Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմական և բանասիրական տեսակետով, այսինքն թե զանազան ժամանակ այնտեղ կանգնված քանի մը եկեղեցիներու մեջ որն է իսկական Հոռոմոս վանքը։

Հոռոմոսի վանքին պատկանող սահմանի մեջ, որ կհասնի մինչև հաղթական կամար համարված դուռը[1] (Ղոշեք), թեև մանր մատուռներ 5-6 հատ կան, սակայն իբրև վանական մեծ եկեղեցիներ երեք հատ են, որոնցից մեկը բարձրավանդակի վրա. ս. Հովհաննես անունով, իսկ երկուսը հյուսիսակողման ձորի մեջ, մեկը ս. Գևորգ և մյուսը «կարծի ս. Մինաս»[2]։

Այս երեք մեծ եկեղեցիներեն զատ՝ ուրիշ մեծ եկեղեցիի հետք ամենևին չկա. ուստի այս երեք եկեղեցիներու մեջ պիտի փնտրենք, ըստ պատմագրական ավանդության, Հունաստանեն հալածական եկած կրոնավորներեն մեկուն՝ Հոհաննես վարդապետի հիմնարկած Հոռոմոսի վանքը[3] 10-րդ դարու կեսին մոտ (930-953):

Թերակղզիի բարձրավանդակին վրա եղող եկեղեցին ս. Հովհաննեսը, որ շրջապատված է մատուռներով և սյունազարդ տոհմային դամբարաններով, արևմտյան դռան վրայի արձանագրության համաձայն, հիմնարկված է 1038 թվականին, Բագրատունի Հոհաննես Սմբատ թագավորի ձեռքով։ Իսկ ձորի եկևղեղիներեն ս. Գևորգը կանգներ է Բագրատունի թագավոր Գագիկ Ա. իր գահակալության շրջանում (990-1021):

Արդ՝ քանի որ, ըստ Ասողիկի վկայության, Աբաս թագավորի օրով կանգնեցավ Հոռոմոսի վանքը և Աբաս մեռած է 953 թվականին[4], հետևաբար 953 թվականեն առաջ կանգնված էր Հոռոմոսի վանքը, որ առնվազն 35-40 տարի առաջ է, քան ս. Գևորգ, և 80-85 տարի առաջ, քան ս. Հովհաննես: Ուրեմն այս վերջինները բնավ չեն կարող իսկական Հոռոմոսին վանք համարվել:

Կմնա կարծեցյալ ս. Մինաս եկեղեցին, որուն շինության ճիշտ թվականը թեև հայտնի չէ որևէ արձանագրությունով, սակայն, նախ՝ ճարտարապետական ոճի տեսակետով անկարելի է անոր շինությունը 10-րդ դարեն այս կողմը բերել, որովհետև 10-րդ դարու հայ ճարտարապետության վերածնության առաջին

  1. Մասնավոր հետազոտությամբ գտած են, որ Հոռոմոսի վանքի՝ Ախուրյանի ընթացքով ձևացած թերակղզին նեղ պարանոցով մը սկսած է Ղոշեքի գտնված տեղի վրա և այդ պարանոցը մի ժամանակ, թերևս վանքի հիմնարկութենեն ալ առաջ. փակված է եղել որձաքարե շինված ամուր պարիսպով. Ղոշեքը պարիսպեն հազիվ 4-5 մետր ներսը շինված է, հավանաբար պարիսպը քանդվելեն հետո են շինած Ղոշեքը:
  2. Հ. Ղ. վ. Ալիշան - «Շիրակ», Վենետիկ, 1881, երես 29:
  3. Ստեփանոսի Տարոնացւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական. Ս. Պետերբուրգ, 1885, երես 174:
    Պատմութիւն Հայոց արարեալ Կիրակոսի վարդապետի Գանձակեցւոյ, Մոսկվա, 1858, երես 47:
  4. Ստեփանոսի Տարօնացւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական. Ս. Պետերբուրգ, 1885 թ., երես 171-173: