Մասնաճյուղի ղեկավարները նշանակվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Մասնաճյուղերը գործում են իրենց ստեղծող ուսումնական հաստատությունների անունից: Ուսումնական հաստատությունները պատասխանատվություն են կրում իրենց մասնաճյուղերի գործունեության համար:
Ուսումնական հաստատությունները կարող են ստեղծել նաև իրենց հիմնարկները, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 62-ը սահմանում է, որ հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը: Հիմնարկն իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա:
Հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում է այդ գույքը:
Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը:
Պետական ու այլ հիմնարկների առանձին տեսակների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Ինչպես տեսանք վերևում, 1-ին փուլում իրականացվում է հիմնադիր փաստաթղթերի նախապատրաստում և գրանցման համար դրանց ներկայացում իրավասու մարմիններին:
Ուսումնական հաստատությունների գրանցման համար հիմնադիրները պետք է ներկայացնեն 4 փաստաթուղթ՝ գրանցման հայտ, կրթական հաստատություն ստեղծելու մասին հիմնադրի որոշում կամ պայմանագիր, կրթական հաստատության կանոնադրություն, պետական գրանցման համար պետական տուրքի վճարման փաստաթուղթ:
Որպես իրավաբանական անձ գրանցման փուլի անցումից հետո կրթական հաստատությունը ձեռք է բերում ֆինանսատնտեսական գործունեության իրավունք՝ համապատասխան շինություններում ընթացիկ կրթությունը ապահովելով լսարաններով, սարքավորումներով, կրթական և այլ գրականությամբ: Այնուամենայնիվ, կրթական հաստատության կառավարման իրավունքը դեռևս բացակայում է: Վերջինս առարկայանում է լիցենզիա ստանալուց հետո: Կախված ուսումնական հաստատության տեսակից, այդպիսի թույլտվություն տալիս է կա՛մ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ համապաստախան ընթացակարգից հետո, կա՛մ տեղական ինքնակառավարման մարմինը:
Օրենսդրությամբ կարգավորվում են մի շարք առանձնահատկություններ ուսումնական հաստատության լուծարման ընթացակարգով: Առաջին հերթին, հիմնադիրը իրավասու է ուսումնական հաստատության վերակակազմակերպում անցկացնել մի պայմանով, որ վերակառուցումը չբերի սովորողների նկատմամբ պարտավորությունների խախտման, քանի որ հիմնադիրը իր վրա է վերցրել պարտավորություն, որը չի խախտվի վերակազմակերպումից հետո:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 35-ին համապատասխան՝ ուսումնական հաստատությունը լուծարվում է՝
1) հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ,
2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելով՝ կապված դրա ստեղծման ժամանակ թույլ տրված՝ օրենքի կամ իրավական ակտերի խախտումների հետ,
3) դատարանի վճռով՝ առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու դեպքում,
4) ուսումնական հաստատության սնանկության հետևանքով,
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Ուսումնական հաստատությունը լուծարվելիս դրա պարտատերերի պահանջները բավարարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։