Հայկական հին ճարտարապետությունը շատերին է հետաքրքրել։ Ակադեմիկոս Ն. Մառի՝ Անիում կատարած բազմամյա աշխատանքները հարուստ նյութ են տալիս մեր ճարտարապետության պատմության։ Խոշոր գործ են կատարել նաև Հայաստանի և Միութենական գիտական հիմնարկները վերջին քսան տարվա ընթացքում։ Սակայն, մինչև օրս չկա ընդհանրացնող մի աշխատություն, որտեղ լուսաբանված լինեին հայկական ճարտարապետության զարգացման գլխավոր հարցերը։
Ն. Մառի՝ Անիին վերաբերող մեծածավալ աշխատությունը նվիրված է միայն այդ քաղաքի շինարարության հարցերին։ Ստրչիգովսկու երկհատոր աշխատության մեջ, որ գրված է մեծ մասամբ Թորամանյանի նյութերի հիման վրա, հեղինակի առաջ քաշած հարցերը վերջնական լուծում չեն ստացել՝ փաստական մատերիալի պակասության պատճառով։
Այդ բացը որոշ չափով վերացնելու նպատակով կազմել ենք ներկա ժողովածուն, որն ընդգրկում է ճարտարապետ Թորոս Թորամանյանի գրեթե բոլոր լավագույն աշխատությունները։
Այս ժողովածուն, որի մեջ տեղ են գտել ինչպես հրատարակված, այնպես էլ մինչև այժմ անտիպ մնացած աշխատությունները, բաժանել ենք չորս մասի.
Առաջին մասում զետեղել ենք Թորամանյանի անվերնագիր մի աշխատությունը, որը նվիրված է նախնադարյան շրջանից մեզ հասած ճարտարապետական մնացորդների ուսումնասիրությանը և որը պարունակում է հեղինակի տեսած կուրգանների, մեգալիթյան մնացորդների, բերդ-շեների նկարագրերը։ Թորամանյանը 1920−1921 թվականներին Էջմիածնում, Գիտական ինստիտուտի «Բանբեր»-ում հրատարակել է մի համառոտ հոդված՝ «Նախաքրիստոնեական ճարտարապետություն» վերնագրով։ Ներկա ուսումնասիրությունը «Բանբեր»-ում հրատարակված այդ հոդվածի ընդարձակ վարիանտն է, որը հեղինակը վերամշակել և լրացրել է 1932−1933 թ.թ. ընթացքում։
Իբրև նախնական ժամանակներն ամփոփող ուսումնասիրություն, այս աշխատությունն ունի մի շարք պակասներ և որոշ չափով հնացած մասեր։
Ուսումնասիրության ձեռագիրը, հատկապես նախնադարյան կենցաղի նկարագրության մեջ, ուներ որոշ չափով հնացած մասեր, որոնք մասամբ ճշտեցինք և մասամբ էլ կրճատեցինք։
Բազմաթիվ մնացորդների մանրամասն և բարեխիղճ նկարագրությունն այս ուսումնասիրության ամենաարժեքավոր կողմն է, որովհետև մեր նախնական ճարտարապետությունը համարյա թե չի ուսումնասիրված։