայսեր և Արշարունյաց տեր Ներսեհ Կամսարականի օրով։
Շենքի ձևը կամ մեծության չափը ըստինքյան մի ճարտարապետական կոթող չէ, սակայն շինությունը ըստ ամենայնի կատարյալ է շինարարական տեսակետով։ Բավականին խոշոր քարերը, միանգամայն սրբատաշ, շարված են շենքի ներքին և արտաքին երեսների վրա, իսկ շենքի ընդհանուր պսակ և պատուհանների քանդակազարդ շրջանակներ 5-րդ և 6-րդ դարերի ավանդական ձևով շինված են, ինչպես 7-րդ դարու շատ ուրիշ շենքերի վրա, որոնց մասին կհայտնվի իր տեղում: 7-րդ դարուց հետո այլևս այս ձևերը գոյություն չունեն։ Այս նախնական ձևերի մեջ գրեթե պարզ երևում է ապագա արաբական ստալակտիտի ուրվագիծը, կամ կմախքը, որ շատ կարևոր է հետագա ստալակտիտների ուսումնասիրության համար։
Արթիկը մեծ հայ գյուղ է Շիրակ գավառի մեջ, Արագած լեռան արևմտյան լանջերին ստորոտը։ Այս գյուղին մեջ կան երկու նշանավոր շենքեր, մեկը 6-րդ դարու առաջին քառորդին շինված, իսկ մյուսը, որ մեծ է, 7-րդ դարու հոյակապ շենքերից մեկն է. ունի իր վրա Թալինի մեծ կաթուղիկեի հատկանիշները. գմբեթը ընկած է անհայտ ժամանակ, ներկա գյուղացիք չեն հիշում այդ դեպքը, բայց մի ժամանակ շենքի մի մասը բերդի են վերածած։ Սա ևս վրան արձանագրություն չունի, մեկ արձանագրությունն միայն կա հարավ-արևմտյան կողմը, բայց այնքան բարձր է և մի