Կուլիաինի անունով, ուր ապրում էր խիտ բնակչություն։ Հին պատերից և հին դամբարաններից զատ, գոյություն ունի նաև մի բևեռագիր արձանագրություն՝ մոտակա ձորի մեջ հոսող վտակի աջ կողմի ժայռերի վրա։
Հետազոտական պտույտի ժամանակ մի գյուղացի ինձ բերեց բրոնզյա մի լայն գոտի, որուն վրա չափազանց ճարպիկորեն, կետաշար գծերով ձևակերպված էին հրեշներ կամ առասպելական կենդանիներ՝ երկրաչափական պարզ ձևերի մեջ կենդանիների մարմիններ, հնդկական երկայնատուտն կոկորդիլոսի գլխով։
Գոտիի հետ կային նաև մի բրոնզյա ձուլված նիզակ, մի երկաթյա սուր և մի քանի խեցեղեն մեծ ու մի փոքր ամաններ։ Այս ամենը միասին դուրս էին եկել արտից, հողը վարելու ժամանակ։
Այժմ այդ իրերը գտնվում են Երևանի Պատմական թանգարանում։
Մարմաշեն (Կանլիջա).− Լենինականի հյուսիս-արևմտյան կողմը, 6-7 կիլոմետր հեռավորության վրա, կգտնվին Վերին և Ներքին Կանլիջա անունով երկու գյուղեր, որոնց հին անունն եղել է Մարմաշեն։
Երկու Կանլիջաները, միմյանցից 2-3 կիլոմետր հեռավորության վրա, Արփա-չայի ձորի մեջ են։ Գրեթե երկու գյուղերի մեջտեղ, արևելյան բարձունքների վրա և թե ավելի առաջ, դեպի հարթավայրերը կգտնվին բազմաթիվ նախաքրիստոնեական պատերի և հիմերի մնացորդներ, ձորեզրին մի քիչ խոր, բնական ժայռի վրա փորագրված կա մի բևեռագիր արձանագրություն, որուն մեջ բևեռագրագետներ կարդում են շրջանի և թե այն տեղերը գոյություն ունեցող քաղաքի անունները:
Բևեռագիր արձանագրված բնական ժայռի հանդեպ կա նույնպես բնական մի մեծ ժայռ և այս երկու մեծ ժայռի արանքն է բևեռաձև արձանագրության տեղի մուտքը: Այս փոքրիկ տեղի հարավային կողմն էր, որ բաց կմնար. ուստի բևեռագիր արձանագրությունն ամեն կողմից շրջափակած լինելու համար հարավային կողմն ևս փակել են կիկլոպյան անշաղախ քարե պատով, թեև այդ պատից այժմ հիմերն են մնացել: Բևեռաձև արձանագրությունից մի քանի քայլ դեպի հարավ, նույնպես ժայռի ճակտին, փորագրված են մեծ ու փոքր խորհրդավոր բոլորակ փոսիկներ, որոնք մի նվիրական ձև էին նախաքրիստոնեական մարդկանց համար ըստ իրենց պաշտամունքի:
Բևեռագիր արձանագրութենեն դեպի հյուսիս կա մի մեծ լեռնանման բարձրություն, որուն գագաթի շուրջը և լանջերուն վրա չափազանց որոշ երևում են թե հնագույն և թե հետնագույն շինված բերդերի ավերակներ: Այս ավերակներին առհասարակ շրջակա բնակիչներ Վահրամի երդ անվանում են ավանդաբար: Անշուշտ Վահրամ Պահլավունիի անունն է կապվում 10-11-րդ դարերում շինված այս բերդի հետ։ Բայց պարզ երևում է, որ Վահրամ Պահլավունի այս բերդը շինել է նախաքրիստոնեական հնագույն բերդի ավերակների վրա։ Բերդի մեջ երևացող ապարանքի մեկ մասի և շրջապատ պարիսպի հիմերը հնագույն են։ Նաև բարձր բլուրի լանջերուն վրա երևում են ժայռաշեն, առանց շաղախի կիկլոպյան պատերի հիմեր։ Հավանական, ուրարտական շրջանից, ոչ միայն բերդի գագաթին եղել է տոհմապետական ամրոց, այլև բերդակիր սարի ներքև փորված էր մի խոր քարայր, որուն դուռը գտնվում է բերդի ուղիղ հյուսիսային կողմը, ստորոտում հեղեղից գոյացած մի ձորակի մեջ: Առաջին այցելությանս ժամանակ կարելի էր այս քարայրի դռնից ներս մտնել և տեսնել ժայռից կոկված պատերը: Բայց վերջին այցելությունների ժամանակ տեսա, որ մի հեղեղ լեցուցել է քարայրի նրբանցքը և դուռը միայն մնացել է հայտնի. առայժմ առանց մասնավոր պեղումի կարելի չէ քարայրին ներսը քննել և ուսումնասիրել: Կաիջա գյուղի ծեր մարդիկ վկայում էին, որ ճիշտ այդ ստորերկրյա քարայրի դռան մոտերքը գոյություն ուներ ավելի մեծ բևեռագիր արձանագրություն, որը, ինչպես երևում է, հեղեղների բերած քար ու հողի տակ ծածկվելե զատ հետզհետե լցրել է ստորերկրյա քարայրի մուտքը:
Աղջակալա.− Խզնավուզ.— Աղավնատուն և Շամիրան.— Էջմիածնից հյուսիս-արևմուտք, դեպի հյուսիս, մեկ կարգի վրա հաջորդաբար հիմնված են Աղջակալա, Խզնավուզ, Աղավնատուն և Հարամլու գյուղերը, որոնց մասին մասամբ գրել եմ աշխատությանս ընթացքում: Այս գյուղերից դեպի հյուսիս-արևմուտք երկու ճանապարհներ