Ս.Ս. Ալեքսեևը /97, էջ՝ 159/ միջճյուղային համալիր ինստիտուտներ, Ի.Ֆ.Կազմինը /98, էջ՝ 64/՝ խառը կամ համատեղ ինստիտուտներ, Մ.Վ.Բարանովն ու Ս.Վ.Պոլենինան /99, էջ՝ 21/՝ «սահմանային» ինստիտուտներ, Ե.Ա.Կիրիմովան /100, էջ՝ 17 խառը ինստիտուտներ: Մեր կարծիքով՝ «խառնածին /մետիս/ ինստիտուտներ»:
Ե.Ա.Կիրիմովայի կարծիքով՝ խառը /համալիր/ ինստիտուտները բնութագրվում են հետևյալ գծերով.
«Առաջին հերթին, դրանք դրսևորվում են իրավունքի հարազատ ճյուղերի ազդեցության ոլորտում,
երկրորդ հերթին, խառը ինստիտուտները կազմող նորմերը իրենցից չեն ներկայացնում դրանց մեխանիկական ամբողջություն, որոնք միջնորդավորում են տարատեսակ հասարակական հարաբերությունները, այլ միատեսակ հարաբերությունների ներդաշնակ համաձուլվածք են, որը կազմում է տվյալ ինստիտուտների կարգավորման անբաժանելի առարկան,
երրորդ հերթին, խառը իրավական ինստիտուտները հանդիսանում են իրավունքի մի քանի ճյուղերի ինստիտուտներ» /101, էջ՝ 17-18/:
Համալիր ինստիտուտներն ունեն նաև այլ հատկանիշներ, որոնք թույլ են տալիս դրանք տարբերել ունիտար ինտիտուտներից: Դրանցից են՝
1. մի իրավունքի ճյուղի նորմերը կիրառվում են իրավունքի մեկ ուրիշ ճյուղում,
2. նորմերն ամրապնդվում են այն ճյուղի աղբյուրներում, որը դրանք փոխառում է,
3. նորմերը ենթարկվում են էական վերամշակման, ձևափոխման՝ դրանք փոխառող ճյուղի մեթոդի կամ առարկայի յուրահատկությանը համապատասխան,
4. նորմերը կիրառվում են միայն դրանք փոխառած իրավունքի ճյուղի սահմաններում:
Որպես իրավունքի համակարգի և օրենսդրության համակարգի երևույթ, համալիր ինստիտուտը գոյանում է իրավունքի մի ճյուղի կողմից մյուս ճյուղի նորմերը փոխառելու գործընթացում: Իրավունքի ճյուղը, որի նորմերը փոխառնվում են, պայմանականորեն անվանենք «մայրական», իսկ այն ճյուղը, որի համակարգում գոյանում է համալիր ինստիտուտը՝ «դստրիկ»: Ե.Ա.Կիրիմովայի դիտարկումն այն մասին, որ համալիր ինստիտուտները հանդիսանում են իրավունքի հարազատ ճյուղերի փոխազդեցության արդյունք, չունի սկզբունքային նշանակություն: Իրավունքի համակարգի բոլոր ճյուղերն ունեն ընդհանուր հիմք՝ հարաբերությունների համակարգ, որը կազմում է ժամանակակից քաղաքացիական հասարակության բովանդակությունը, ինչպես նաև ունեն միասնական սահմանադրական հիմք և դրանով իսկ հարազատ են:
Համենայն դեպս, հայկական իրավունքի համակարգը չգիտի իրավունքի որևէ ճյուղ, որը կտրուկ ձևով ներդաշնակված չլինի որևէ իրավունքի հետ: Համալիր ինստիտուտին բնութագրական է «դստրիկ» ճյուղի կողմից իրավունքի «մայրական» ճյուղի նորմերի ամրապնդման փաստը: Ինչպես վերևում նշեցինք, համալիր ինստիտուտներ գոյություն ունեն նաև քաղաքացիական, աշխատանքային, վարչական իրավունքի ճյուղերում: Բացարձակացված նշանակություն չպետք է տալ նաև այն դեպքերին, երբ իրավունքի մի ճյուղի նորմատիվ իրավական ակտերն արտացոլվում են մեկ ուրիշում.
Առաջին հերթին, համալիր ինստիտուտներ չեն ստեղծում իրավունքի հատուկ ճյուղերի համակարգում սահմանադրական նորմերի և սկզբունքների վերարտադրման դեպքերը,
երկրորդ հերթին, իրավունքի մի ճյուղի աղբյուրներում առկա են մեկ ուրիշ իրավունքի ճյուղի նորմերի ուղղակի կրկնօրինակման փաստերը,
երրորդ հերթին, օրինաստեղծ պրակտիկային հայտնի են դեպքեր, երբ համալիր ինստիտուտները զետեղվել են «մայրական», այլ ոչ թե իրավունքի «դստրիկ» ճյուղի աղբյուրների մեջ:
ՀՀ Սահմանադրությամբ հաստատված քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները դնում են իրավունքի ճյուղերի սուբյեկտների իրավական կարգավիճակի հիմքը: Աշխատանքային, ընտանեկան, քաղաքացիական և իրավունքի այլ ճյուղերում քաղաքացիների իրավական կարգավիճակը հիմնվում է ՀՀ Սահմանադրությամբ հռչակված իրավունքների՝ կրթության, աշխատելու, հանգստի, սոցիալական ապահովության, սեփականություն ունենալու իրավունքների վրա: