Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնարավորություն տալիս կոնկրետացնել այն սուբյեկտները, որոնց սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պատասխանատվությունների միջև առաջանում է իրավական թղթակցվող ձևով կապ: Հենց իրավահարաբերությունն է թույլ տալիս որոշելու ոչ միայն սուբյեկտների կազմը, այլև միմյանց հանդեպ նրանց փոխադարձ վարքը, այսինքն՝ իրավահարաբերության ծագումը, ինչը պաշտպանվում է պետական հարկադրանքի միջոցներով:

Կրթության ոլորտի սուբյեկտների միջև իրավունքի նորմերի հիման վրա ծագող բոլոր իրավահարաբերություններն էլ բնութագրվում են նմանատիպ գծերով: Միևնույն ժամանակ, նրանք ունեն իրենց յուրահատկությունները:

Ինչպես արդեն նշվեց, կրթության ոլորտում ձևավորվում են հասարակական հարաբերությունների երկու հիմնական տիպեր՝ բառի բուն իմաստով կրթական պրեցիպիոն կամ առաջնային հարաբերություններ և կոմիտորային, այսինքն՝ երկրորդային հարաբերություններ, որոնք անմիջականորեն կապված չեն կրթական գործունեության (կրթական գործընթացի) իրականացման հետ:

Այսպիսով, կրթության ոլորտի բոլոր իրավահարաբերությունները կարող են բաժանվել համապատասխանաբար երկու խմբի՝

ա/ առաջնային /պրեցիպիոն/ կրթական իրավահարաբերություններ,

բ/ երկրորդային /կոմիտորային/ իրավահարաբերություններ, որոնք ձևավորվում և կապված են կրթական գործունեության (կրթական գործընթացի) կազմակերպման և իրականացման հետ:

Բառի բուն իմաստով կրթական իրավահարաբերությունները (պրեցիպիոն իրավահարաբերություններ) կրթական իրավունքի հիման վրա սովորողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների), կրթական հաստատության և մանկավարժական աշխատողների միջև ծագող հասարակական հարաբերությունների հատուկ ձև են՝ կապված որոշակի մակարդակի և ուղղվածության կրթական գործունեության (կրթական գործընթացի) կազմակերպման, կառավարման և իրականացման հետ:

Կոմիտորային իրավահարաբերությունները վարչական, քաղաքացիական, աշխատանքային, ֆինանսական և իրավունքի այլ բնագավառների նորմերի հիման վրա ձևավորված կրթության ոլորտի բոլոր մնացած իրավահարաբերություններն են, որոնք անուղղակիորեն են ապահովում կրթական գործունեության գործընթացը և արդյունքը, ընդհանրապես կրթության ողջ համակարգի գործառնությունը՝ իրենց գլխավոր նպատակին և հասարակա-պետական կրթական քաղաքականությանը համապատասխան:

Տվյալ դեպքում, մենք հիմնականում ուշադրություն կդարձնենք կրթական իրավահարաբերությունների վրա, քանի որ, ինչպես արդեն ասվել է, հենց դրանք են հանդիսանում կրթության ամբողջ համակարգի իրավական կարգավորման համար առաջնայինը և իմաստ ստեղծողը:

Փաստորեն, կրթական իրավունքի առարկան հասկանալու համար պետք է տարբերել երկա իրար նման հասկացություններ՝

  • կրթական իրավահարաբերություններ,
  • կրթական ոլորտում իրավահարաբերություններ, որոնցից՝

Առաջինն օգտագործվում է որպես իրավահարաբերությունների բնութագրիչ, որը կրթական իրավունքի անմիջական առարկան է, նրա հիմքը՝ որպես հայաստանյան իրավունքի համակարգի ինքնուրույն բնագավառ,

երկրորդը բնորոշում է կրթական ոլորտում իրավահարաբերությունների բոլոր տեսակները:

Ինչպես մյուս, այնպես էլ կրթական իրավահարաբերությունները, ունեն այն բոլոր անհրաժեշտ հատկանիշները, որոնք բնորոշ են «իրավահարաբերություն» հասկացությանը: Ավելին, վերջինս հանդիսանում է ծանրակշիռ տեսական հիմք կրթական հարաբերությունների հասկացման և յուրահատկությունների բացահայտման համար:

Ժամանակակից իրավունքի տեսության մեջ իրավահարաբերությունները դիտարկվում են որպես իրավունքի նորմերի յուրահատուկ յուրացման մակարդակ: Յուրահատկությունն այն է, որ յուրացրած իրավունքի նորմերի հիմքի վրա սուբյեկտը ձևակերպում և արտահայտում է սեփական կամքը: