1583
Ավարտեցավ ասքը նրանց՝ ինչպես երազ գիշերային.
Աշխարհ եկան,— անցան, չկան՝ նայեք դուք նենգ բախտի դավին,
ՈՒմ երկար էր կյանքը թվում՝ վայրկյան էր և նրա համար։
Գրում եմ մեսխ ոմն գուսան՝ Ռուսթվելու պես երգիս սատար։
1584
Ես այս համբավն ածի չափի վրաց տիրոջ Դավթի համար,
Որին արևն է ծառայամ իրեն երթով հանդիսափառ,
Որի երկյուղն արևելքից մինչ արևմուտք կա սոսկալի,
Որը այրում դավաճանին, հավատարմին սիրտ է տալի։
1585
Ո՞ր մեկն ասեմ Դավթի գործից․ նրա ո՞ւժը, եռա՞նդը վառ,
Օտարոտի համբավը այս՝ արքաների մասին օտար,
Նախկին բարքերն ու քաջ գործերն, արքաների գովեստն առատ,
Գտա, չափի վերածեցի և ես եղա շատ շաղակրատ։
1586
Այսպես է ողջ կյանքը ահա, մի՛ վստահեք երբեք նրան,
Ակնթարթ է մարդկանց աչքին, տևում է նա մի թարթ միայն.
Ո՞ւմ, ի՞նչ, ինչո՞ւ եք որոնում... բախտն ամեն բան շուռ է տալի,
Երնեկ նրան, ում չնենգեց, նա երջանիկ է կրկնակի։
1587
Դարեջանյան Ամիրանին Մոսեն գովե՛լ է Խոնելին,
Շավթելն՝ Աբդուլ-Մեսիային, երգը որի—հույժ գովելին,
Մինչ Դիլարգեթ—Թմոգվելին՝ Սարգիս անուն, լեզու ճարտար.
Ռուսթվելն ինքը Տարիելին, արտասվաթոր՝ նրա համար։