Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

700 Ես լսեցի խոսքը քո այն, ընկալեցի՝ ինչ ասացիր,
Վարդին փուշն է գտնել տալիս, ինչի՞ փշոց ինձ հանձնեցիր,
Բայց թե դարձիր արփիս բոլոր, նման նրան, իմ արեգակ,
Ապրելու հույս տալու համար տուր մի նշան, մի հիշատակ»։

701 Անուշ կտրիճն անուշախոս, որ բարությանն էր օժանդակ,
Խոսում էր իր արևի հետ, ինչպես սանի հետ մի դայակ։
Աղջիկն ահա՛ մարգարիտներ տվեց, արեց իղձը նրա,
Աստված անի, որ կատարվի խինդը հենց այս և այս օրվա։

702 Ի՞նչ կա հաճո՝ վարդ-բյուրեղին սև սաթերով ջերմ հպելուց,
Կամ պարտեզում նոճուն մոտիկ հալվե տնկել-ոռոգելուց.—
Որ ով տեսնի՝ զվարթանա, ով չի տեսել՝ որ ախ քաշի,
Վա՛յ սիրածից անջատվածին՝ միշտ ա՛խ քաշի, մի՛շտ հառաչի։

703 Եվ նայելով նրանք իրար՝ բերկրանքով են լի համակված։
Կտրիճն ելավ՝ մնաս բարով, գնաց՝ սրտով իր ցնորված.
Ու լալիս էր արեգն աղի, արցունք թափում ծովածավալ,
Ասում. «Բա՛խտս չհագեցավ արյունը իմ խմել, ավա՞ղ»։

704 Կտրիճն անցնում էր վշտանար, կուրծքը ծեծում ու կապտացնում,
Սերը մարդուն լաց է տալիս և նվաղում ու թուլացնում։
Երթ ծածկում է ա՛մպն արևին-ստվերո՜վ է երկրին պատում
Իր սիրածից ով հեռանա՝ խավարում է և չի առտում։

705 Արյուն, արցունք խառնվելով՝ ակոս-ակոս շարում այտին
Եվ ասում էր. «Գլխիս վերև խավարել է, չկա արփին,
Ա՜խ, ալմաստե սիրտս ինչպե՞ս վառվեց սև-սաթ թարթիչներից.
Ով կյանք, բերկրանք ինձ էլ մի՛ տար, մինչև տեսնեմ նրան նորից։

706 Երեկ ես մի հալվե էի, դրախտային՝ ցողված սնված,
Այսօր՝ բախտից ես նետահար ու իմ սրտին՝ դանակ խրված,
Այժմ նա իմ սիրտը նետեց հրի թակարդն անշիջելի —
Նոր հասկացա՝ գործն աշխարհի՝ սուտ է ու փուչ, հեքիաթ է մի»։

707 Այսպես խոսում, արցունք ցողում ու սարսում էր նա դողալով,
Եվ տնքում էր ու հառաչում, քայլում՝ հազիվ առաջ գալով։
Դառնանում է բաժանումով մտերմություն սիրահարի,
Ավա՛ղ, բախտը վերջիվերջո՝ սավանում է՝ պատա՛ն կարի։