գուռ անասունների ջուր խմելու համար, այլև պատմում են, որ հիսուն հատից ավելի, ջոկելով լավերը, խրկել են յայլա, նույնպես անասուններին իբր խմելու ջուրի գուռ գործածելու համար։
Գուցե նախաքրիստոնեական շրջանին են պատկանում կարասի նմանությամբ դագաղներ։ Այս կարասների մեջ առհասարակ մի դիակ մտցրած ու բերանը փակած են։ Բայց Կափըլիում գտնված է նաև մի գերեզման, որ երկու կարասի մեջ ամփոփած էին մի մարդկային դիակ՝ երկու կարասների բերանները միմյանց հպեցնելով։ Այս ձևով մեռյալի դիակի կեսը մի կարասի մեջ, իսկ մյուս կեսը ուրիշ մի կարասի մեջ մտցնելով՝ թաղել էին:
Քանակով պակաս չեն նախաքրիստոնեական այն գերեզմանները, որոնք հետո քրիստոնեական շրջանում ևս մի առժամանակ սովորություն է եղած, այն է՝ հանգուցյալի հասակի երկարությամբ, սալերից կազմված արկղաձև գերեզմաններ, նույնպես վրաները սալերով ծածկված։ Այս ձևը, եթե կրոնական օտար հարանվանությանց չի պատկանիր, անցել է քրիստոնեական սկզբնական շրջանին, որովհետև կարասի և քարափոր դագաղների մեջ թաղվածների հետ զուգընթաց գտնվում են սալերով արկղաձև շինված գերեզմաններ։ Անպատճառ հաջորդականություն կա այս ձևերի մեջ:
Շատ հաճախ, տների մեջ կարելի է գտնել սև կամ դեղնագույն խեցեղեն ամաններ, գերեզմաններից դուրս եկած, [որոնք] գյուղական ընտանիքների մեջ գործածական են, եթե անվնաս են։ Բացի խեցեղեն ամաններից, գյուղի հարսների և աղջիկների թևերն ու պարանոցները երբեմն պճնված են ագաթյա այլազան քարերից շինված ուլունքներով։ Մի գյուղացի ինձ ցույց տվեց մոտավորապես երկու սանտիմ մեծությամբ, վրան խորհրդանշաններ քանդակված ագաթյա կնիք։
Այժմ մնում է մի փոքր տեղեկություն տալ հին քաղաքատեղիի աղբյուրների և ջրի ճանապարհների մասին, որոնք թեև այսօր մեծ մասամբ ավերված են, այնուամենայնիվ դեռ ջուրը վազում է ընդհանրապես հնօրյա խողովակների միջով։ Հին ջրի ճանապարհներ երկու հատ կան, որոնք նախնադարյան քաղաքի ստորին մասում երևան են եկած, միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա։ Ուղղությունը ցույց է տալիս, որ բերդաքաղաքը կիսաբոլոր շրջապատող սարերի զանազան կետերից սկիզբ են առնում ջրերի աղբյուրներ և բերդաքաղաքի ստորին մասում մոտենում են միմյանց։ Հայտնի չէ, թե այն տեղը, ուր երևան են գալիս ջրերը և նույնիսկ թաղված են այնտեղ մի քանի հատ քարափոր հին դագաղներ, իբրև քարե գուռ անասուններին ջուր խմելու համար, նախապես աղբյուր եղած է, թե ջրի ճանապարհները խանգարվելով, այդ տեղի վրա ջուր երևան եկած է: Համենայն դեպս, գիտնալ կարևոր է, որ քաղաքի վերևից սկիզբ առնող երկու ջրի ճանապարհներ շատ էին այդ աղբյուրանման տեղի համար, անպատճառ այդ տեղից բաժանվում էին այդ երկու ջրատար գծերը։ Մեկը թերևս այդտեղ վերջանում էր, սակայն մի ուրիշ գիծ երևում է խիստ խնամքով ծածկված, որ շատ հեռու է գնում, քան այն աղբյուրանման տեղը։ Փորձնական պեղումներով միայն կարող են իսկական իրողությունը որոշել։
Երկու ջրատար ճանապարհներ թե տարբեր ոճով շինված են և թե տարբեր ժամանակի գործեր են։ Ասոնցմե մեկը, որ, իմ կարծիքով, ավելի հին է թերևս, նախնադարյան շրջանի գործ է, այն է՝ որ առանց խողովակի պարզ քարեղեն ճանապարհ է շինված առանց որևէ միացուցիչ շաղախի, այսինքն բնական անտաշ քարեղեն սալերով կազմված է ճանապարհը. բայց թե քարեղեն սալերն ինչպես են զետեղված միմյանց մոտ և ինչպես են ամրացած, իհարկե, քննության կարոտ է։ Իսկ ջրի երկրորդ ճանապարհը հողի տակ թե ավելի բարձր է շինված քան սալաշենը և թե կավեղեն թրծված խողովակներով տարված է ջուրը։ Ես կարծում եմ, որ այս կավեղեն խողովակներով ջրատար գիծն է, որ անցնելով աղբյուրանման տեղից, շատ հեռուներ է գնում։ Այժմյան Կափըլի գյուղը շատ քիչ էր շահագրգռված այդ ջրի հին ճանապարհներով, որովհետև գյուղում բավարար աղբյուրներ կան, սակայն նախիր գնացող անասունների ճանապարհի վրա էր այդ աղբյուրանման տեղը և շատ հարմար անասունների ջուր խմելու համար, այդ պատճառով այնտեղ իբրև գուռ թաղել են քարափոր դագաղներ, անոնց մեջը ջրերը լճացնելու համար։ Իսկ այդ ջրերից մարդկանց օգտվելու համար ոչ մի հարմարություն չեն շինել։ Այս հանգամանքից երևում է, որ այգ պատահական ջրից օգտվելու համար միայն գյուղի անասունների մասին է մտածել գյուղական ժողովուրդը:
Ամբերդ կամ Անբերդ.— Իր ամուր դիրքի պատճառով չափազանց հին ծագում ունի Ամբերդ կամ Անբերդ անվանված մեծ բերդաքաղաքը, Արագածոտն գավառի մեջ։ Երկու գետակների՝ Արխաշան և Ամբերդ գետակների խառնուրդից գոյացած եռանկյունաձև բարձունքի վրա շինված է այս բերդաքաղաքը։ Բերդաքաղաքի երկու կողմի գետակները ահագին խորություն ունին չափազանց թեք լանջերով,— այս իսկ պատճառով է, որ բերդաքաղաքը միանգամայն անմատչելի էր համարված։
Երկու տարբեր ուղղությամբ հոսող և միմյանց խառնվող գետակների պատճառով, վերևի ամբողջ բերդաքաղաքը եռանկյունի ձև ստացած է։ Այս եռանկյունաձև բերդաքաղաքի հարավ-արևելյան կողմը կգտնվին նախնադարյան ամրոցի մնացորդները, որոնց հսկայական քարերի անկարգ դասավորություններն