Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանկավարժության և կրթության պատմությունը միանշանակ ցույց է տալիս մանկավարժի և սովորողների իրավունքի և պարտականությունների ուղիղ և անմիջական կախվածությունը հասարակության և պետության կողմից առաջադրված կրթության նպատակներից։ Բանը միայն այն չէ, որ նպատակների փոփոխությունը էականորեն փոխում է նաև մանկավարժական գործունեության բովանդակությունը, դրա իրականացման մեթոդներն ու հնարները։ Հայտնի ձևով փոխվում է կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ողջ համակարգը։ Եվ դա բավականին օրինաչափ է։

Ամեն անգամ, երբ նոր նպատակներ են դրվում կամ ձևափոխվում գոյություն ունեցողները, դրանք կյանքի կոչելու համար պահանջվում են արդյունավետ գործունեության իրականացում և դրան հաջորդող հասարակական հարաբերությունների համակարգ։ Առավել արդյունավետ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են գործունեության համապատասխան նյութական միջոցների, հնարների ու եղանակների միաժամանակյա ապահովում, ինչպես նաև մասնակիցների միջև նորօրյա հարաբերությունների ներդաշնակ ձևավորում։ Սրանք հնարավորություններ են ստեղծում արագ արձագանքել կրթական նոր հարաբերությունների իրավական և օրենսդրական փոփոխություններին։ Եթե կրթական հարաբերությունների սուբյեկտներից որևէ մեկը ընդունակ չէ դրված նպատակին համարժեք վերափոխել սեփական գործունեությունը, իրականության հետ առաջին իսկ առնչության ժամանակ, այդպիսի նպատակը դուրս չի գա բարի կամեցողության փուլից։ Անհրաժեշտ է գործնականում կյանքի կոչել անձի հետաքրքրությունները, կարողությունները և իմացական հարցադրումները՝ կրթական գործունեությանը հարմարեցնելու գաղափարը։ Սակայն շտապողականության և վերոհիշյալները գործնականի վերածման պատրաստ չլինելու պատճառով այդ նորարարությունները շատ դեպքերում վերածվում են նորաձևության, կապված տարբեր տիպի ուսումնական հաստատությունների արտաքին վերափոխումների հետ՝ առանց աշխատանքի բովանդակության և մեթոդների էական փոփոխության։ Ուսումնական հաստատությունը ուսումնական հաստատություն է դառնում միայն իր պրոֆեսորադասախոսական կազմով և ուսանողներով։ Այն կենդանի օրգանիզմ է։

Կրթական հարաբերություններում դեռևս էական տեղաշարժեր տեղի չեն ունեցել։ Ավելին, սոցիոլոգիան արձանագրում է կրթության բարեփոխումների արգելափակման փաստը՝ դասավանդողների կողմից։ Մի կողմից, շատերը անկարող են անցնել ուսուցման նոր ծրագրերի և տեխնոլոգիաների, մյուսներն էլ բացահայտորեն չեն ցանկանում դա անել) (Է. Ֆ. Շերեգի, Վ. Գ. Խարչևա, Վ. Վ. Սերիկով, 73, էջ՝ 54), մյուս կողմից, որոշ բարեփոխումների դրույթների մասին մասնագետների տարբեր առարկաների քննական մեթոդների վերաբերյալ բարձրաձայն քննադատությունները բավարար հիմքեր ունեն։

Բավականին ակնհայտ է մանկավարժական գործընթացն իրականացնող մանկավարժական տեխնոլոգիաների, միջոցների և մեթոդների կապը մանկավարժների և սովորողների միջև գոյություն ունեցող հարաբերությունների համակարգի հետ։ Կրթությունը որպես սովորողների հետ մանկավարժի ստեղծագործական փոխազդեցության վրա հիմնված գործունեություն, մանկավարժության ժամանակակից նվաճումների իմացությամբ հնարավոր կլինի օգտագործել և հաջողությամբ կիրառել՝ միայն մանկավարժի կողմից դրանց գործնական յուրացման և մանկավարժական գործընթացում ուսուցման և դաստիարակության նոր նպատակների կյանքի կոչման դեպքում։ Մանկավարժը, ստեղծագործաբար ընդունելով դասավանդման նորարարական փորձը, միջոցները և գործիքները, մանկավարժական գիտության պահանջները տեղափոխում է իր ալգորիթմ՝ ընդգրկելով դրանք կոնկրետ մանկավարժական խնդիրների լուծմանն ուղղված սեփական գործողությունների կանոններում։ Արդյունքում փոխվում է ոչ միայն համապատասխան ուսումնական նյութի շարադրանքը, այլև, հաճախ նաև մանկավարժների և սովորողների միջև փոխհարաբերությունների համակարգը։ Մանկավարժը, հետապնդելով սովորողների կրթական ցուցանիշների զարգացման նպատակ, առաջնորդվելով նրանց կողմից ուսումնական նյութի յուրացման ճանապարհով, ձգտում է սովորողների հետ հաստատել մանկավարժորեն նպատակաուղղված հարաբերություններ և այդ նպատակներում պարտավոր է գործել որոշակի ձևով։ Միևնույն ժամանակ նոր մանկավարժական տեխնոլոգիաներ օգտագործող մանկավարժները