Ուսումնական հաստատության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետական և համայնքների բյուջեներն են։
Ֆինանսական լրացուցիչ աղբյուրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները,
2) սեփական միջոցները, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից,
3) ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ։
7. Պետությունը կրթության բնագավառում ապահովում է բարենպաստ հարկային քաղաքականություն։
Ինչ վերաբերում է ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորմանը /«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 47/, ապա այն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Ոչ պետական ուսումնական հաստատության ֆինանսավորման չափանիշները մեկ սովորողի հաշվարկով չեն կարող ցածր լինել պետական համանման ուսումնական հաստատությունների համար պետական չափորոշիչով սահմանված ֆինանսավորման չափանիշներից։
Միևնույն ժամանակ, իր գործունեության ընթացքում առաջացած հասույթը ինքը անձամբ է տնօրինում։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կրթական հաստատությունների կրթական գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Սակայն արդի պայմաններում՝ կապված ուսումնական հաստատությունների ոչ բավարար ֆինանսավորման հետ, նրանց թույլատրված է իրականացնել վճարովի կրթական գործունեություն և ցուցաբերել վճարովի լրացուցիչ կրթական ծառայություններ։
Ոչ պետական կրթական հաստատությունները պետական կրթական չափորոշիչների սահմաններում իրենց գործունեությունը վարում են միայն սովորողների կրթավճարի կամ երեխաների խնամքի և դաստիարակության վճարի հիման վրա։
Գործող օրենսդրությունը թույլ է տալիս բոլոր ուսումնական հաստատություններին զբաղվել նաև սահմանափակ ձեռնարկատիրական գործունեությամբ։ Դա կրթական հաստատությունների ունեցվածքի վարձավճարով հանձնելն է, հետազոտությունների, տարատեսակ կրթական ծառայությունների ցուցաբերումը և այլն։
Ի տարբերություն քաղաքացիական օրենսդրության, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները ներդրվում են տվյալ կրթական հաստատության հոգսերը հոգալու համար։ Միևնույն ժամանակ, հիմնադիրը կարող է տեղական մարմինների հետ միասին վերահսկել ուսումնական հաստատության ֆինանսական միջոցների ծախսերը։ Այս հարցում առաջացող կոնֆլիկտների վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացնել միայն դատարանը։
Ուսումնական հաստատությունների քաղաքացիա-իրավական պատասխանատվության ինստիտուտը էականորեն տարբերվում է քաղաքացիական իրավունքի համանման ինստիտուտից։ Առաջին հերթին, «Կրթության մասին» ՀՀ օրենքը սովորողներին և նրանց ծնողներին զրկում է անորակ կրթություն մատուցելու համար կրթական հաստատությունից պատճառած վնասի գանձման հայց ներկայացնելու իրավունքից։ Այդ իրավունքը վերապահված է միայն պետական մարմնին։ Երկրորդ հերթին, կրթական հաստատություններից գանձվում է միայն անորակ կրթություն ստացած շրջանավարտներին լրացուցիչ նախապատրաստելու համար անհրաժեշտ ծախսերի արժեքը։ Բաց թողնված եկամուտը աշխատավարձի վճարման տեսքով, որը կարող էին ստանալ ավարտականները՝ վերաուսուցման ժամանակահատվածում, չի փոխհատուցվում։
Վերը շարադրվածը վկայում է, որ կրթական իրավունքի համակարգում քաղաքացիական իրավունքի հետ ձևավորվող համալիր ինտիտուտը հանդիսանում է կրթական օրենսդրության օրգանական մասը, որը խոշոր դերակատարում ունի կրթության բնագավառում՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման գործում։