Էջ:The Architecture, Tom 1.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս կեդրոնական չորս սյուները, տաշված կարծր որձաքարե, թեև համեմատաբար ավելի փոքր, սակայն իրենց moulure-ներով իսկական տիպը ունեն գագկաշեն ս․ Գրիգորի ներքին մեծ սյուներուն, թերևս այս դահլիճն ալ ըլլա գագկաշեն, որովհետև այլևս Անիի մեջ ոչ մի տեղ չի տեսնվիր որձաքար սյուներու գործածությունը։

Քիչ ժամանակ հետո, այս ընդարձտկ տարածությունը երկու մասի բաժանված է, հավանաբար հունաց ձեռքով, մեկ մասը բազիլիկ ձևով երկու կարգի վրա սյունազարդված է հունական և բյուզանդական ոճերու նմանություն կրող սյուներով։

Այս երրորդ դահլիճի և երկրորդ սրահի առջև բազմաթիվ հավելվածներու հետքեր կան դեռ չպեղված, որոնք հունաց և թաթարաց ժամանակի մնացորդներ կթվին։ Մեծատառ հունարեն արձանագրությանց կտորներ այս հավելումներու շուրջը գտնվեցան։

Բաղնիքը՝ մեկ նրբանցքի վրա՝ ունի երկու դուռ, որոնց յուրաքանչյուրը կտանե դեպի առանձին բաժանում։ Առաջին բաժանումը շատ փոքր է, հազիվ երեք մարդ կրնա տեղավորվել անոր մեջ, ունի առանձին վառարան և ծխաններ։ Հավանաբար ըստ արևելյան հարեմական դրության, սա կանանց հատուկ բաժինն էր:

Երկրորդ բաժանումը բավական ընդարձակ և ըստ ամենայնի կանոնավոր է, բացի դռներու անհամեմատ փոքրութենեն։ Նրբանցքի դռնեն կմտնվի ընդարձակ նախասրահ մը, ուր կան 30 սանտ. բարձրությամբ քարե սալահատակներով բազմոցներ, որոնց վրա կփռվեին գորգեր և օթոցներ, շրջապատված փափուկ բարձերով. այստեղ կհանվեին, կհագնվեին և թե կհանգստանային լվացումեն անմիջապես հետո (նկ. 279):

Նախասրահին անմիջապես կհաջորդե բուն բաղնիքը, որ բաժնված է երկու անհավասար մեծությամբ լվացարան-սենյակներու։ Փոքր նախագավիթին մեջ կա միայն մեկ լվացքի ավազան, երկրորդական հյուրերու կամ ծառաներու հատուկ, իսկ մեծ բաժնին մեջ առայժմ հայտնի են երկու ավազաններու տեղերը՝ դեմ դիմաց. թերևս խորը կար մի երրորդ ավազան ևս, բայց նշանները անհետացած են։ Այս բաժանումը հատակով միասին ամբողջ ծեփված էր գաճ ու կրով և ներկված։ Հատակի սալերը շարված էին մեկ մետր բարձրությամբ քարե սյունակներու վրա, որոնց տակ մնացած դատարկության մեջեն կանցնեին խորը վառվող վառարանին ծուխն ու բոցը և դուրս կելնեին հանդիպակաց պատին մեջ շինված ծխաններեն։

Վառարանին վրա կմնա եռացող ջրի կաթսային տեղը միայն, ուրկեց սկսած են բաժանվել ավազանները ջուր փոխադրող կավե նեղ խողովակները։ Տակավին կմնան ավելորդ ջրերը արտաքսող լայն խողովակներն ալ գետնին տակ, միայն որոշ հետք չկա կաթսան ջուր փոխադրող խողովակներու։ Այս մասը մինչև վերջը պահված է իբրև բաղնիք, բայց փոքր բաղնիքը հետո վերածվեր է սենյակի։

