արգելափակ՝ ամրոցի լանջի մեկ մասից մյուսն անցնելու, որովհետև, գուցե պատերազմական նպատակներով, սարալանջը զանազան մասերի էին բաժանած վերևից ցած իջնող պարիսպներով։
Չափազանց հետաքրքրական են այս սարի շուրջ պարսպելու համար գործադրված ջանքերը. տեղի վրա երկար քննելով այս նախնական պարիսպների կազմության եղանակները, քննությանս արդյունքն այստեղ համառոտ կերպով արձանագրել հարմար կդատեմ։
Ինչպես կերևի այստեղ դրված լուսանկարներից, սարը գրեթե կոնաձև է, ուստի շրջապատ պարիսպները որոշ չափով բարձրացնելուց և անկանոն թափված քարերից մաքրելուց հետո, աստիճանավոր մի մեծ բուրգի երևույթը կստանար։ Հայտնի չէ, թե վերևի՞ց են սկսած որմնաշինությունը, թե՞ ներքևից, արդյունքը նույնն է։ Այժմ ենթադրենք, թե սարի ստորոտից են սկսած որմնաշինությունը, բայց որովհետև տակավին անգիտակ էին նույն իսկ կառուցելի պատին որոշ ուղղություն տալ և ուղղության համեմատ փոքր ի շատե հիմք պատրաստել մեծազանգված քարերը շուռ տալով այս այն կողմ, հազիվ հազ հարդարած են հատակը։ Քննությունը ցույց տվեց, որ հիմք չունին պատերը, գրեթե հողի երեսի վրա դրված են մեծ դժվարությամբ, այդ պատճառով հնար չէ եղած լարաձիգ ուղղություն տալ պատին, այլ, ըստ հարմարության, երևույթով միայն հորիզոնական, հատակը պատրաստված է առաջին շարքով միմյանց անհամապատասխան մեծ ու փոքր քարեր միմյանց քով զետեղելով։ Երկրորդ շարքի համար վերևից նորից գլորել են քարեր և իրենց հսկայական ծավալով մի կերպ տեղավորել են հատակի առաջին շարքի վրա՝ բայց այս անգամ մի անհեթեթություն է դուրս եկած, որովհետև եթե մարդկային ուժով մի հնար գտել են քարը քարի վրա բարձրացնելու համար, բայց ուղիղ մի շարք բերելու հնար չէ եղած, ուստի ընկած դիրքի մեջ աշխատել են քարերի զանգվածները հաստատել, որպեսզի քարերն անշարժ լինին և հնարավոր լինի քարերի զանգվածները զետեղելու։ Այս նորագույն ձեռագործ շարքերով որովհետև բարձրացել էր պատը և շատ դժվար պիտի լիներ գլորված նորանոր քարեր պատի վրա հանելու, ուստի նախապես հող լեցուցել են սարի կողմի երեսի վրա շարքերի վերին մակերևույթին հավասար և այնուհետև գլորել են վերևից նոր քարեր, որոնց մի կերպ տեղավորել են նախորդ շարքերի վրա։ Այս երեք շարքերը, որ այժմ կան պահված, պատը բարձրացուցել են մոտավորապես երեք մետր. սակայն վերևի մասերը քանդված լինելու պատճառով, հայտնի չէ այժմ, թե ի՞նչ բարձրության հասցուցած էին պատերը։ Միայն թե նախորդ շարքերը շարելու եղանակով հաջորդաբար իրար վրա շարել են մեծազանգված քարեր մինչև որ հասել են նախապես ծրագրված բարձրության։
Այս քարակուտակումներով կազմված պարիսպները մոտից նկարված են բերդասարի հարավային կողմից: Այստեղ նկարագրված ձևով կտոր-կտոր շինելով և միմյանց կցելով, բոլոր բերդասարը գագաթից մինչև ստորոտ մի քանի անգամ շրջապատել են: Իսկ վերևից դեպի ցած շառավիղաձև պատերը գրեթե նույն