Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



բ. կրթական հաստատության տիպը և տեսակը,

գ. կրթության աշխատողների և սովորողների կատեգորիաները,

դ. կրթական իրավաստեղծման առանձնահատկությունները,

ե. կրթության ոլորտում վեճերի քննության առնելու կարգը և այլն:


Գլուխ 4.2. Կրթաիրավաստեղծ գործունեությունը

Ինչպես հայտնի է, իրավունքի ցանկացած նորմ, լիազորված պետական և/կամ ոչ պետական մարմինների, պաշտոնատար անձանց իրավաստեղծ գործունեության արդյունք է: Ընդ որում, այդ արդյունքն ունի իր մարմնավորման միանգամայն որոշակի արտաքին ձև՝ այս կամ այն տեսակի նորմատիվ-իրավական ակտի տեսքով՝ օրենք, այլ իրավական նորմատիվ ակտ /ենթաօրենսդրական ակտ/ և այլն:

Կրթության ոլորտում իրավաստեղծ գործունեությունը, չտարբերվելով տեխնիկական-իրավաբանական տեսանկյունից այլ ոլորտների նույնատիպ այլևայլ գործունեություններից, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները: Առանձնացնենք և դիտարկենք դրանցից ամենաէականները:

1. Կրթական իրավաստեղծման առավել կարևոր գծերից են՝

ա. ՀՀ պետական կառուցվածքի ունիտարությունը, և դրանով իսկ գոյություն ունեցող կրթաիրավական օրինաստեղծ իրավասության միամակարդակությունը,

բ. կրթության տարբեր մակարդակների առկայությունը (սկսած նախադպրոցականից մինչև հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթություն): Ընդ որում, կրթաիրավական իրավասություն ասելով հասկանում են օրենսդրությամբ նախատեսված իրավունքների և պարտականությունների հանրագումարը, որն անհրաժեշտ է կրթության համակարգի կամ դրա այս կամ այն սուբյեկտի կողմից, հասարակական-պետական կրթական քաղաքականության շրջանակներում, իրենց կրթական խնդիրներն արդյունավետորեն լուծելու և համապատասխան գործառույթներն իրականացնելու համար:

Գործող ՀՀ Սահմանադրության և կրթական օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայումս, ըստ ունիտարության սկզբունքի, կրթական օրինաստեղծման (օրենսդրության) բնագավառում առանձնացնում են իրավասության երկու՝ հանրապետական և տարածքային՝ կամ մարզային և տեղական ինքնակառավարման հիմնական մակարդակ:

2. Կրթական իրավաստեղծման յուրահատկությունը, ըստ որի կրթության ոլորտում, օրինակ վարչական իրավունքի (կրթության կառավարման հարցերը, կրթության որակի վերահսկումը և այլն), քաղաքացիական իրավունքի (ձեռնարկատիրական գործունեության, սեփականության, կրթական հաստատությունների կազմավորման և վերակազմավորման հարցերը և այլն), աշխատանքային իրավունքի (աշխատանքի ընդունման պայմանները, վարձատրության հարցերը, սոցիալական արտոնությունները և երաշխիքները և այլն) նորմերի կիրառման կարգավորումն իրականանում է նույն կարգով, ինչ՝ իրավունքի համապատասխան բնագավառում:

Կրթական իրավաստեղծման առանձնահատությունը նաև այն է, որ ընդունվող կրթական նորմատիվ-իրավական ակտերի կարգավիճակը, բովանդակությունը և բնույթը կախված են այն բանից, թե հատկապես որ մակարդակի կրթության կարգավորման մասին է խոսքը:

Կրթական ոլորտի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը՝ /իրավաստեղծ, օրինաստեղծ գործունեություն/, նախապատրաստվում են դրված նպատակին, խնդիրներին կամ ընթացիկ, միջանկյալ և երկարաժամկետ ծրագրերին համապատասխան: Նպատակը նախ բխում է կրթության ուսմունքից, ՀՀ կառավարության կրթության ռազմավարական քաղաքականությունից, ապա ձևակերպվում հայեցակարգի տեսքով, որի հաստատումից հետո կազմվում է այն իրագործելու ծրագիր:

Իրավաստեղծ աշխատանքների ընթացիկ նպատակ-ծրագրերը կազմվում են 1 տարի ժամանակով, միջնաժամկետ նպատակ-ծրագրերը, որպես կանոն, կազմվում են երեք և ավելի տարի, երկարաժամկետ նպատակ-ծրագերը՝ 10-15 տարի ժամկետներով: