ՏԱՐԻԵԼԻ ԵՎ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՔԱՐԱՅՐ ԳՆԱԼՆ ՈԻ ԱՍՄԱԹԻՆ ՏԵՍՆԵԼԸ
905
Եվ գնացին նրանք լացով, դեպի այրերն առաջացան,
Ասմաթը երբ նրանց տեսավ՝ ուրախացավ նա անսահման.
Առաջ եկավ լացակումած, արցունքն՝ ակոս ապառաժին,
Համբուրվեցին ու լաց եղան, ապա նորից գիտակցեցին։
906
Ասմաթն ասաց. «Ով արարիչ, մարդու լեզվով անպատմելի,
Արեգակի շողերի պես, փռում ես գութ դու լի ու լի.
Գովե՛մ, բայց ի՛նչ, ինչպե՞ս գովեմ՝ անգովելին մարդու լեզվով,
Չթողեցիր, փա՛ռք քեզ, մեռնեմ՝ սրանց համար արտասվելով»։
907
Տարիելը ասաց. «Իմ քույր, շատ արցունք եմ թափել և ես.
Մեր երբեմնի ծիծաղի տեղ՝ լացացնում է մեզ բա՛խտն այսպես։
Այս աշխարհի հին կարգն է այդ, առաջինը մենք չենք լսում,
Վայ քո մեղքը, քույր իմ, թե չէ՝ մահն է լոկ ինձ ուրախություն։
908
Ո՞ր ծարավն է, թե խենթ չէ նա, ծարավ՝ ջուրը գետին շփում,
Ես իմ աչքին եմ զարմանում՝ ոնց է այսքան արցունք թափում.
Չի ցամաքում, թափում է ջուր, սակայն տանջվում ինքն անջրդի,
Վահ, թոռոմեց վարդը բացված, կորավ շարը, ա՜խ, մարգարտի»։
909
Ավթանդիլն էլ հիշեց իրեն արեգակին ու սիրածին,
Ասաց. «Ինչպե՞ս ես առանց քեզ դեռ կենդանի զուր մնացի,
Քեզնից հեռու՝ կյանքը աչքիս—ապրելս անգամ զղջում եմ ես,
Քեզ ո՞վ կասի՝ թե ինչ կրակ, ինչ ցավ է ինձ այրում այնպես։