Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

901 Ու որքան էլ ջանք թափեցի՝ չհանդարդեց վագրը սակայն,
Շպրտեցի և զայրացած՝ գետին զարկի տապալական,
Ու հիշեցի՝ ինչպես մի օր սիրածիս հետ դիպանք իրար,
Ախ տակավին շնչում եմ ես, մի՝ զարմացիր՝ կարող եմ լալ։

902 Ահա, եղբայր, քեզ պատմեցի՝ ինչ ցա՛վն է իմ, ինչով նեղված,
Ես պետք չէ որ շնչեմ անգամ, մինչ՝ արածիս դու զարմացած,
Բաժանվել եմ կյանքից արդեն, սակայն մահն էլ չի ընդունում».
Կտրիճը երը խոսքն ավարտեց՝ հառաչելով լաց էր լինում։

903 Ավթանդիլն էլ հետն էր լալիս, արցունք թափում նրա նման
Ասաց. «Տոկա, մի՛ մահացիր, մի կտրատիր սիրտդ ամենայն,
Վիշտը թեև քեզ չգթաց, սակայն աստված քեզ կգթա,
Թե ուզենար ձեզ անջատել, մտերմություն նախուստ չէր տա.

904 Փորձանք կտա սիրահարին, կանի կյանքը և դառնալից,
Բայց նեղության ով դիմացավ՝ վերջում նրան խի՛նդ է տալիս.
Սերը ցավի հետ է կապված, նա մեզ մահվան է մոտեցնում,
Անգետներին կրթում է նա, գիտուններին՝ խելքից գցում»։