Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

434 Դեմքով հպարտ, խոսքով կտրուկ՝ հրաման տվի հագնել զրահ,
Հագանք հապճեպ լանջապանակ, բազկապանակ, վերտազրահ.
Ու կարգեցի ես ռազմին, աոաջ անցա մեծ շտապով
Եվ ոսոխին այդ օր ես իմ՝ ի՜նքս արի պատառ սրով։

435 Երբ մոտեցանք՝ նկատեցին, որ զրահ ենք հագել հանուր,
Մի մարդ եկավ հասավ առ իս, առաքված էր արքայից յուր,
Խոսեց այսպես. «Հիմա արդեն կեղծավոր չենք մենք ձեր հանդեպ,
Բայց զինվա՜ծ ենք ձեզ արդ տեսնում, անպատիվ է, դա մեզ անդեպ»։

436 Ասի նրան. «Ես էլ գիտեմ, ինչ տեղյակ ես, և դուք գիտեք,
Ինչ խորհուրդ որ արել եք դուք՝ չի լինելու, ո՜չ, նա երբեք,
Եկեք, խնդրեմ, մարտենք իրար, ինչ օրենքն է՝ այնպես կարգին,—
Ձեր կոտորման համար ես է՜լ ձեռքս եմ դրել սրի կոթին»։

437 Երբ դեսպանը տեղն իր հասավ՝ ի՜նչ ուղարկեն էլ ուրիշին,
Զորքին նշան արին ծխով, ինչ գաղտնի էր՝ ի հայտ բերին,
Դարաններից հանդես եկան, այս ու այն կողմ անցան մաս-մաս,
Եվ կազմեցին զորք բազմագունդ, թեև, աստված՝ կամ անվնաս։

438 Տեգ ուզեցի, ձեռքս տարա իմ սաղավարտն ամրացնելու
Եվ պրկացել կռվի համար՝ պատրաստ էի կոտորելու.
Մեկ ասպարեզ առաջ անցա ու ձգվեցի՝ զեն երկարած,
Դիմաց՝ զորքը նրանց անթիվ, անշփոթ ու հանգիստ կանգնած։

439 Երբ մոտեցա—ինձ նայեցին՝ «Դիվահար է»—այսպես ասին,
Անդ դիմեցի ես կուռ բազկով, ուր մեծաթիվ զորքեր կային,
Զարկի մեկին, ձին տապալվեց, երկուսին էլ՝ արև մարեց,
Տեգս ճաքեց, ձեռքս տարա — կեցցե՜, թուր իմ, ով քեզ սրեց։

440 Ես մեջ մտա, ինչպես ուրուրն՝ երամներում կաքավների,
Մարդը մարդո՜ւն էի զարկում, բլուր կազմում մարդ-ձիերի.
Իմ շպրտած մարդիկ ընկնում ու թավալում մժեղ որպես,
Միանգամի՜ց կոտորեցի երկու բանակ ամբողջապես։

441 Ի մի եկած ինձ պատեցին, շուրջս պայթեց մարտը ահեղ
Ում որ զարկի՝ էլ չէր կանգնում, խշշում էր խոլ արյան հեղեղ,
Մարդը կիսված՝ հանց վարշամակ իր իսկ ձիուց կախում ե՜ս վար.
Ուր դիմեցի՝ փախչում էին՝ իմ երեսից սարսափահար։