Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1365 Զինվեց Ֆրիդոնն, իր ձին հեծավ ու դուրս եկավ իսկույն զինված։
Հրաման տվեց նա իր զորքին, դաշտը եղավ զորքով լցված։
Այն արևներն առաջ եկան, ձմեռն անգամ որ չի հաղթում,
Սաղավարտներն հագան ամուր՝ իրենց երե՛սն էին ծածկում։

1366 Երբ նկատեց Նուրադինին, Տարիելը կանչեց զվարթ.
«Տեսա ես ում ուզում էի,— ու ծիծաղեց անսաղավարտ,—
Մի խռովիր,— ասաց,– միթե՝ դու գալուց ես մեր նեղանում,
Ինչո՞ւ իբրև անհյուրասեր՝ դու կռվով ես մեզ ընդունում»։

1367 Ֆրիդոնն իսկույն ցատկեց ձիուց, գետին իջավ ու ողջունեց,
Նրանք նույնպես գետին թռան, փաթաթվեցին՝ համբույրի մեծ։
Ֆրիդոն արքան բազկատարած փառք էր հղում անչափ տերին,
Վզրուկներից ամեն ծանոթ՝ համբուրում էր նորեկներին։

1368 Ֆրիդոնն ասաց. «Շատ ուշացաք՝ վաղուց էի ձեզ սպասում,
Պատրաստ եմ ձեզ ծառայելու, ծառայելուց ի՛նչ ծուլացում»։
Թվում էր թե հանդիպեցին երկու արև և մի լուսին.—
Շող նետելով իրար վրա՝ ճամփա ընկան տուն միասին։

1369 Ֆրիդոնի տո՛ւնն իջան նրանք, վայելչագեղ երկու հոգիս.
Ավթանդիլին առավ իր մոտ՝ իր հոգեղբորն իրեն կողքին,
Մինչ Տարիելն բազմեց արդեն ոսկեծածկոց թախտի վրա,
Նվիրեցին Նուրադինին նրանք երրորդ զենք ու զրահ։

1370 Ասին նրան. «Քեզ արժանի ուրիշ լավ բան հիմա չունենք,
Բայց գեղեցիկ բան մի ուրիշ՝ ուրիշ տեղում պահել ենք մենք»։
Նա խոնարհվեց անմիջապես, ճակատը նա քսեց գետնին,
Ասաց. «Նվեր մի այսպիսի՝ վայել է ձեզ՝ տվողներին»։

1371 Եվ հյուր եղած Նուրադինին՝ հանգստացան այդ նույն գիշեր,
Բաղանիքում լավ լողացան, առան բազում նվեր-հուշեր,
Նա երկուսին շատ գեղեցիկ, իրարից լավ զգեստվորեց,
Ոսկե թասով ակն հազվագյուտ ու մարգարիտ նա նվիրեց։

1372 Ֆրիդոնն ասաց, «Լսեք արդ ինձ, խոսքերն իմ վատ հյուրընկալիս,
Բայց չկարծեք, թե ձանձրացա ես թանկագին իմ հյուրերից,
Սակայն պետք չէ մեզ հապաղել, շտապ անցնենք երկար ճամփան,
Զի կասկածեք ելքին հաջող՝ քաջքերը թե վերադառնան։