Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որևէ մեծությամբ քարայր մը փորելու համար, գրեթե նույն չափ ծախք և աշխատություն էր հարկավոր նույնչափով հասարակ բնակարան մը հողեն դուրս շինելու համար։ Մանավանդ որ քարայրերը ոչ նվազ ընտանեկան հարմարություններով բաժանված են սրահներու, սենյակներու և ուրիշ կարևոր ստորաբաժանումներու, կան նույնիսկ երկհարկանի և եռահարկ քարայրեր: Մեծամեծ քարայրեր կան, որոնց մեջ այսօր երկու հազարեն ավելի ոչխար կտեղավորեն քուրդ հովիվներ, ունին, բացի ընդարձակ սրահներե, սենյակներե և նրբանցքներե, նաև եկեղեցի և տոհմային դամբարան։ Ես կկարծեմ, որ միջնաբերդի մոտ, Ծաղկոցաձորի կողմի գիդան գյալմազ[1] ըսվածը, դարձյալ մասնավորի սեփականություն, մի ընդարձակ քարայր է, որու մուտքը խափանվեր է փլուզումով, ոչ թե հատկապես նեղ բացված, ինչպես կկարծեն ոմանք:

Այս տեսակ հսկա քարայրեր փորել տալը երբեք հասարակ կամ աղքատ ժողովրդի գործը չէ, անոնց համար հարստություն էր հարկավոր: Քարափոր եկեղեցիներ կան, որոնք ստորաբաժանումներով դրսի եկեղեցիներեն բնավ չզանազանվելեն զատ, նաև զարմանալի կերպով գեղարվեստական տեսք տալու ջանքեր եղած են անոնց ներքինին (նկ. նկ. 233 և 234)։

Ծաղկոցաձորի մեջ նկարազարդ մատուռի մը մնացորդով քարայր-դամբտրտն մը կա, որու համար կըսվի, թե Զաքարե սպասալարի զորավար Տիգրան Հոնենցի տոհմային դամբարանն է։ Հոնենց Տիգրանի անբավ հարստությունը կարելի է չափել եկեղեցինեն անոր տված նվիրատվությանց արձանագրություններեն. բացի ոսկեղեն և արծաթեղեն զարդերե և անշարժ կայքերե, քանի՜ քանի գյուղեր է բաշխեր այս կամ այն եկեղեցուն։

Ի՞նչ բան կստիպեր Տիգրան Հոնենցին, փոխանակ իր տոհմային դամբարանը հողեն դուրս ավելի գեղարվեստականորեն շինելու, մտնել քարայրերու մեջ։ Անկասկած, քարայրերը ավելի հաստատուն և տևական նկատված էին, քան դուրսը շինված դամբարաններն ու բնակարանները, և ավելի ապահով՝ բնության ավերիչ արկածներու դեմ։ Նաև զարմանալի չի թվի, եթե ըսեմ՝ ավելի առողջապահիկ, քան հողեն դուրս շինված բնակարանները՝ բացառապեսս Անիի շուրջը գտնված քարերու որակի և հատկության շնորհիվ, որոնց մեջ փորված են այս քարայրերը։ Քար ըսելե ավելի՝ եփած հողի նման է՝ հրաբխային լավայի ջերմության մեջ ավազով ու խիճով ձուլված և թրծված։ Ոչ ամառնային արեգական կիզիչ ջերմությունը կարող էր թափանցել այդ քարափոր բնակարաններու մեջ և ոչ ալ ձմեռվան ցուրտն ու խոնավությունը։ Կ. Հ. Բասմաջյանի Փարիզ տարած 4-5 տարեկան փոքրիկ աղջկան մը մարմինը Հոնենց Տիգրանին վերագրված քարափոր դամբարանի մեջ էր, որ բնական մումիայի փոխված էր, անշուշտ միմիայն չորության պատճառավ։ Երեկվան մեռածի նման անարատ պահված էր այդ փոքրիկ անեցուհիին մարմինը, նույնիսկ ձեռքերու միջի ու ոտներու ներքևի մորթի բնական ծալքերն ու գծերը չէին կորած, միայն գույնը փոխված էր բաց-պղնձագույնի։ Դժբախտաբար անգլուխ էր մարմինը, ականատեսներ

  1. Գնացողը չի վերադառնա (թրք.):