Սրանք մտան երեք կողմից, կյանքներն իրենց վտանգելով.
Շռնդացին բուկերն անեղ, դարդար, նոբան որոտալով։
1401
Եվ Քաջեթի գլխին պայթեց զայրույթն անչափ աստվածային,
Եվ Կրոնոսն հեռու պահեց իր քաղցրությունն արևային,
Եվ զայրույթով ցած շուռ եկան՝ բախտի անիվ, երկնի շրջան,
Եվ դաշտերում էլ տեղ չկար՝ դիակների հոծ բազմության։
1402
Աղաղակից Տարիելի մարդիկ ընկնում էին անզարկ,
Զրահները պատառոտվում, ծռմռվո՛ւմ էր լանջապանակ։
Երեք դռնից ներխուժելով՝ ոչ նեղություն, ոչ վերք առան,
Բերդն ավերել սկսեցին, երբ որ նրանք քաղաք մտան։
1403
Ավթանդի՛լն ու առյուծ Ֆրիդոնն հանդիպեցին իրար ներսում,
Երբ թշնամուն ջարդել, արդեն՝ լողում էին արյան ծոցում,
Իրար տեսան, ուրախացան և ձայն տվին հեռվից իրար,
«Տարիե՛լը ո՞ւր է»,— ասին։ Նայում էին, բայց նա չկար։
1404
Չգիտեին նրանք ահա՝ ո՞ւր որոնեն արդյոք նրան,
Էլ թշնամուց ահ չունեին՝ և մոտեցան բերդի դռան.
Այնտեղ տեսան զենքերի կույտ և թրերի ջարդած մասեր,
Հողի նման անշունչ ընկած տասը հազար պահապաններ։
1405
Ու պահապանք բերդի բոլոր հիվանդի պես գետնին թափված,
Ոտքից գլուխ վերքերի մեջ, զրահներով պատառոտված,
Ու լայն բացված մուտքը բերդի, մասերն ընկած մի կողմ դռան,
Ասին. «Գործ է նրա արած», ինչ արել էր՝ արդ իմացան։
1406
Եվ գետնափոր ճամփան գտան, մտան անձավ—ներս սողացին,
Տեսան՝ օձն էր լուսնին թողել, որ հանդիպի նա արևին,
Սաղավարտը հանել էր նա, ու վայել էր վարսը վերած,
Գրկել էին վիզ մեկմեկու՝ կրծքերն ամուր իրար հպած։
1407
Գրկած իրար, համբուրվելով՝ ջերմ արտասուք էին թափում,
Կարծես Զուալն ու Մուշթարը այսօր իրար են հանդիպում,
Երբ որ տեսնի վարդն արևին՝ վարդն ավելի կշուքանա,
Ով տառապեց մինչև հիմա՝ այսուհետև կուրախանա։
1408
Եվ համբուրվում էին նրանք, կանգնած, վզով ընկած իրար,
Կրկին, կրկին իրար հպում շուրթերը վարդ բացված ու վառ,