Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1319 Եկած լիներ՝ նա անկասկած չէր մնալու տան մեջ երկար,
Դաշտ կգնար և կամ անտառ՝ վայրենու պես նա վազ կտար,
Լավ է փնտրեմ ես շամբուտում—շուրջն էր դիտում, մտաբերում,
Փոխեց ապա նա իր ճամփան՝ դիմեց դաշտերն՝ ընկած հեռուն։

1320 Եվ արշավում, երգում էր նա՝ ուրախ սրտով, երջանկալի,
Մերթ բարձրաձայն կանչում, վանկում՝ անունն եղբայր Տարիելի։
Փոքր ինչ անցավ, և երևաց՝ արևն ամբողջ իր շողերով.
Շամբի ափին կանգնած էր նա՝ գոռ Տարիելն իր մերկ թրով։

1321 Այնտեղ առյուծ էր սպանել, արյունոտ էր թուրը ահա,
Ձին իր մոտ չէր, շամբի ափին՝ հետիոտն կանգնել էր նա.
Լսում էր կանչն Ավթանդիլի՝ մնացել էր ապշած, շվար.
Նայեց, տեսավ և ճանաչեց՝ վազեց ինչպես մի խելագար։

1322 Իր թուրն իսկույն դեն շպրտեց, դեպ հոգեղբայր նա մոտեցավ,
Երկնից ընկած աստղի նման՝ Ավթանդիլը ձիուց թոավ.
Նրանք իրար համբուրեցին, փաթաթվեցին վզով իրար,
Բացվող վարդից հնչում էր ձայն՝ անուշ էր նա ինչպես շաքար։

1323 Ու Տարիելն արտասվելով—Ավթանդիլը ժպտով երգեց,
Հեղեղն արյան նրա սև սաթի թավուտները կարմիր ներկեց,
Աղբյուրները արտասուքի նոճին էին հորդ ոռոգում,
«Զի քեզ տեսա՝ էլ ինչ է ինձ՝ էլ ինչ պատիժ, ինչ նեղություն»։

1324 Տարիելը լալիս էր հորդ, իսկ Ավթանդիլն ուրախ խոսում,
Ժպտում, ճեղքում էր մարջաններն, ատամներից լույս էր հոսում.
Ասում էր նա. «Մի լուր կտամ՝ քո սիրտը խիստ կուրախանա,
Ու կծաղկի նորից վարդն այն, թառամած էր ինչ մինչ հիմա»։

1325 Իսկ նա ասաց. «Եղբայր, բավ է, ինչքան այսօր ուրախացա,
Ուրախությունն այն էր իմ մեծ՝ որ քեզ նորից այսօր տեսա,
Աստված ուրիշ դեղ ինձ չտա, բացի միայն քեզ լսելուց,
Մարդ աշխարհում այն կգտնի, որոշված է ինչ-որ վերուստ»։

1326 Տարիելը չէր կռահում, Ավթանդիլն է՜լ չհանգստացավ,
Եվ անկարող եղավ չասել ու ուշացնել չցանկացավ.
Խավունն հանեց իրա բերած, ում վարդ շուրթից՝ ալ վարդ բուրեց,
Տարիելը տեսնելուն պես՝ ճանաչեց ու ձեռքից խլեց։