Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակարաններով, պարտեզներով, եկեղեցիով և գերեզմանատնով։ Դրսի մեծ բաղնիքը այս խտացած արվարձանները հաղորդակցության դնող լայն ճանապարհի մը եզերքին է։

Ալաջա լեռան ստորոտեն խմելու համար բերված ջուրը բնականաբար բավական չէր այս ընդարձակածավալ դաշտավայրը ոռոգելու, իմ կարծիքով՝ Քետիկլերի վտակի մեծ մասը դեպի Անի կհոսեր և անոր մեկ ճյուղն էր Հոռոմոսի վանքի սեփականությունը, որուն Հոռոմոսի գետ անունը տրվեր է մի ժամանակ։ Եվ որչափ առատ է եղեր այս ջուրը, որ բացի խրամներեն և դաշտային ոռոգումներեն, բավական էր նաև Գլիձորի մեջ քանի մը ջաղացներ դարձնելու։ Արդյոք տեղը չէ՞ կարծել, որ Հոռոմոսի վանքի՝ ջրի պատմության հետ կապված արձանագրության մեջ Ականց գյուղ անվանված նույնիսկ այժմյան Քետիկլեր գյուղն է, որու մեջ կգտնվին այս առատ ջրի ակունքները։

Ծաղկոցաձորի սահմանի վրա, Անի գյուղի մոտ, կա մի մեծ հասարակաց գերեզմանատուն, որու տարածությունը մեկ քառակուսի կիլոմետրեն ավելի է։ Այս գերեզմանատան ընդարձակությունը անվիճելի փաստ է պարիսպեն դուրս գտնվող բնակչության խիստ բազմամարդ լինելուն։ Պարիսպեն ներս բնակող ժողովուրդը բնավ չէ զիջեր հասարակաց գերեզմանի մեջ թաղվելու, ինչպես տեսանք, յուրաքանչյուր քայլափոխում տոհմային եկեղեցիներ և անոնց կից գերեզմանատներ լեցուն են ներսը։

Այս գերեզմանատան մեջ, բացի աղքատիկ և հասարակ տապանաքարերե, կարելի է տեսնել նաև հոյակապ շիրիմներու մնացորդներ ալ, որոնցմե մեկն է այսօր գրեթե կանգուն Կիրակոս վարդապետի մը դամբարանը, գունագեղ քարերով շինված։ Կիրակոս վարդապետի դամբարանեն դեպի հարավ կգտնվի մի ուրիշ փլատակ դամբարան, ավելի շքեղ և ավելի մեծ։ Ուշադրության արժանի է այս դամբարանի մնացորդը իր ճարտարապետական ավելի հին ոճով, քան Կիրակոս վարդապետի դամբարանը։ Երկարությունը, հյուսիսեն հարավ, բաժանված է եղեր երկու մասի, արևելյան պատի վրա պահված են տակավին աղեղնակապ խորշեր, որոնց մեջ խաչեր էին ագուցված, նույնպես երկհարկանի էր այս դամբարանն ինչպես Կիրակոս վարդապետինը, և ասոր վրա մեկե ավելի էր մատուռներու թիվը, որ կհիշեցներ Հոռոմոսի վանքին ս. Հովհաննեսի տաճարին կից տապանատունները։ Մեծ ու փոքր այսպիսի դամբարաններու թիվը ամբողջ գերեզմանատան մեջ կարելի է տասնի մոտենա, առանց հաշվելու Իգաձորի վրայի քարափոր երկու դամբարանները, որոնք նույնպես այս գերեզմանատան մասն են կազմում։ Այլևս ինչ կասկած կարող է լինել, որ պարիսպի հյուսիսային կողմի դաշտավայրն ալ միայն անեցի հասարակ ժողովրդի բնակության հատկացված չէր, համեմատաբար մեծ թիվ կկազմեր այնտեղ ալ ազնվական դասակարգը, որու գոյության ապացույցն են այս գեղակերտ մանր հիշատակարաններու մնացորդները, որոնց մեջ գլուխ-գործոց կկազմե Հովիվի փոքրիկ եկեղեցին։