Բաղնիքի շինության ժամանակը որոշել դժվար է. ավելի նորագույն ժամանակի արվեստով շինված կերեվի. Աշոտի հին պատին հետ ունեցած անպատշաճ դիրքը և քարերու շարվածքն ու տաշվածքը շատ տարբեր են Բագրատունի շրջանի արվեստագործութենեն։ Եթե կավե նեղ խողովակներուն ջրամբարի վրա գտնված ջրաբաշխ խողովակներուն հետ ունեցած կատարյալ նմանութենեն հետևցնելով բաղնիքի այս մասը քիչ հին համարենք, այնուամենայնիվ, փոքր բաժնի բոլորովին հետնագույն ժամանակի հավելված մը ըլլալուն կասկած չկա:

Պասաժին մյուս կողմը, հարավային բաժնին մեջ, առայժմ փորված է երկու սենյակ, որոցմե մեկը առանձին ոչինչ չունի, բացի ընդարձակութենե, բայց մյուսն ուշադրության արժանի է յուր գեղանկար փայտյա առաստաղով և յուր ներքև պահած հնագույն մեծ ջրամբարով։

Այս ընդարձակ սենյակը անպայման կապ ունի հյուսիս-արևելյան կողմի արաբական զարդարանքներով սրահի հետ։ Գտնված առաստաղի տախտակներու վրայի ծաղկանկար զարդերու ոճը նույնպես արաբական է և խառն է գաճե ժապավեններուն վրայի քանդակներուն ճիշտ նման ձևերով. թերևս այս մեծ սենյակը հյուսիս-արևելյան սրահը շինել տվող խանի հարեմին հատուկ էր պալատի հարավային անջատ բաժնին մեջ։

Այս սենյակին ալ շատ ուշ ժամանակ շինված և գաճե զարդարանքներով սրահին ժամանակակից ըլլալուն ապացույց կարող են համարվել հետևյալ նշանները։ Նախ՝ նույն ձևով չորս մեծ անջատ սյուներու օժանդակությամբ ծածկված առաստաղով հին սենյակի մը հետքեր գտնվեցան ասոր հատակեն, որուն սյուներու խարիսխները ավելի ճոխ և ճիշտ նման էին մայր եկեղեցու արևմտյան դռան առջև այժմ գոյություն ունեցող խարիսխներուն. երկրորդ՝ վերջին շինության ժամանակ ջրամբարը մասամբ փլած և մինչև բերանը հողով լեցվելով անգործածելի դարձած էր, ամբողջովին վրան սալարկվելով, երրորդ՝ ջրամբարեն ամրոցի աղբյուրները ջուր փոխադրող կավե և երկաթե նեղ խողովակները սենյակի սալահատակին ներքև խանգարված և ընդհատված էին. չորրորդ՝ նկարազարդ առաստաղը ընկած էր ուղղակի վերջին սալահատակին վրա:

Ջրամբարը ունի 7 մետր լայնություն, 7 մետր երկայնություն, 5 մետր խորություն, մեջտեղեն բաժանված է միջնորմով մը և գաճ ու կրով ծեփված հատակով միասին։ Միջնորմին վրա բացված են երկու սրակամար, ցած, հաղորդակցության դռներ։ Պատերը շինված են քառակուսի լայն աղյուսներով, կամարներու աղյուսներուն շարվածքը զարմանալի նմանություն ունի հին ասորական և պարսկական շարվածքի ձևին, սա ինքնին մեծ ապացույց է ջրամբարի խիստ հնության։

Պասաժն ալ չէ մնացած իր սկզբնական ձևին մեջ, ավելորդ շինություններով և նորոգություններով բոլորովին տգեղացած է։ Արևմտյան մտից դռան բարավորները կեսեն վար անաղարտ պահված են իրենց հնագույն հայ ոճի քանդակազարդով, որուն առաջին օրինակը կտեսնվի Տեկորի եկեղեցիին վրա և վերջին օրինակը Մայր եկեղեցվո հարավային պատուհաններեն մեկուն շուրջը: Պալատին կից սագաշեն եկեղեցին, որ ավելի հին է, իր պսակներուն վրա ունի ճիշտ նույն քանդակները։