վրա. տարակույս չկա, որ լիակատար ավերակի է փոխված Դավիթ Սահառունիի կանգնած շենքը[1]։
Ընդհանուր շենքը թե ներքուստ և թե արտաքուստ իր կատարյալ պարզությամբ հիանալի ներդաշնակություն և վսեմ երևույթ ունի։ Շինարարության տեսակետով այնքան ընտիր և մաքուր աշխատանք է թափված այս շենքի վրա, որ, կարծես, միակտուր երկաթի ձուլվածք է ներկայացնում։ Յոթերորդ դարուց մինչև այսօր անսասան կանգնած է, կուրծք տալով բոլոր բնական պատահարներին։ Չգիտեմ՝ ինչ պատճառով, արևմտյան ճակատի արտաքին քարերի մի նորոգություն է հարկ եղած 13-րդ դարում։ Հատկապես զանազան չափերով մի խումբ խաչքարեր պատին ամրացնելու դիտավորությամբ շենքի ճակատի քարերը քանդել են և վերին աստիճանի ճարտարությամբ նրանց տեղը շարել են 10-րդ և 11-րդ դարերու խաչքարերը, որոնք մինչև այսօր պատին հետ լիակատար ձուլված՝ մնացել են անվնաս։
Գմրեթավորված է շենքը և գմբեթի ներքին մակերեսին վրա կան շառավիղավոր զարդեր և տեսանելի երակներ՝ իբրև զարդ։ Պատերը ներսեն և դրսեն շինված են մեծ քարերով սրբատաշ, մաքուր: Կտուրները ծածկված են հիանալի թրծված և ձևավորված կղմինդրներով։ Գմբեթի կտուրներուն վրա դեռ այսօր իսկ անվնաս շարված են կղմինդրները, որոնք 7-րդ դարու միակ հատկանիշն են։ Ընդհանուր պսակը արտաքուստ 5-րդ դարու ավանդական ձևով է շինված, իսկ արևելյան կողմից պատուհանների վրա կան խորհրդավոր քանդակներ, որ նույն ձևով ոչ մի տեղ չի երևում։
Հյուսիսային և արևմտյան դռան վրա բարձրաքանդակներ կան, որոնք բավականին մեծ են և խառն են կրոնական ու աշխարհիկ մարդկանց պատկերներով. այս պատկերները չափազանց շահեկան են ազգագրական տեսակետով. որովհետև կրոնական բարձրաքանդակները եթե բյուզանդական պատկերների ոճը կամ տիպը ունին, այնուամենայնիվ աշխարհիկ մարդկանց պատկերները զուտ տեղական տարազով հագնված մարդիկ են։ Այս պատկերների մեջ շատ պարզ երևում են ժամանակակից կամ ավելի հին՝ 5-րդ և 7-րդ դարերի իշխանական տարազները, որոնք ոչ մի տեղ չեն արտահայտված, իսկ այստեղ, ինչպես նաև Թալինում և ուրիշ տեղերում հավաքված կոթողների վրա բարձրաքանդակ փորագրված են ամենայն մանրամասնությամբ։ Հետևաբար, շնորհիվ այս բարձրաքանդակների այսօր մենք կարող ենք գիտնալ, թե 5-7-րդ դարերում Հայաստանի մեջ ինչ տարազ ունեին մեծամեծ իշխաններ կամ ազնվականներ (նկ. նկ. 70, 120, 121, 128)։
Տեկորի հետազոտությանս ժամանակ մեծ զարմանքով կնկատեի, որ 12-րդ և 13-րդ դարերու մեջ վերածնվող հայ ճարտարապետության հետքեր չեն երևիր, վերածնություն մը, որ իր գեղապաճույճ զարդաքանդակներու անհուն հարստությամբ ոչ միայն կգերազանցե նախորդ շրջանները, այլև մասնավորապես պարծանք է Շիրակի բնակչության ստեղծագործող տաղանդին։
