Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆԻ[1]

Անի քաղա՞ք, թե՞ ամրոց: Անին, հակառակ պատմագրական վկայությանց, թե բիւրք- բիւրուց ժողովուրդ ուներ, հարյուր հազարավոր զորք և հազար ու մեկ եկեղեցի, այսօր առեղծվածային երևույթ է ստացեր։ Պարիսպներեն ներս, հազիվ չորս կիլոմետր տարածության վրա, անկարելի էր, որ այդքան ժողովուրդ տեղավորվեր։ Արդ. իրավամբ հարց կծագի, որ եթե Անի քաղաքի ամբողջական տարածությունը մեր տեսած պարիսպներեն ներս եղած մասն էր միայն, ուրեմն ինչպես այդքան փոքր տարածություն բավականություն կուտար այն բազմաթիվ բնակչության, մի տարածություն, որը թեև բերդ համարվելու չափ փոքր չէ, բայց քաղաք ըսելու չափ ալ մեծ չէ:

Չհիմնվելով լոկ պատմագրական վկայությանց վրա, այս առեղծվածը բավական կպարզվի, Շիրակի թագավորության պատմությունը համեմատելով Անիի և իր շրջակա հիշատակարաններու մնացորդներուն հետ։

Շիրակի թագավորության սահմանը արևելքեն Արագածոտն էր, արևմուտքեն՝ Վանանդ (Կարս), հյուսիսեն՝ Սանահին, հարավեն՝ Երասխ գետը։ Այս տարածությունը հազիվ կարելի է համեմատել այսօրվան Երևանի նահանգի հետ, որու մեջ երկու միլիոնեն ավելի ժողովուրդ դժվար թե կարենար իր տնտեսական կարիքներուն բավականություն գտնել։

Բովանդակ Շիրակի թագավորության մեջ ալ միայն մեկ հատիկ քաղաք կար, այն է՝ արքայանիստ մայրաքաղաք Անին։ Բագրատունյաց հարստության օրով այլևս ուրիշ քարէարի անուն չենք գտնում Շ իրակի թագավորության սահմանի մեջ։ Բագարանը հազիվ թե երբևիցե մեծ քաղաք եղած լինի. նախկին Բագրատունի իշխանները ավելի իբրև ամրոց նստան այնտեղ, քան իբրև քաղաք. արքայական աթոռը Շիրակավան փոխադրվելեն հետո, բնականաբար, Բագարանն ալ իր կարևորությունը պիտի կորցներ։ Անիի արձանագրություններեն երբեմն պարզ կտեսնվի, որ Մրենն անեցիներու մրգաստանն ու այգեստանն էր, ինչպես նաև Բագարանը։ Շիրակավանը, նույնիսկ թագավորանիստ եղած օրերուն, ավան կամ գյուղաքաղաք անունը ունի պատմության մեջ, նմանապես Արգինան, հակառակ կաթողիկոսական աթոռը լինելուն։

Անին առաջին անգամ մեծ քաղաքի հռչակ ստացավ, երբ Աշոտ Ողորմածը աթոռը վերջնականապես փոխադրեց այնտեղ (961 թվին), իր նախորդներու անհաստատ աստանդական թափառումներեն հետո։

Անշուշտ, Աշոտ Անիի դիրքին և ամրության հետ ինկատի ունեցավ նաև քաղաքին բազմամարդությունը, որ վաղուց աճել ու բազմացել էր նախորդ Բագրուտունի իշխաններու ջանքերով, թերևս կլիմայի և ուրիշ տնտեսական հարմարություններու պատճառով Անին թագավորանիստ քաղաք շինելու ծրագիրն ավելի հին էր, սակայն Աշոտ Ողորմածին միայն հաջողվեցավ առաջին անգամ իրագործել այդ ծրագիրը։

Թե ե՞րբ է սկսվել ժողովրդի հոսանքը դեպի Անի, այդ ճշտիվ չգիտցվիր, բայց հիշատակարաններու մնացորդներ կան, որոնք իրենց ոճով և արվեստագործությամբ ցույց են տալիս, թե նախքան Աշոտի աթոռն այնտեղ փոխադրելը, արդեն քաղաքը ընդարձակված էր այսօրվա պարիսպներեն ոչ նվազ տարածությամբ։ Աշոտն իր պարիսպը շինեց [հետագայում կառուցված] մզկիթի մոտեն մինչև Ծաղկոցաձոր, հին քաղաքին մեկ մասը միայն ներս առնելով։ Վահրամ Պահլավունի իշխանի հայրը՝ Գրիգոր Պահլավունի իշխանը, իր տոհմային եկեղեցին, Ապուղամրենց ս. Գրիգոր, շիներ է Աշոտի պարիսպներեն դուրս՝ եթե երբեք նախքան Աշոտի պարիսպի շինությունը արդեն կանգնված չէր Ապուղամրենց եկեղեցին։

Չորս տարի առաջ սմբատաշեն պարիսպեն ոչ շատ հեռու, պր. Ն. Մառի պեղումներով երևան եկած առեղծվածային չորս հաստ պիլոնները 10-րդ դարեն շատ առաջ շինված լինելու ամեն հավաստիք կներկայացնեն։ Իգաձորի եզերքին, սմբատաշեն պարիսպին գրեթե կից, մի փոքր եկեղեցիի մնացորդ կա, որու հյուսիսային պատը միայն կանգուն է երկու աղեղներով և մեկ միջին որմնասյունով։ Այս որմնասյան քանդակագործ խոյակի ոճը շատ բնորոշ կերպով 6-7-րդ դարերու հայ ճարտարապետության դրոշմը կկրե իր վրա:

  1. Արտատպվում է «Ազգագրական Հանդես»-ի XXII և XXIII գրքերից՝ փոքրիկ կրճատումներով: Կրճատված են Դիրաքլարի և Գառնիի տաճարների նկարագրությունները: ԿԱԶՄՈՂ