Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հանուն քրիստոնեության անվերջ նահատակություններու մահմեդականացած թաթար խաներու ձեռքով։

Նյութապես քայքայված[1], խղճի ու զգացումներու ազատությունը բռնադատված հայ ժողովուրդն այս անգամ վերջնականապես սկսեց բուռն թափով համայնական այնպիսի գաղթականություն մը, որով երկրի ամբողջական կործանումը հայտնի եղավ նույնիսկ հարստահարող խաներուն։ Ապուսայիտ Պեհատուր խան Անիի մզկիթին վրա փորագրել տված իր հրովարտակով իզուր աշխատեցավ ժողովուրդը գաղթականութենե ետ կեցնել, խոստանալով անոնց մեծամեծ ազատություններ և հարկերու բաշխումներ։ Վերանորոգված արյունարբու մահմեդական տիրապետության մղձավանջը սոսկում էր պատճառած, չէին կարող հավատալ Ապուսայիտի մը ժամանակավոր խոստումներուն, անտարակույս, հետագա մահմեդական կառավարիչներ ավելի խիստ տանջանքներու պիտի ենթարկեին զիրենք, պիտի քանդվեր ու պղծվեր ամեն սրբություն, ուստի ավելի նախապատիվ սեպեցին [զրկվել] երկրեն, հայրենի հողեն ու ջուրեն, միայն պահել խղճի ու կրոնի ազատությունը, կյանքն ու պատիվը։

Ահա այս մեծ գաղթականությամբ, ավելի քան 300 տարի անընդհատ ծաղկող քաղաքներու թագուհի Անին իր ընդարձակ շրջականերով ամայի անապատի փոխվեցավ։ Եվ անոր մեջ, տզրուկի նման, ժողովուրդի արյունը քամող բռնակալներ, ժամանակ մը ևս ավերակներ ողբացող բուերու նման սպասելեն հետո, իրենք ալ կորան, անհայտացան։ Այդ ժամանակեն ի վեր այլևս Անին տխուր գերեզմանական լռության սև քողով մը ծածկված մնաց։

Գաղթականության հոսանքեն կամա թե ակամա ետ մնացող հայեր, հիասթափված ու մեղմացած խաներու ձեռքին տակ մի կերպ իրենց գոյությունը պահպանեցին ու նոր կյանք ստեղծելու աշխատեցան։ Բնիկ հողին վրա շարունակեցին կանգնել եկեղեցիներ, ժամատուններ, մատուռներ ու գեղաքանդակ խաչքարեր, հայրենավանդ գեղեցիկ ոճերով։ Այս կենսունակ ժողովուրդին ինքնուրույնության, նկարագրին, գեղարվեստին և, վերջապես, արյան գնով ձեռք բերած փոքր ի շատե խաղաղության վերջին հարվածը տվավ Շահաբաս, ամբողջովին քշելով երկրի արհեստավոր ժողովուրդը Պարսկաստանի մեջ պարսկական արվեստի նոր վերածնություն մը ստեղծել տալու համար։ Այս սգալի անցքեն ալ մեզի հիշատակ մնաց Ջուղան իր ավերակներով և գերեզմանատունը՝ կանգուն ու կիսականգուն գեղաքանդակ բազմահազար խաչքարերով։


Բ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՈՒ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՔՆԵՐԸ և ԱՆՈՆՑ ՆԵՐՔԻՆ ԿԵՆՑԱՂԸ[2]

Պատմական Հայաստանի բնակչության ներքին կենցաղի շուրջը ընդհանրապես մեծ հետաքրքրություն կա. և իրոք, հետաքրքրական է գիտնալ, թե ինչ ձև կամ շուք ունեին անոնց բնակարանները, ինչ տեսակ կահկարասիներ կգործածվեին և ինչ տեսակ տարազ ունեին երկու սեռի համար։

Այս տեսակ մի լուրջ հարցի լիովին գոհացում տալ խիստ դժվար է, որովհետև մեզ բավարարություն տվող աղբյուրներ չափազանց սակավաթիվ են։ Այն աղբյուրները, որոնց դիմելով կհուսանք հնադարյան հայության ներքին կենցաղի պատկերը կազմել հետևյալներն են. 1. Պատմագրությունը, 2. Գիտական հետազոտությունները և հնագիտական պեղումները։ 3. Հայ ժողովրդի մեջ մինչև այսօր եղած ավանդական սովորությունները։ Այս երեք տեսակ աղբյուրներու համեմատական ուսումնասիրությունով՝ եթե ոչ ճշգրիտ, գոնե իրականության մոտիկ մի ուրվագիծ կկարողանանք ստանալ առաջադրված հարցի նկատմամբ։

* * *

Թեև իմ նպատակն է իբրև ճարտարապետական ճյուղ հետազոտել և որոշ չափով պատկերացնել հայոց արքունիքներու, ապարանքներու ձևերն ու ոճը և անոնց գեղարվեստական արժեքը՝ հիմնվելով նկարագրական և իրական ապացույցներու վրա, սակայն, կարծեմ, այստեղ ավելորդ չի լիներ նախապես այդ արքունիքներու և ապարանքներու մեջ բնակող երկու սեռին միանգամայն տարազները, պերճապաճույճ ընտանեկան զարդերն ու սպասները և փափկաճաշակ կերակուրները համառոտակի նկարագրել։

Գլուխնին կդնեին զմրուխտով, մարգարիտով և ուրիշ թանգագին գոհարներով զարդարված թագ կամ խույր, որուն միացած էր առանձնապես գոհարազարդ բանված վարսակալ՝ աշխարհավանդ հանգույցով. ականջնին ունեին թանգագին օղեր, իսկ կուրծքերնին զարդարված էր ապիզակ, գումարտակ և լանջապանակ անուններով զանազան տեսակի ոսկեհուռ գոհարազարդ կուրծկալներով։ Մարմինը վերեն վար կծածկեր հաճախ ոսկեթել բանված պատմուճան, անոր վրայեն թանգագին կերպասե մի վերարկու, որուն լայն օձիքը և երբեմն ամբողջությունը պատվական սամույրով պատած էր: Այս վերարկուն կամ սամույրը, ըստ պատշաճի մի ծառա կամ մի ստորադրյալ իր թևին վրա կկրեր, հետևելով տիրոջը՝ ի հարկին անոր ուսերուն վրա ձգելու համար։ Ոտքերնին կհագնեին գույնզգույն կոշիկներ, իրենց պատվո աստիճանի պատշաճ գույներով, սրունքներնին պատած էր ոսկեթել ասեղնագործված զանկապաններով: Մատերնին ունեին ակնահեռ մեծարժեք մատանիներ, որոնք ընդհանրապես իբրև կնիք կգործածվեին։ Մեջքերնին կկապեին ականակուռ ոսկեպատ կամ արծաթապատ կամարներ, որոնց միացած էին նմանապես ոսկեպատ ու արծաթապատ սուրերնին։

Կանայք ալ ավելի քնքույշ վայելչությամբ պճնազարդված էին։ Մետաքսեղեն ոսկեթել անկվածո դիպակներե շինված էին անոնց պատմուճանները։ Մարգարիտներով և թանգագին գոհարներով խառն էին

  1. Առաքելոց եկեղեցվո վրա Աղբուղայի արձանագրութենեն շատ պարզ կերևա, որ 1300 թվականին Անին արդեն վերին աստիճան աղքատ ու խեղճ դրության հասած էր:
  2. Արտատպվում է «Գեղարվեստ»-ի № 6-ից (1917 թ.): ԿԱԶՄՈՂ