Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է:

Կրթության մասին օրենքների, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում ՀՀ կառավարության որոշման նախագծերը մշակող պետական լիազոր մարմինը, ի դեմս՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է ՀՀ կառավարության եզրակացությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախագիծը ներկայացնում է ՀՀ կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին (այսուհետ՝ ազդեցությունը գնահատող)՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, ներառյալ՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Եթե նախագիծը մշակել է կրթության և գիտության նախարարությունը, ապա կարգավորման ազդեցության գնահատումը հիմնականում իրականացնում է նախարարությունը:

Նախագիծը մշակող կրթության և գիտության նախարարությունը կամ իրավասու գիտական կազմակերպությունները պետք է իրականացնեն նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում և պարտավոր են ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում՝ 5-օրյա ժամկետում, դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն, որը ներառում է՝

1) կարգավորման արդյունքները.

2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում՝ համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

3) այն դեպքում, երբ ազդեցության գնահատողի կարծիքով և կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է համապատասխան բնագավառի համար, նշված տարբերակը՝ համապատասխան հիմնավորումներով.

4) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.

5) տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաև՝ համեմատական վիճակագրական վերլուծություններ:

Ըստ բնագավառների՝ կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետևանքները գնահատելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև՝ նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: Հանրային քննարկումներն իրականացվում են նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, իսկ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաեւ հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է:

Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։