1523
Ասաց. «Արև՛, ինչպե՞ս գովեմ՝ արև անամպ, լուսապայծառ,
Ի քեզ, զուր չէ, մարդ բանական՝ տեսքից դառնում քո խելագար,
Ով դու լուսին, դու աստղածին, ազնիվ-ազնիվ դու արեգակ,
Ձեզ տեսնելով՝ աչքիս չեն գա՝ էլ ոչ վարդեր, ոչ մանուշակ։
1524
Ու զարմացան՝ ովքեր տեսան՝ ճաճանչներին, նրա լույսին,
Խանգարում էր, ինչպես արև, ուղիղ նայել իր երեսին,
Ով էրվում էր բոցից նրա՝ նայելը խինդ սրտին թվում
Եվ ուր նա էր հենց շուռ գալիս — բազումք այն կոդմ էին չվում։
1525
Հեծան ձիեր ու տուն դարձան, հանդիսավոր ամեն շքեղ,
Յոթ մոլորակ ի մի առած՝ հազիվ բռնեն այն մեկի տեղ,
Ու չէր հասնում միտքը մարդու՝ մի այդպիսի գեղեցկության,
Եվ փութացին այնք արքունիք՝ իջևանեն, տեսակցության։
1526
Մտան, տեսան Թինաթինին՝ կյանք էր տալիս ով տեսնողին.
Չքնաղ էր նա՝ ծիրանզգեստ, գայիսոնով ու թագ գլխին,
Ու ճաճանչն էր փայլատակում մոտեցողի աչքերի դեմ։
Մտավ արքան Հնդկաստանի՝ արևը այն հսկայադեմ։
1527
Տարիելն ու կինը նրա ողջունեցին խոնարհաբար,
Թինաթինը դիմավորեց, համբուրեցին սիրով իրար.
Պալատը ողջ լուսով լցրին, չէ թե արին լույսերն այն մութ —
Բյուրեղ-բալախշն այտեր դարձան և սև սաթերն՝ արտևանունք։
1528
Թինաթինը խնդրեց նրանց՝ բազմել գահին արքայական
Տարիելը պատասխանեց. «Ինքդ նստիր աստվածակամ,
Գահն այսօր քե՜զ է հարկավոր, այլ անգամից շատ ավելի,
Առյուծների առյուծի մոտ՝ նստիր, արևդ արևների»։
1529
Տարան իսկույն բազմեցրին գահին արագ Թինաթինին,
Բազմեցրին նրա կողքին՝ կարոտամեռ Ավթանդիլին,
Ամեն տեսած-չտեսածից՝ այս ավելի էր գերազանց.
Ռամին ու Վիս սիրահարներն անգամ չէին հասնի նրանց։
1530
Ցնցվեց աղջիկն ու զարմացավ՝ Ավթանդիլին տեսավ կողքին,
Նա գունատվեց, և սկսեց՝ սիրտն ավելի խփել ուժգին։
Արքան ասաց. «Որդի, գուցե ինձանից ես դու ամաչում,
Իմաստունը լավ է ասել՝ սիրո վերջը վատ չի՜ լինում։