Տեսնելով և մանրակրկիտ հետազոտելով քրիստոնեական բերդի հնագույն մնացորդները, բնականորեն հետաքրքրվեցի նաև ուրիշ հնագույն մնացորդներով, որոնք կարող էին գոյություն ունենալ այս գյուղում։ Իսկապես հնագույն մնացորդներով շատ հարուստ էր այս գյուղը և ապացուցում էր, որ այս գյուղում, նախնադարյան շրջաններից սկսած, մարդկային հոծ բազմություն եղել է մինչև քրիստոնեական վերջին ժամանակները։ Շինել են երկու բերդեր, միմյանցից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա, կարիք է զգացվել նաև մի բերդաքաղաքի շինության երկու մեծ բերդերի մեջտեղ մնացած հարթավայրում։ Շրջելով այս գյուղը, տեսնում էի զանազան հին տիպի նախաքրիստոնեական գերեզմաններ, հողադամբաններ, կրոմլեխներ, մանավանդ Շահ-թափա կոչված մեծ հողաբլուրը։ Պակաս չեն նաև այս գյուղում ուրիշ հին կուլտուրայի մնացորդներ, ինչպես՝ ջրի ճանապարհներ, աղբյուրներ, բազմատեսակ գերեզմաններ և այլն և այլն:
Կափըլի գյուղում, նախնադարյան մնացորդները ամբողջությամբ դիտելով, պարզ կտեսնենք, որ բերդ և բերդաքաղաք շինելու համար տեղի ընտրության տեսակետով հետևել են ավանդական սովորության: Երկու մեծ բերդերի հովանավորության ներքո շինված է քաղաքը, որ շրջապատված է բարձր ու ցած բլուրներով, որոնց երկու ծայրերի վրա բլուրներն ավելի բարձր են, քան մյուս միջինները։ Ամենահին ամրոցը շինվել է այժմյան գյուղի մեջ՝ հին քաղաքին կից: Թե ո՞րչափ երկար տևել է այս ամրոցի և բերդաքաղաքի գոյությունը, հայտնի չէ, բայց պարզ է, որ բերդաքաղաքը կիսաբոլորակ շրջապատող բլուրների և սարերի հարավ-արևմտյան ծայրի վրա շինված է մի ուրիշ ավելի մեծ ամրոց, շինվածքով և դիրքավորությամբ ավելի ամրագույն: Այս երկրորդ մեծ ամրոցը շինվելուց հետո, առաջին ամրոցը լքված կերևի, որովհետև հետագա դարերի զարգացած պատերազմական արհեստին