Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՌՈՍՏԵՎԱՆ ԱՐՔԱՅԻՑ ԵՎ ՎԵԶԻՐԻ ԶՐՈԻՅՑԸ

719 Երբ լուսացավ, կտրիճը վաղ հագավ-կապեց՝ պալատ գնա,
Ասաց. «Աստվա՛ծ, օժանդակի՛ր, որ սերը իմ գաղտնի մնա»,
Համբերություն խնդրեց սրտին. «Լեր օգնական տեր իմ աստված»,
Գնաց ապա պալատ վեզրի, ինքը՝ լուսին, նժույգն հեծած։

720 Վեզիրն իսկույն դիմավորեց, ասաց. «Իմ տանն արև ծագեց.
Ահա թե ի՛նչ ուրախություն այսօր նշա՛նն ինձ գուշակեց»։
Գլուխ տվեց, գովեստ ասաց՝ կատարյալին կատարապես,
Հյուրը, հարկավ, ցանկալի պիտ, հյուրընկալը՝ ուրախերես։

721 Հյուրընկալը վարժ ու բարի աոաջարկեց նստել հյուրին,
Փռեց ոտի տակ խատաուր, որ չդիպչի ոտը հողին
Հանց տիեզերք շուքն արևի՝ հյուրն այն տունը լուսավորեց.
Ասին. «Վարդի բուրմունք այսօր ձեր բուրավետ քամին բերեց»։

722 Նստեց։ Նրան նայողների խելքն էր իրոք, հաստատ գնում.
Ով տեսնում էր՝ ապուշ կտրում, գեղը նրա պարծանք անում,
Հառաչանքը հիացումի չէ՛ թե մեկ էր—բյո՛ւր-բյուրացան։
Հյուր — ընտանյաց՝ թողնել ասին, իրենք ապա առանձնացան։

723 Գերդաստանը երբ հեռացավ, կտրիճն ասաց իր տանտիրոջ.
«Արքունիքում քեզնից գաղտնի չի պատահի և ոչ մի գործ,
Դու ինչպես էլ ցանկաս վարել՝ արքան պիտի բավարարի.
Լավ հասկացիր դու ցավը իմ և համեմատ դարման ճարի։