Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս համայն շենքի նման անշաղախ մեծամեծ քարերով է շինված: Այս թեք ճանապարհով իշխանը կամ տոհմապետը, եթե ոչ կառքով, գեթ ձիով կարող էր բարձրանալ դղյակի արտաքին դռան առջև:

Շենքի հարավ-արևմտյան կողմը, հավանորեն արտաքին պարիսպներեն ներս, պատահաբար բացված գերեզմաններից անկախ, երևում են կրոմլեխներ, որոնց երկու խոշորագույններն իշխանական դղյակին կից են: Պետք է ըսել, որ շատ քիչ է հետազոտվել այս դղյակի շուրջը, որ ամենայն հավանականությամբ նախաքրիստոնեական շատ հնություններ պիտի գտնվին, ուստի առայժմ կվերապահենք ուրիշ մանրամասն հետազոտության։

Ֆրանսացի գիտնականն եթե իր այցելության ժամանակ դղյակը կանգուն է տեսել և գծագրել է եղածին պես, այն ժամանակ մեզ համար չափազանց հետաքրքրական կլինի, որովհետև Հայաստանի սահմանում այս միակ շենքն է, որ նախաքրիստոնեական շրջանից մեզ հասել է, և մենք անով պիտի գաղափար կազմենք նախաքրիստոնեական բարձրագույն դասակարգի ճաշակի վրա։ Որովհետև եթե ֆրանսացիի նկարած պատկերին վրա դատենք ճարտարապետական տեսակետով, կտեսնենք, որ բավական ճաշակ և համաչափություն կա արտաքին ճակատների վրա։ Իսկ եթե վերակազմել է, անշուշտ այն ժամանակ ավելի շատ մնացորդներ կային և մնացորդ ճարտարապետական բեկորների հիման վրա ամբողջացրել է շենքը։

Թեև Աղավնատան շրջանի մեջ հուշարձանների շատ մնացորդներ կան գրեթե մինչև 13-րդ և 14-րդ դարերից մնացած, սակայն ասոնք թողելով իրենց կարգին, այս աշխատության մեջ տեղ կու տամ նախաքրիստոնեական մի մնացորդի, որ ըստինքյան հետաքրքրական է նախ՝ նախաքրիստոնեական լինելու, երկրորդ՝ որոշ նմանություններ Խզնավուզի դղյակի հետ ունենալու պատճառով։

Աղավնատան կից գոյություն ունեցող նախաքրիստոնեական ամրոցը մեկ մետրից ավելի բարձր պատ ունի։ Այս շրջապատի ներքինը քրիստոնեական շրջանին մաքրել են և 10-րդ—11-րդ դարուն միջակ մեծությամբ մի եկեղեցի են շինել, որն իր կարգին կհիշատակեմ և կնկարագրեմ։ Այժմ այստեղ հիշատակելս հնագույն ամրոցին՝ Խզնավուզի դղյակի հետ փոքր ի շատե նմանության մասին պիտի լինի։ Գյուղացիներ, որ հաճախ փորում են այս նախաքրիստոնեական ժամանակի հողերը և տանում են իրենց արտերը պարարտացնելու համար, հաճախ գտնում են հին առարկաներ, ինչպես նաև տների հիմեր փորելու ժամանակ։ Այս պարագան ցույց է տալիս, որ նախաքրիստոնեական շրջանին այստեղ կար խիտ բնակչություն ամրոցի շրջակայքում, իսկ ամրոցի պարիսպների մեջ գոյություն ուներ մի շենք կամ մի դղյակ, որն այժմ գոյություն չունի, շատ խնամքով մաքրել են պարսպամեջը 10-11-րդ դարուն և կրոնական նպատակների ևն ծառայեցրել, մի ծայրին միջակ մեծությամբ քրիստոնեական եկեղեցի շինելով։

Բայց այս պարիսպի մեջ ամենից ուշադրության արժանի մասը ստորերկրյա քարայրն է: Պարսպապատ մասի հարավային կողմը մինչև այսօր գոյություն ունի մի գետնահարկ քարայր, որու մտից դուռը հարավային պարիսպից դուրս ամրոցի գետնի մակարդակից ցած է գտնվում։ Քարայրի մեջը բավական ընդարձակ է, այնպես որ վերջին թուրքական արշավանքի ժամանակ հարյուրավոր գյուղացիներ ապաստանել են և անվնաս ազատվել հարձակման արհավիրքներից։ Այժմ պետք է որ համեմատեմ այս քարայրը Խզնավուզի դղյակի արևմտյան մասի գետնահարկի հետ, որն արտաքին կամարակապ մտից դուռ ունեցել է։ Այս պարագան ցույց է տալիս, որ տոհմապետական մի դղյակի կամ ամրոցի համար անհրաժեշտ էր մի ստորերկրյա բաժանում կամ քարայր, սա երկրորդ օրինակն է, որ գոյություն ունի Աղավնատան նախաքրիստոնեական ամրոցի ներքև։ Կա նաև երրորդ օրինակը, որի մասին ուրիշ առթիվ գրել եմ, երբ նկարագրում էի Մարմաշենի մոտ Վահրամ Պահլավունիի բերդը, որ շինված է նախաքրիստոնեական մի ամրոցի վրա։ Այդ բերդի հյուսիսային կողմի վրա ևս կա բերդի մեջի բնակարենների ցածը ստորերկրյա մի քարայր, որը հետզհետե խցվելու վրա է հեղեղատների պատճառով։

Վերջապես, եզրակացնելով խոսքս, պիտի ըսեմ, որ թե Խզնավուզի և թե Աղավնատան բերդերի շուրջն անպայման պեղում պետք է կատարել, որպեսզի լրիվ կերպով բաղդատել հնար լինի երկու մոտակա ամրոցների ստորին քարայրերը և թե ըստ կարելվույն կստուգվի Պուլեյ Լըկուզի նկարած վերակազմությունը, որով մենք կունենանք նաև մի նմուշ նախաքրիստոնեական տոհմապետական շենքի թե արտաքին ճակատին և թե ներքին բաժանումներին։

Կարսի շրջան. Թահմազ-թափիա. — Երկրորդ շրջանի բերդաշինության ժամանակին է պատկանում Կարսի