Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԵԼԻ ԵՎ ԹԻՆԱԹԻՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ, ՈՐ ԿԱՏԱՐԵՑ ԱՐԱԲՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ

1535 Այդ օր բազմած էր Ավթանդիլն՝ իբրև արքա աստվածակամ,
Տարիելը նրա կողքին՝ նազանքներով շատ սազական,
Նեստանը մոտ Թինաթինի՝ նայողներին էր հմայում,
Կարծես երկինքն երկիր իջել, ու չորս արև էին փայլում։

1536 Սկսեցին հյուրասիրել ամբողջ զորքին առատ-առատ,
Տավար-ոչխար կար մորթոտած — մամուռից իսկ թվում էր շատ,
Եվ սկսվեց բաշխումն առատ՝ նվերների նրանց վայել,
Նրանց դեմքերն էին սփռել արեգակի նման շողեր։

1537 Պնակները թե հակինթի՝ բաժակները լալից էին,
Ու քանդակներ տեսակ-տեսակ, զարդող գունեղ ամաններին։
Այդ հարսանիքն ով որ գովի՝ իմաստունից գոված է նա,
Տեսնո՛ղ, սրտին քո կասեիր. «Մնա՛ այստեղ, մի հեռանա»։

1538 Եվ մուտրիբներ հավաքվեցին, ու հնչեցին ծնծղաներ.
Կիտված էին բլուրներով՝ հղկած բալաշխ ու ոսկիներ,
Խմողների համար գինին՝ հարյուր տեղից՝ հորդ էր հոսում.
Մթնշաղից կոնծում էին — առավոտն էր արդեն անցնում։

1539 Ոչ կաղ և ոչ անդամալույծ չմնացին առանց նվեր,
Ու գլորվում խռիվ-խռիվ՝ ցրված բազում մարգարիտներ.
Ձանձրացել են էլի տանել—ոսկի, ատլաս այնքան շատ կար։
Ողջ երեք օր Հնդկաց արքան Ավթանդիլին եղավ մակար։