Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկիր, որտեղեն շառավիղեցին այս երկու երկրին արվեստներն ալ, որոնց մեկը ծաղկեցավ, խամրեցավ ու անհետացավ. ինչպես կըսե ինքը՝ Choisy, և այսօր հետքը անգամ չմնաց տեղին վրա, իսկ Հայաստանի մեջ ոչ միայն մինչև 14-15-րդ դարերը զարգացավ, վերածնվեցավ քանիցս, այսօր տակավին կմնան ի սփյուռս Հայաստան երկրի բազմաթիվ բեկորներ նույն մեծութենեն և վսեմութենեն։ Շատ զարմանալի է, որ Բաղդադը՝ առանց ենթարկվելու Հայաստանի գլխեն անցած մշտական արհավիրքներուն ու փոթորիկներուն, իր մեջ չէ պահեր որևէ նմույշ Հայաստանի 10-11-րդ դարերուն ծաղկող և ուռճացող ճարտարապետական արվեստի նախատիպերեն, իսկ Հայաստանը, որ միշտ քաղաքական հրաբուխներու խառնարան է եղել, պահվել են խիստ շատ ապացույցներ յուր վաղեմի քաղաքակրթության. այս բանը շատ տարօրինակ է թվում։ Ոչ միայն Choisy չէ գտնում Բաղդադի մեջ որևէ ուշագրավ հնություն, այլև Dieulafoy, որուն ճանապարհորդությունը վճռական նշանակություն ունեցավ Պարսկաստանի արվեստներու ուսումնասիրության տեսակետով, և թերևս Choisy հենված է Dieulafoy-ի վրա — նա ևս չէ գտած Բաղդադի մեջ որևէ մնացորդ, բացի մի մզկիթե, որը թաթարական հետնագույն շրջաններուն կպատկանի։

Հայ ճարտարապետության ուսումնասիրությունն ու պատմությունը խիստ մեծ կորուստ ունեցել է Choisy-ի նման տաղանդավոր, հմուտ և բազմաբեղուն մի ճարտարապետի ձեռքին տակ առատ, ստույգ և վավերական տեղեկություններ և նմուշներ տրված չլինելուն համար, թերևս այս աղետալի կորուստը անդարմանելի չլինիր, սակայն մինչև այսօր տակավին ընդհանուր ճարտարապետության պատմական ուսումնասիրության համար զինքը փոխարինող չէ եղած, հետևաբար մեզ համար բացը զգալի է ցայսօր։

Choisy-ի թողած զգալի և ցավալի բացը, հուսալի է, որ պիտի ծածկվեն երկու անվանի գիտնականներու մեղվաջան աշխատություններով՝ հանձինս հանրածանոթ հայագետ լեզվաբան պրոֆ. Ն. Մառի և Վիեննայի համալսարանի գեդարվեստա-պատմական ճյուղի փիլիսոփա Հովսեփ Ստրչիգովսկիի։

Պրոֆ. Ն. Մառ դեռ 1892-93 թվականներեն սկսել էր իր հոգնաջան գործունեությունը Հայաստանի հողի վրա անձամբ պեղումներ և պրպտումներ անելով, սակայն 1904 թվականեն սկսյալ վերին աստիճանի լուրջ և գիտական բնույթ ստացավ անոր գործունեությունը Հայաստանի և մասնավորապես Անիի մեջ մեծաքանակ պեղումներով և լայն ուսումնասիրական նյութերու հավաքումով։ Ն. Մառ այնչափ եռանդով փարած էր այս ցանկալի նպատակին, որ ոչ միայն ինքն էր չարատանջ աշխատողը, այլև իր շուրջը հավաքել էր բազմաթիվ արվեստագետներ, որոնք անդադար կաշխատեին հայագիտական գանձարանը լցնելու, և ես լիովին համոզված եմ, որ այժմ Ն. Մառի ձեռքի տակ ավելի քան ցանկալի քանակությամբ նյութեր են հավաքված՝ մասնավորապես հայ ճարտարապետության և գեղարվեստին հատուկ[1]:

