իրավաբանական-տեխնիկական փորձը, ինչպես ասվել է նախկինում, հանդիսանում է նորմերի պարզ կրկնօրինակում, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն համալիրային ինստիտուտների հետ։
Մ.Վ. Բարանովը և Ս. Վ. Պոլենինան 102. էջ՝ 21՝ իրավացի են, հավաստիացնելով, որ համալիրային ինստիտուտներում իրավունքի մի բնագավառի առարկայի վրա դրվում են այլ բնագավառի իրավական կարգավորման մեթոդի մի շարք տարրեր: Սակայն այս արդարացի իրադրությունը պարզաբանումների կարիք ունի:
Համալիրային ինստիտուտը ստեղծվում է ոչ թե օրենսդրի սուբյեկտիվ ցանկությամբ, այլ օբյեկտիվ պատճառների ուժով, երբ բնագավառի այս կամ այն նորմերը չեն կարող կիրառվել իրենց սկզբնական տեսքով իրավունքի այլ բնագավառի առարկայի ոլորտում՝ համապատասխան հարաբերությունները կարգավորելու համար:
Կամ օրինակ, կրթական իրավունքի համալիրային ինստիտուտներում քաղաքացիական իրավունքի նորմերով կարգավորվող պայմանագրերի տեսակների կնքման կրկնության անհրաժեշտություն չկա: Այս բոլոր պայմանագրերը գործում են կրթական ոլորտում ուղղակի՝ առանց որևէ լրացուցիչ կոնկրետացման:
Այլ բան է այն ինստիտուտը, որով կարգավորվում է ուսումնական հաստատության կանոնադրության բովանդակությունը: Իրավաբանական անձի կանոնադրության ընդհանուր պահանջները չեն ներառում այն բոլոր կարգավիճակները, որոնք պետք է անպայման արտացոլված լինեն յուրաքանչյուր ուսումնական հաստատության կանոնադրության մեջ:
«Կրթության մասին» ՀՀ-ի օրենքի հոդված 27-ը, որը սահմանում է ուսումնական հաստատությունների կարգավիճակը, սահմանում է, որ «Պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
Պետական ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակիս համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ և վճարովի ուսուցում՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:
Պետական ուսումնական հաստատությունն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:
Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև»:
Փաստորեն, սրանով օրենսդիրը էապես մեծացրել է ուսումնական հաստատությունների կարգավիճակների թվաքանակը, որոնք վերաբերում են նաև ուսումնական հաստատությունների կանոնադրությունների տարատեսակ արտացոլումներին, դրանով իսկ ստեղծելով համալիրային ինստիտուտ:
Համանման պատճառներով է պայմանավորված իրավունքի համակարգում այլ համալիրային ինստիտուտների ստեղծումը: Կրթական ոլորտում ամբողջական, համակարգային և լրիվ կարգավորում ապահովելու համար օրենսդիրը հարկադրված էր վերամշակել իրավունքի այլ բնագավառի նորմերի գործադրման մեխանիզմի որոշ տարրեր, առանց որոնց նրանց գործունեությունը կրթական ոլորտում կլիներ քիչ արդյունավետ, իրավակիրառական պրակտիկայում անընդհատ վեճերի տեղիք կտար:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի բոլոր նորմերն ունեն մեկ առանձնահատկություն՝ գործում են միայն կրթական ոլորտում:
Առողջապահության, գիտության, մշակույթի և առարկայական-գործնական այլ բնագավառներում աշխատանքային, քաղաքացիական, վարչական և իրավունքի այլ ճյուղերի նորմերի գործունեությունը ծավալվում է կա՛մ ուղիղ, կա՛մ կոնկրետացվում է օրենսդրության համապատասխան նորմերի օգնությամբ:
Այսպես, «Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված ուսումնական հաստատության ղեկավարի աշխատանքի ընդունման կարգը, չի կարող գործածվել կրթական ոլորտի սահմաններից այն կողմ: