ԱՐԱԲՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ Է ԸՆՁԵՆԻ ՀԱԳԱԾ ԱՅՆ ԿՏՐԻՃԻՆ
83
Տեսան գետի ափին նստած ինչ-որ լացող կտրիճ օտար,
Ինքը առյուծ, ձեռին սանձով՝ սադաֆներով սև երիվար.
Թամբն ու սարքը, պախուրցը խիտ՝ ընդելուզած մարգարիտով,
Այն կտրիճի վարդն էր ցողած լացող սրտի արտասուքով։
84
Կտրիճն ուներ հագին կաբա՝ ինձի մորթի էր արտաքուստ.
Եվ թե գլխին դրած գդակ՝ կարած նույնպես ինձի մորթուց.
Ձեռին բռնած մի կուռ մտրակ, կոնից էլ հաստ դարբնած կոթի.
Տեսան, տեսքից չհագեցան օտարոտի այդ կտրիճի։
85
Մի ճորտ գնաց խոսակցելու կտրիճի հետ դա՛ռն հեկեկան,
Որ լալիս էր գլուխը կախ՝ և չէր ինչ-որ մի անզգամ,
Ու անձրևում՝ անձրև բյուրեղ սաթ աչքերից հանց ջրորդան,
Մոտիկ գնաց, բայց անկարո՛ղ եղավ ճորտը դիտել նրան։
86
Շփոթված էր ճորտը սաստիկ, սիրտ չէր անում նա ձայն հանել.
Երկար նայում էր զարմացած, մինչ հանդգնեց նա սիրտ առնել.
Ու զեկուցեց. «Հրամա՛նք է», բայց մոտեցավ՝ նորեն լռեց,
Իսկ նա լալիս, բան չէր ասում, անգամ նրան չնկատեց։
87
Կտրիճը չէր լսել ճորտի ոչ խոսքը, ոչ զրույցը դեռ,
Զորքի հանած աղմուկներին նա անզգա՛ էր, անտարբեր.
Հառաչում էր խոր ի խորոց կրակն ընկած սիրտը նրա,
Արցունքի հետ արյուն հոսում՝ ջրշեջք որպես գետնի վրա։