Գրեթե նույնչափ հին է Հ. Ստրչիգովսկիի աշխատանքի ձեռնարկելը հայ ճարտարապետության և գեղարվեստի շուրջը, և ունի մի շարք հրատարակություններ, սակայն տյդ անվանի գիտնականին ևս չէր հաջողված մինչև 1913 թվականը վճռական կամ վերջնական մի եզրակացության հանգելու, թե նյութերու սակավության և թե հայ պատմական ու գեղարվեստական կյանքին լիուլի ծանոթ չլինելու համար, որով հաճախ անոր տեսությունները հակասական և զիրար չեզոքացնող բնույթ ունեին։

Սակայն երբ 1913 թվականին աշնանը ինքը անձամբ եկավ Հայաստան, հատկապես քրիստոնեության առաջին դարերեն գոյություն ունեցող կոթողները տեսնելու և այս կոթողներու en détail նկարներ ու չափագրությունները ձեռք բերավ, արդյունքը եղավ այն երկու հոյակապ հատորներ 1917 թվին տպված, որոնք թեև մեծ բաց մը ծածկեցին հայ ճարտարապետության ուսումնասիրության նկատմամբ, սակայն հեղինակը դարձյալ գոհ չէ, իր ըսելով, որ եթե ժամանակի անպատեհությունները իր ձեռքերը չկաշկանդեին, նա կոչված էր շատ խոշոր գործ արտադրելու։

Ստրչիգովսկիից տրտնջալու պատճառներեն ամենը չեմ ուզեր մեջ բերել այստեղ, սակայն մեկը գոնե ինձ հայտնի է, որ նա երբեք ծանոթ չէ հայերեն լեզվին, և հայ արվեստի ուսումնասիրությունն ալ պահանջում է անպայման հայագիտություն. այս մասին օտար կամ ոչ մասնագետներու օժանդակությունը երբեք իր նպատակին չի հասած գիտնականի մոտ. գիտնականն ինքը պետք է որ կարդար մեր պատմական մատենագրությոլնը և իր սուր հոտառությամբ զտեր ու տարրալուծեր ամեն մի ակնարկ, որը հեռու կամ մոտ առնչություն ունեցել է հայ գեղարվեստի պատմության հետ. օտարներու ընթերցումը երբեք չի կարող տալ այն, ինչ որ կգտնե ինքը՝ գիտնականը, հաճախ պատահում է, որ մի բանասեր-թարգմանի արհամարհանքով անցած տողերը հանկարծ մեծ գնահատության արժանացել են գիտնականին կողմեն և շատ բան լուսաբանել նույն տեսակետով։

[Բ][2]

Շատ ուրախալի երևույթ է, որ վերջապես հայ ճարտարապետության և գեղարվեստի ուսումնասիրությունը երազական գիտնականներու վիճաբանության նյութ է դարձեր. ասկե ետքը դժվար թե կռվողներ զենքերնին վար դնեն, եթե մենք կարողանանք անընդհատ ռազմամթերք հասցնել հայ գեղարվեստի անհատնում շտեմարանեն, որուն հետևանքով քիչ ատենեն հայ ճարտարապետության պատմությունն ալ իր պատվավոր տեղը պիտի բռնե ուրիշ ազգաց արվեստներու պատմության մեջ։

Ամբողջ 19-րդ դարուն մեջ, հայ ճարտարապետության մասին եղած գիտնական մասնավոր հետազոտություններ միայն մեկ շոշափելի օգուտ տված էին՝ որ գոնե նյութեր և կարծիքներ կհավաքվեին ապագա ուսումնասիրության համար։ Նախկին հետազոտություններով գոյացած ընդհանուր եզրակացությունը կարելի է

  1. Այդ նյութերի մի մասը լույս տեսավ 1934 թվին՝ մեծահատոր „Ани“ աշխատության մեջ: ԿԱԶՄՈՂ
  2. Այս գլուխը նախապես լույս է տեսել «Անահիտ»-ի 1911 թվականի № 9-12-ում իբրև առանձին հոդված: ԿԱԶՄՈՂ