708
Կտրիճն եկավ, ննջարանում՝ մերթ լալիս էր, մերթ՝ ուշաթափ,
Սակայն մտքով չէր բաժանվում սիրեցյալից գեթ ակնթարթ։
Ինչպես կանաչն է եղյամից՝ գունատվում էր դեմքը նրա.
Տեսեք պակասն արեգակի ո՜նց է հայտում վարդի վրա։
709
«Անիծյալ է սիրտը մարդու, ագահ է նա, չի հագենում.
Թեև կրած վիշտ ամենայն՝ նորից խինդ է նա փափագում.
Սիրտը կույր է, անհնազանդ, նա չի կարող չափել ոչինչ
Եվ անզոր է նրան տիրել ո՛չ մահ, ո՛չ տեր, ուրիշ կամ ինչ»։
710
Երբ իր սրտին՝ սրտինն ասաց՝ խոսքեր կծու ու սրտագին,
Մարգարիտներն առավ ի ափ՝ սեփական իր արեգակին,
Որ հագել էր նա իր բազկին—ինչպես ճերմակ ատամնաշար,
Հպեց դեմքին և համբուրեց, արցունք հեղեց—թել-թել, վարար։
711
Երբ լուսացավ, մի մարդ եկավ՝ պալատ կանչեց առտուն այն վաղ,
Եվ նա գնաց՝ հպարտ ու հեզ, քունը կոտրած քնաթաթախ։
Ամեն կողմից գալիս էին՝ հանդիսատես խմբեր շտապ,—
Արքան որս՛ էր գնալու, պատրաստ էին նոբ ու դաբդաբ։
712
Արքան հեծավ, իսկույն ևեթ պայթեց հանդես մի ահագին.
Թմբուկների դղրդյունից խոսք չէր հասնում էլ ականջին։
Բազեներից մթնեց արևն, խլրտացին շներ որսի,
Նրանց թափած արյունն այդօր ներկեց գետին որսամասի։
713
Եվ որս արին, անցան դաշտով, ուրախ-ուրախ վերադարձան
Ու կանչեցին ավագանոց, ամեն-ամեն զորք ու իշխան.
Եկան՝ սրահ ու բազմոցներ լեցուն տեսան և զարդարուն,
Չանգ-չաղանան ձայնը զլել, երգիչները՝ խումբ ու խմբում։
714
Նստած կտրիճն արքայի մոտ՝ հարց էր տալիս, պատասխանում,
Շուրթը ժպտուն՝ լալ ու բյուրեղ, փայլն ատամի իր տատանում,
Արժանավորք մոտիկ նստած՝ լսում էին, զորքը՝ հեռվում,
Առանց հիշման Տարիելի ոք իր լեզուն չէր բարբառում։
715
Բայց տուն եկավ նա սրտաբեկ, հեղեղելով դաշտն արցունքով.
Աչքի առաջ ման էր գալիս իր սիրելին հեզ նազանքով։
Մերթ պառկում էր, մերթ վեր կենում, խենթացածը ինչպե՜ս քնի.
Ո՞ր սիրտն արդյոք ականջ դրեց՝ աղաչանքին, որ համբերի։