13-րդ դարու հայկական ոճին Տեկորի մեջ բացակայությունը պատահական բացառություն մը համարեցի այն ատեն, բայց երբ մինչև Երվանդաշատ և Երվանդակերտ երկու կողմի վրա հետազոտեցի ճարտարապետական ամեն մնացորդներ, այն ատեն պարզ տեսնվեցավ, որ 13-րդ դարուն Շիրակի մեջ նախանձելի շքեղությամբ կատարելագործվող հայկական վերածնված գեղարվեստը ոչ թե Տեկոր, այլ մինչև Ալաման իսկ չէր հասեր։ Ալամանեն սկսած մինչև Երվանդակերտ մի ամբողջ շրջան է, որուն մեջ ամենևին չեն երևիր 13-րդ դարու արվեստի արտադրություններ, ինչ չափով որ տարածված են Շիրակեն դեպի հյուսիս և դեպի հյուսիս-արևելք։
Ասոր հակառակ, Շիրակեն դեպի հարավ մինչև Արաքսի ափերը (անկեց անդին չեմ անցած), մասնավորապես Բագարան, Երվանդակերտ իրենց մեջ անհամեմատ մեծ քանակությամբ պահած են մինչև հեթանոսական շրջանի նմուշներ, որոնցմով շատ աղքատ է Շիրակը։
Ուստի, այս երևույթեն կարելի է եզրակացնել, որ մինչև 10-րդ դարը հայ ճարտարապետության զարգացումը ընդհանուր է եղած ամբողջ Հայաստանի մեջ. սակայն 11-րդ դարու անկումեն հետո միայն Շիրակն է, որ սահմանակից հյուսիս և հյուսիս-արևելյան քանի մը գավառներով վերածներ է 13-րդ դարուն մի նոր ճարտարապետական ոճ և հասցուցեր է զայն գերագույն կատարելության։
Անին սահմանը եղած կերևի հին և նոր ճարտարապետական վերածնյալ արվեստներու։ Մինչև 7-րդ դարը Արարատյան աշխարհին մեջ ծաղկող գեղարվեստեն թեև բոլորովին զուրկ չէ մնացած Շիրակը, սակայն մեծ չափերով ալ չէ ազդված։ 5-7-րդ դարերում կանգնված հիշատակարանները Անիեն դեպի հարավ են, որ կերևին և կբազմանան, մինչդեռ դեպի հյուսիս եղած քրիստոնեական հիշատակարաններու ամենահինը 10-րդ դարեն անդին չանցներ։ Հոռոմոսի մեջ ս. Մինաս եկեղեցին և Անիի մեջ միջնաբերդի գագաթին վրա պալատական եկեղեցիի պատերը միայն կերևին 10-րդ դարեն առաջ շինված, սակայն անոնք ալ, չեմ կարծեր, որ անցնեն 9-րդ դարը և հասնեն մինչև 7-րդ դարը։
Ինչպես հին արվեստները պատահական ներգործություն ունեցեր են Շիրակի և իր սահմանակից գավառներու վրա, նույնպես ալ Շիրակի ստեղծագործությունը՝ 13-րդ դարու արվեստն ալ՝ պատահական ներգործություն ունեցեր է Արարատյան նահանգին վրա։ Հիրավի, մինչև Երվանդակերտ հատ-հատ երևացին վերջին վերածնության նմուշներ, սակայն շատ թույլ ու տկար, կամ հասարակ տապանաքարեր են անոնք, կամ անզարդ ու անպաճույճ մատուռներ և մանր-մունր նորոգություններ, մինչդեռ Անիեն մինչև Լոռի, Արագածոտն և Սյունաց սահմաններ ողողված են 13-րդ դարու հրաշակերտ հիշատակարաններով։ Գուցե պահ մը ենթադրվի, թե քաղաքական կամ
- ↑ Այս հարցում հեղինակը 1909 թվին «Ախուրյան»-ում տպագրած «Հայ ճարտարապետությունը Անիի և Երվանդակերտի մեջ» հոդվածում Մրենի շինությունը նույնպես վերագրում է Դավիթ Սահառունուն: ԿԱԶՄՈՂ