Անպայման Հոռոմոսի վանքը, Բագնայր (Ղոզլիջա), Արջո Առիճո (Ալաջա գյուղ) և ասոնց նման 4-են մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա այժմ ավերակ գյուղեր Անիի արվարձաններն էին և անմիջական կապ ունեին քաղաքի ներքին վարչական և տնտեսական գործերու հետ։

Անի քաղաքի սահմանը հարավային կողմեն Ախուրյան գետով չէր վերջացած, հանդիպակաց ափը նույնքան երկարությամբ բնակելի էր, որչափ որ Անիի կողմը մինչև Կզկալա։ Եթե մի օր Անիի կամուրջը վերանորոգվի, այցելուները առիթ կունենան այն կողմն ալ ման գալու և տեսնելու եկեղեցիներու, բնակարաններու բազմաթիվ ավերակ մնացորդներ և հասարակաց գերեզմանատներ։ Գետի հանդիպակաց կողմի բնակչություննը քաղաքի և բերդի հետ անմիջական հաղորդակցության մեջ էր երեք կամուրջներով, որոնց մեկը, քարաշեն կամարակապ, իսկ մյուսները փայտաշեն, որոնց մասին առիթ կունենանք ավելին խոսելու։

Պատմագրական վկայության մը նայելով, պարիսպեն դուրս ապրող ամբողջ բնակչությունը թշնամու հարձակման ժամանակ իրավունք ուներ ամբողջովին պարիսպեն ներս ապաստանելու։ Պատահեցավ մի անգամ, որ թշնամին հարձակվեցավ անակնկալ, երեկոյան ուշ ժամանակ, և ժողովրդի մեծ մասը դուրսը մնաց դռները փակված լինելու պատճառով, և թշնամին անխնա կոտորեց դուրսը մնացողներին։

Այս համառոտակի բացատրություններեն կարծեմ թե բավականին պարզված կլինի, որ այժմյան մեր տեսած պարիսպներեն դուրս էր բուն Անի քաղաքը, և պարիսպը քաղաքի ամրոցն էր։

2. Անիի մեջ արվեստներու զարգացման և անկման դարաշրջանները: Թե պատմական ինչ անցքեր են տեղի ունեցեր Շիրակի և մասնավորապես մայրաքաղաք Անիի մեջ, քաղաքական ինչ հարաբերություններ կային դրացի երկրներու հետ, թող գրեն այդ ճյուղի մասնագետները։ Այս հոդվածով ես պիտի ջանամ համառոտակի ցույց տալ յուրաքանչյուր վարչական փոփոխության շրջանում այնտեղ զարգացող կամ անկման ենթարկվող ճարտարապետության և գեդարվեստներու նկարագիրը, որով պիտի տեսնենք, թե ինչ տեսակ գեղարվեստասեր, ստեղծագործող, հանճարեղ և աշխատասեր ժողովուրդ մը ապրեր է Անիի կամ բովանդակ Շիրակի մեջ, որու թողած գեղակերտ հիշատակարաններու մնացորդները, թեև մեզ, ներկա հայերիս, դեռ պետք եղածին չափ չէ հետաքրքրած, սակայն կոչված են պատմության անաչառ դատաստանի վճռով հին քաղաքակիրթ ազգերու շարքում պատվավոր տեղը տալ զանոնք կերտողներուն և կերտել տվողներուն։ Շատ երկար կլինի մի առ մի մեջ բերել ևրոպացի նշանավոր գիտնական և արվեստագետ այցելուներու հիացման ու զարմանքի զգացումներով ներբողած գովեստներն այս ավերակներու մասին, դեռ վերջերս մեծանուն գիտնական պ. Ն. Մառ Անին Կովկասի հնագիտական խոշոր մարգարիտը անվաներ էր։ Թե ինչպես կարողացել է հազիվ երկու միլիոնի հասնող փոքրիկ Շիրակի ժողովուրդը այսօրվա քաղաքակիրթ աշխարհի զարմանքն ու հիացումը գրավելու աստիճան փառավոր և անջնջելի հետքեր թողուլ, ահա այդ է ամենեն մեծ ուսումնասիրելի հարցը պատմական հայու կյանքում և կարոտ է բազմաթիվ մասնագետներու