իրավասուբյեկտության հարցի ճշգրտումն է:
Կրթական հարաբերության մասնակից դառնալու համար սուբյեկտը պետք է տիրապետի իրավունակության և գործունակության /իրավասուբյեկտություն/:
Քանի որ իրավունակությունը հասկացվում է որպես նախատեսված նորմերով կողմի կարողությունը՝ ունենալու սուբյեկտիվ իրավունքներ և կատարել իրավաբանական պարտականություններ, այդ հատկանիշը կախված չէ կողմի իրավական և սոցիալական ակտիվությունից, այլ ներկայացնում է նրա համար ներքին անհրաժեշտություն, որն ամրագրված է գործող օրենսդրությամբ: Պետությունը, ընդունելով օրենքներ, այլև այլ նորմատիվ-իրավական ակտեր, ճանաչում է քաղաքացիներին, կազմակերպություններին, հաստատություններին, քաղաքական համակարգերին և այլ անձանց որպես իրավահարաբերությունների սուբյեկտներ, նրանց տալով հնարավորություն մտնելու այդ իրավահարաբերությունների մեջ՝ գործելու որոշակի ձևով:
Օրինակ, կրթական ոլորտում քաղաքացիներն առանձնանում են իրենց իրավունքներով՝ նրանք կարող են ստանալ անվճար ընդհանուր (լիարժեք) կրթություն, իսկ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվել կարող են միայն մրցութային հիմքով: Միաժամանակ, հիմնական ընդհանուր կրթություն ստացողի վրա դրվում է կրթական պլանով նախատեսված հանձնարարությունները ժամանակին կատարելու պարտականություն և այլն:
Նշանակալի առանձնահատկությամբ է բնորոշվում կրթվողների իրավական կարգավիճակը: Ի դեպ, այդ տարբերությունը նկատվում է ոչ միայն կոնկրետ իրավունքի ու պարտականության բովանդակության, այլև նրանց իրավազորության ու գործելու կարողության մեջ:
Առաջին հերթին կարևոր առանձնահատկությամբ է ներկայանում տարիքը, որով կրթվողը ձեռք է բերում գործունակություն: Իրավունքի բոլոր բնագավառներում (աշխատանքային, վարչական, ընտանեկան, քրեական և այլն) քաղաքացին, համապատասխան հարաբերությունների սուբյեկտ դառնալու համար, պետք է հասնի որոշակի տարիքի: Լիարժեք գործելու կարողությունը ենթադրում է իր գործողություններով ձեռք բերել իրավունքներ ու պարտականություններ, որոնք քաղաքացիների մոտ ծագում են ընդհանուր առմամբ 18 տարեկան հասակում, իսկ իրավունքի որոշ բնագավառներում՝ էլ ավելի վաղ: /Օրինակ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար կարող է ներգրավվել միայն 14 տարեկանը լրացած անձը, կամ 16 տարեկանը լրացածը հանդես գալ որպես աշխատանքային իրավահարաբերությունների սուբյեկտ:/ Բայց կրթական հարաբերության սուբյեկտի գործունակությունը վրա է հասնում ավելի վաղ տարիքում՝ սկզբնական ընդհանուր կրթական հաստատություն ընդունվելու պահից, այսինքն՝ սկսած 6 տարեկանից:
Վ.Ի. Շկատուլլան ենթադրում է, որ կրթական հարաբերությունների սուբյեկտ հանդիսացող 18 տարին չլրացած անձն օժտված է «սահմանափակ գործունակությամբ, որը մշտապես աճում է և փոփոխվում»: Մեր կարծիքով, նմանօրինակ կարծիքը հստակ չի արտահայտում իրերի իսկական վիճակը: Անչափահասներին սահմանափակ գործունակությամբ սուբյեկտներ համարելը կրթական հարաբերությունում կնշանակեր, որ իրենց չբավականացնող իրավունակությունը պետք է իրականացվի ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից, ինչպես քաղաքացիական իրավունքում:
Սակայն ինչո՞վ է կոնկրետ սահմանափակվում կրթվողների գործունակությունը և ինչպե՞ս են կարողանում դրանք լրացնել ծնողները (կամ երեխայի օրինական ներկայացուցիչները), երբ հանրակրթության ծրագրերն ի վիճակի է յուրացնել ցանկացած առողջ երեխա:
Կրթվողը ուսման հենց առաջին օրվանից սկսած տիրապետում է լիարժեք իրավունքների ու պարտականությունների: Նա պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված կարգապահական /վարվեցողության/ խախտումների կամ կրթական ծրագրով նախատեսված առաջադրանքները չկատարելու կամ պատշաճ ձևով չկատարելու համար: Ծնողները (կամ նրանց օրինական ներկայացուցիչները) բացի ուսումնական հաստատության տեսակը որոշելուց և կրթական պայմանագիր կնքելուց զատ, որևէ ձևով չեն մասնակցում կրթական գործընթացին:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ը սահմանում է, որ սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի