Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

945 Մեկ արև՛ն է թե հեռանում—պատում է մեզ ցուրտը ձմռան,
Թողել եմ ես երկու արև, ինչպե՞ս սրտիս վնաս չտան.
Ժայռն է միայն, որ չէ զգում, ոչ ոք նրան ցավ չի հասցնի.
Դանակն երբեք վերք չի բուժի, նա կկտրի կամ կուռեցնի»։

946 Դեպի երկինք լալիս էր նա, արեգակին դիմում այսպես.
«Ով արեգակ, զորեղ զորաց, աղերսում եմ խնդրում ես քեզ,
Դու որ վեր ես հանում հեզին — տալիս ես բա՛խտ, իշխանություն,
Սիրեցյալից ինձ մի՛ զատիր, իմ օրը մի՛ փոխիր մթան։

947 Ո՜վ Երևակ, դի՛ր արցունքիս՝ էլի արցունք, ցա՛վ իմ ցավին,
Սիրտս կուզես՝ սևով ներկիր ու ինձ հանձնիր խոլ խավարին.
Կուտակելով վշտի բեռներ, իբրև գրաստ բարձիր վրաս,
Միայն նրան ասա. «Քոնն է, քեզ սիրողին չմոռանաս»։

948 Ո՜վ Լուսնթագ, խնդրում եմ քեզ, դատավորիդ արդարադատ,
Վճռիր այս դատն, արի՛ արա, սիրտը սրտից մի թող անջատ.
Արդարին մի՝ դատապարտիր, մի՛ պղտորիր նրա հոգին.
Արդար եմ ես, խղճա դու ինձ, նոր վերք մի տա դու իմ վերքին։

949 Արի Հրա՛տ, մի՛ խնայիր, խոցիր ինձ քո սո՛ւր նիզակով,
Ներկիր դու ինձ և հեղեղիր իմ արյունի կարմիր ներկով,
Տանջանքներս պատմիր նրան, քո բարբառով հասկացրու,
Ասա՝ ինչքա՜ն եմ ես փոխվել՝ իմ բերկրանքից զուրկ ու հեռու։

950 Եկ, Արուսյա՛կ, օժանդակիր, նա ինձ այրեց կրակներում,
Ում մարգարտի շարանի շուրջ մարջան շուրթերն են զարդարում,
Դու՝ որ շքեղ հմայքներով զարդարում ես սիրուններին,
Բայց սիրողիդ խելքից հանում, ինձ նմանին թողնում ես դու։

951 Հե՜յ, Փայլածո՛ւ, ինքդ գիտես՝ բախտս բախտիդ է նմանում.
Արևն է ինձ պտույտ տալիս, ինձ գրավում, բռնում, վառում.
Նստիր՝ գրես վիշտս մեկ-մեկ, լիճն արցունքիս կտամ թանաք,
Իբրև գրիչ՝ մարմինը իմ՝ եղեգնի պես նիհար, բարակ։

952 Արի՛, Լուսի՛ն, խղճա դու ինձ, հյուծվում եմ ես, քեզ պես մարում
Արևովս եմ լցվում, մաշվում, մերթ գիրանում, մերթ նիհարում,
Պատմի՛ր նրան վիճակը իմ, թե ինչ վիշտ է ուշքս տանում,
Ասա նրան՝ թող չուրանա, նրանն եմ ու ի նա մեռնում։