Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1556 Նրանց նման՝ նա ով կերտեց՝ Թինաթինին ու Նեստանին,
Նա է զատում այդ իրարից, կամոք բաժան ոչ լինեին,
Լալիս էին, արցունք թափում, վարդի թերթերն իրար հպում,
Անջատվողներն զո՛ւրկ իրարից՝ կյանք ունենալ չէին ուզում։

1557 Նեստան-Դարեջա՛նն էր ասում. «Չիմանայի երանի քեզ,
Զի արևից անջատվելով՝ տանջանք չէի կրի այսպես։
Ես իմ մասին քեզ լուր կտամ, դու քո մասի՛ն նամակ գրիր,
Ինչպես ես եմ վառվել ի քեզ, այնպես և դո՛ւ առ իս վառվիր»։

1558 Թինաթինը ասաց. «Արև, խինդ ու պարծանք դու տեսնողաց,
Քո անջատումն ինչպես տանեմ, ես նենգավո՞ր դառնամ մի հանց,
Խնդրելու տեղ ես կյանք աստծուց՝ այսուհետև մահ կխնդրեմ,
Այնքան օրեր դա ունեցիր, որքան արցո՛ւնք ես կթափեմ»։

1559 Նորից իրար համբուրեցին, անջատվեցին նրանք նորից,
Մնացողը չէր հեռացնում ա՛չքն իրենից հեռացողից,
Իսկ նա նույնպես ետ էր նայում, այրվում, վառվում սիրտը այնպես,
Որ տասներորդն անգամ պատմել—ես չեմ կարող, անզոր եմ ես։

1560 Խենթից խենթ էր դարձել արքան՝ բաժանումով այդօր նրանց,
Հազար անգամ «վայ» էր կանչում ու չէր կտրում հառաչ ու լաց,
Ինչպես եռուն մի կաթսայից՝ արտասուք էր նա ջերմ թափում,
Իսկ Տարիելն ահա գունատ՝ հանց ձյուն փափուկ—ինքը հալվում։

1561 Ռոստևանը նրան գրկում, նրա վարդե՛րն էր համբուրում,
Ասում էր. «Ձեր այստեղ մնալն՝ երազ էի ես համարում.
Բաժանվեցինք քանզի հիմա՝ քսանպատի՛կ կտառապեմ,
Թե քեզանով կյանք ստացա—քեզանով էլ պիտի մեռնեմ»։

1562 Ու Տարիելն հեծավ իր ձին, Ռոստևանին հրաժեշտ տվեց,
Եվ զորքն ամբողջ լաց էր լինում, արտասուքով դաշտեր թրջեց.
«Հաղթանակով դարձիր, արև՛, քեզ ողջունեմ»,— ասաց արքան—
Պատասխանեց. «Լացողս ի ձեզ՝ ա՛խ, սալ դարձավ կյանքս անգամ»։

1563 Ճամփա ընկան և գնացին՝ զորքով իրենց, եղած աղխով,
Եվ Տարիել, և՛ Ֆրիդոն, Ավթանդի՛լն իր խելոք գլխով.
Ութսուն հազար մարդ նրանց հետ՝ լավ նժույգներ ամեն հեծած,
Գնում էին երեք կտրիճ՝ սիրող իրար ու նվիրված։