վրա։ Ուշադրության արժանի էր ջրմուղի որոշ մասերուն շինվածքի կերպը, որն որ նախընթաց տարիներ պ․ Մառի պեղումներով բացվեցավ․ կային տեղեր, որ թրծած հողե խողովակները ջրի ուժեղ ճնշումներեն անվնաս պահելու համար կրկնակի քարե խողովակի մեջ ամփոփված և մաքուր կրաշաղախով պնդացված էին։
Ամբողջական պալատի մասին պիտի հրաժարիմ առայժմ գրելե, որովհետև այնպիսի այլանդակված վիճակի մեջ մեզ հասած է, որ դժվար է զանազանել անոր մեջ բնակողներից յուրաքանչյուրի առանձին շինածները կամ կատարած փոփոխությունները։ Ինչ որ Աշոտի կամ Գագիկ Ա-ի վերագրել հավանական էր, արդեն գրեցի, կմնա հյուսիս-արևելյան կողմի մեկ մեծ դահլիճը, որ նույնպես, հավանորեն, վերագրելի է Գագիկ Ա-ի, որուն մեջ փոփոխությություններ եղեր են հունաց տիրպետության օրով, իսկ մահմեդականներու և Զաքարյաններու վերագրելի մասերուն համար կգրեմ իր կարգին:
Սմբատի ընդարձակ պարիսպը հյուսիսային կողմի ձեռագործ խրամներով միասին ըստինքյան մի մեծագործություն է նահանգապետի մը չափ սահման և բնակչություն ունեցող թագավորի մը համար։
Չեմ սխալիր, եթե ըսեմ, որ մոտավորապես 2500 մետրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մետր բարձրությամբ և մեկ մետր թանձրությամբ․ ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմեն սրբատաշ։ Հյուսիսային կողմեն ձեռագործ խրամը մի մեծ աշխատությամբ և զոհողությամբ գլուխ հանված գործ է։ Խրամի մեջ լեցուցելիք ջրի մակերևույթին համար որոշված բարձրութենեն ավելի արտաքին փոքր պարիսպին հիմերը որձաքարով շինելեն հետո հանդիպակաց կողմը մեծածավալ որձաքարերով պատ շարեր են խրամի ամբողջ երկայնությամբ, ավելի քան 500 մետր։ Այս երկայնության մեջ ջրի հոսանքը արգիլելու և լճացած պահելու համար դեպի լայնության յուրաքանչյուր 10—12 մետր հեռավորության վրա վերստին նույն խոշոր որձաքարերով պատեր շիներ են, որոնց մեջ ջուրը ավազանանման լճանալով՝ վերևեն ավելորդը կթափվեր իրեն հաջորդ ավելի ցածր գտնվողին մեջ և, այսպիսով, մեկ կողմեն կհասներ մինչև Գլիձորի վերի ծայրը և մյուս կողմեն՝ մինչև Իգաձոր։ Բայց ջրի առավելագույն մասը կվազեր դեպի Գլիձոր, ուր արդեն պարտեզներ պիտի ոռոգվեին և ջաղացներ դարձվեին այդ ջրով։
Սմբատի համար այս պարիսպը մեծագործություն կհամարիմ այն պատճառով, որ, նախ Սմբատի աշխարհաշինության գործը մեն միայնակ այս պարիսպը չէր կարող լինել. երկրորդ՝ այդ ընդարձակ պարիսպը առառավելն 5—10 տարվան մեջ վերջացած է՝ բացառապես արքունի գանձարանի ծախքով։ Ճիշտ է, որ հետագա շրջաններուն, մասնավորապես Զաքարյաններու ժամանակ ավելի հսկա բուրգեր շինվեր են, պարիսպներու թանձրությունները կրկնապատկվեր և եռապատկվեր են, սակայն հետագա շինություններ և հավելումներ կատարվեր են առնվազն 100—120 տարվան երկար շրջանի մը մեջ, այն ալ ոչ թե պետական հաշվով, այլ մեծ մասամբ անհատական ծախքերով։ Չենք կարող ըսել, որ Սմբատի գանձարանը չէր բավեր ավելի հսկա և մեծածախ պարիսպներ շինելու, այն ժամանակվան