Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

596 Ու նեղացան նրանք իրոք՝ անփույթ առա ինչու երգով.
Եվ կտրեցին ճամփաս գաղտուկ այնտեղ շարժած զորք ու նավով,
Իսկ հորեղբորս որդիք իրենք անձամբ դարձան նրանց վարող
Հարձակվեցին և ինձ վրա՝ զորքով իրենց, իրենց բազկով։

597 Ես նրանց կո՛չն և թրերի՝ փայլը տեսա և լսեցի.
Նավավարից նավ ուզեցի և մեկ անգամ «վայ» կանչեցի.
Ես ծով մտա, զորքը իմ դեմ՝ ինչպես ալիք ալեկոծվեց,
Ուզեցին ինձ տալ ոտքի տակ, սակայն նրանց չհաջողվեց։

598 Էլի ուրիշ զորքեր եկան և ինձ վրա հարձակվեցին,
Հարվածեցին ամեն կողմից՝ նորից սակայն չհաղթեցին,
Երբ ճակատից մոտ չթողի, զարկում էին ինձ թիկունքից,
Սուրն էր հույսս, բայց կոտորվեց, ու զուրկ էի գոնե նետից։

599 Ինձ պատեցին, ելք չունեի, վար ցատկեցի նավից ձիով,
Եվ լող տվի, ելա ծովից, տեսավ ով ինձ՝ մնաց ապշով.
Ինձ օգնական ովքեր կային՝ ամենքն ընկան, անդ մնացին,
Հետապնդողն ինձ չէր հասնում, ովքեր եկան՝ հալածվեցին։

600 Թող կատարվի հիմա այնպես՝ կամքն է ինչպես ի՛նքն աստուծո,
Բայց չեմ թողնի արյուն նրանց, կորով քանի կա հատուցո,
Ավեր կանեմ ես նրանց է-ն՝ առավոտից մինչ իրիկուն
Ու կկանչեմ ճայ ու ագռավ, հանդես առնեն նրանց դիուն»։

601 Հրապուրեց կտրիճը ինձ ու գրավեց սի՛րտս հիմնովին,
Եվ ասացի. «Շտապելու՝ կարիք չկա ամենևին.
Ես կլինեմ քեզ զինակից, խոցենք նրան, այնտեղ կռվենք,
Ու երկուսով մենք լավ մարտող՝ անկասկած է՝ մենք կհաղթենք»։

602 Ասի նաև թե. «Իմ մասին դու տակավին բան չգիտես,
Երբ կունենանք մենք ժամանակ, հանգիստ-հանգիստ կասեմ ես քեզ»:
Նա ինձ ասաց. «Ավելի մեծ ուրախություն չեմ ցանկանա.
Այս օրվանից մինչև իմ մահ կյանքս թող քեզ գերի մնա»։

603 Մտանք նրա քաղաքը մենք՝ փոքրիկ էր նա, բայց շատ սիրուն,
Զորքերն ելան մեզ ընդառաջ, նրա համար էին վայում.
Երեսները ճանկռում էին, մաշկը թափում տաշեղի պես,
Գրկում էին և համբուրում՝ սուր, երախկալ՝ կարոտակեզ։