Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1327 Նա ճանաչեց գիր ու խավուն, ափով խլած իսկույն բացեց,
Ամուր սեղմեց իր երեսին, և վարդն ընկավ, գույնն իր նետեց,
Ուշաթափվեց, կախեց իր սև սաթ գլուխն ու գետին անկավ,
Զի տանջանքն այդ չէին տանի՝ և Սաղմոնն ու Կայենն անգամ։

1328 Ավթանդիլը տեսավ եղբորն՝ ընկած անշունչ և անզգա,
Մոտիկ ցատկեց՝ օգնի նրան, անուշ խոսեց՝ ուշքի թե գա,
Սակայն ոչինչ, ոչինչ չօգնեց կրակի մեջ փոթորկվածին,
Եվ իր բերած այն նշաններն կյա՛նքը եղբոր հանց խլեցին։

1329 Ավթանդիլը նստեց լալու քաղցրանվագ սիրուն ձայնով,
Փետում գլխի ագռավը խիտ, գլխից ներքև շպրտելով,
Ադամանդյա մուրճով հղկած լալի այտը նա իր ճեղքեց,
Եվ մարջանի գույնով կարծես՝ այնտեղից հորդ աղբյուր բխեց։

1330 Ու ճանկռում էր երեսն իր, լալ այտերից՝ արյուն հանում,
Ասում էր նա. «Ինչ ես արի՝ ապուշն անգամ այդ չի անում.
Ինչո՞ւ հանկարծ ջուր ցողեցի դժվարամար հուրի վրա,
Չի դիմանա հանկարծահաս ուրախության սիրտը նրա։

1331 Սպանեցի իմ սիրելուն, ես ի՞նչ անեմ ամոթահար,
Ինձ հանցավոր եմ ճանաչում անհեռատես գործիս համար.
Մարդն ապիկար զի չի կարող լուծում տալ բարդ գործի բնավ,
Գովաբանված շտապ գործից՝ դատապարտված դանդաղն է լավ»:

1332 Ուշաթափվել էր Տարիելն, փռվել էր նա ինչպես խանձված,
Ավթանդիլը շամբը անցավ, ջուր փնտրելու ելավ գնաց.
Եվ առյուծի արյուն գտավ, բերեց եղբոր բոցը մարի,
Ցողեց կրծքին Տարիելի—լաջվարդն առավ գույնը լալի։

1333 Այն առյուծի կրծքին թափեց կտրիճն արյունը առյուծի,
Տարիելը ցնցվեց, շարժվեց — ռազմիկը գոռ հնդկաստանցի,
Բացեց աչքերն, ուժ ստացավ՝ գեթ նստելու գետնի վրա.—
Լուսնի լույսն է թվում լաջվարդ, երբ արևից զրկված է նա։

1334 Ձմռանը՝ վարդն է չորանում, տերևները մեկիկ թափում,
Թոշնում է նա, երբ ամառվան արևն այրում է իր տապում,
Եվ մինչ նրան շոգից, ցրտից առաջացած վերքն է տանջում—
Սոխակն անգետ՝ նրա վրա սիրո տաղ է զիլ–զիլ կանչում։